Քունը կյանքի կարևորագույն պրոցեսներից է, որն օգնում է մեզ վերականգնել ուժերը աշխատանքային օրվանից հետո: Գիտնականներն ապացուցել են, որ մենք միջինում քնի վրա վատնում ենք մեր կյանքի 24 տարին, ինչը, իհարկե, քիչ չէ: Սակայն կարևոր է ոչ միայն այն, թե որքան ենք քնում, այլ նաև քնի որակը. այսինքն՝ այն, թե որքան օգուտ է ստանում օրգանիզմն այդ ընթացքում:

«Որքա՞ն պետք է քնել» հարցը միանշանակ պատասխան չունի: Ութժամյա քունը բոլորին չէ, որ պետք է: Մարդկանց մեծամասնությանը բավականացնում է նաև 7 ժամը:

Ներկայացնում ենք Անգլիայի Լաֆբորոյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Հորնի թեզը կանանց քնի վերաբերյալ, ըստ որի՝ կանացի ուղեղը ունի տղամարդուց տարբեր և ավելի բարդ կառուցվածք, այդ պատճառով այն ավելի շատ քնի կարիք ունի: Հենց այդ պատճառով կանայք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն քնի իրենց ռեժիմին:

«Կանանց մոտ քնի պակասը սերտորեն կապված է հոգեբանական ծանրաբեռնվածության բարձր մակարդակի, անպաշտպանվածության զգացողության, ինչպես նաև ջղայնության հետ: Տղամարդկանց մոտ նման կապ չկա»,- նշում է պրոֆեսորը:

Այն հարցին, թե որ ժամին է պետք քնել, ամեն մարդ ինքը կարող է պատասխանել: Խորհուրդ է տրվում պառկել 11.30-ին: Միայն այդպես կարելի կլինի բաց չթողնել խորը քնի համար կարևոր ժամանակը, որը ձգվում է մինչև կեսգիշեր:

Քնի նման ռեժիմը թույլ կտա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից ավելի ակտիվ և գործունյա վիճակի մեջ մնալ գալիք օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, եթե նրանք զբաղված են ակտիվ մտային աշխատանքով և օրվա ընթացքում շատ որոշումներ են կայացնում, ապա նրանց համար նույնպես օգտակար կլինի երկար քունը: Սակայն նույնիսկ այդ դեպքում կանայք ավելի շատ քնի կարիք ունեն:

Իսկ հիմա վատ լուր նրանց համար, ովքեր շատ են տարվում իրենց աշխատանքով իրենց քնի հաշվին կամ զբաղված են ֆիլմեր դիտելով: Եթե այդպիսի մարդիկ քնել են ընդամենը 4 ժամ, ապա կարող են իրենց նույնպես առույգ կամ հանգստացած զգալ: Սակայն քիչ քնած մարդը չի նկատում իր գործունյա լինելու մակարդակի նվազումը, ինչը կարող է բարդ հետևանքների հանգեցնել: Օրինակ՝ խորհուրդ չի տրվում նստել մեքենայի ղեկին, եթե դուք քիչ եք քնել նախորդ գիշեր:

Նման դեպքում պետք է անպայման թեկուզ 20 րոպե քնել օրվա ընթացքում: Դա կօգնի վերականգնել ուշադրությունը:

Իսկ հեշտ քնելու բանաձևը շատ պարզ է: Պետք է ընդամենը բավականաչափ հոգնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել