Մեզնից շատերը գիտեն` ինչ է աչքի թրթռոցը. բոլորս ինչ-որ պահի բախվել ենք այդ խնդրին: Այն, ինչը զգում ենք, մկանային սպազմ կամ նյարդային թռիչք է աչքի շուրջը։ Աչքի թրթռոցը վտանգավոր չէ կյանքի համար, բայց կարող է խոսել առողջական մի քանի լուրջ խնդրի մասին: 

Աչքի մկանի այդ սպազմը կարող է ազդել 1 կամ 2 աչքերի վրա, կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Հազվադեպ կարող է մի քանի օր տևել ինքնուրույն վերանալուց առաջ:

Աչքի թրթռոցի առաջացման ստույգ բացատրություն չկա: Այն սովորաբար կապված է սթրեսի և հոգնածության հետ, նաև կոֆեինի, ալկոհոլի, ծխախոտի չափից շատ գործածման հետ: Աչքի թրթռոցը կարող է պայմանավորված լինել նաև աչքերի չորությամբ, աչքերի չափից շատ լարվածությամբ, ալերգիայով կամ աչքի գրգռվածությամբ: Հաճախ այն տեղի է ունենում առանց որոշակի պատճառի։ Աչքերի այս սպազմն անվաս է և անցավ։

Կան դեպքեր, երբ աչքի թրթռոցն առաջանում է որևէ նյարդաբանական խանգարման պատճառով, ինչպիսիք են՝ բլեֆարոսպազմը (անկանոն թարթում կամ սպազմ) կամ ամիոթրոֆիկ կողային սկլերոզը։ Բլեֆարոսպազմը, որն ավելի բնորոշ է կանանց, քան տղամարդկանց, սովորաբար առաջանում է միջին տարիքում և մինչև ուշ հասունություն։

Եթե ունեք հետևյալ ախտանիշերից մեկը, հնարավորինս շուտ մասնագետի դիմեք․

  • Եթե ձեր աչքերի սպազմը շարունակվում է մեկ շաբաթից ավել,
  • Եթե սպազմն ամբողջությամբ ծածկում է կոպը,
  • Եթե սպազմն ազդում է ձեր ամբողջ դեմքի վրա,
  • Եթե ձեր աչքերը կարմրում են, կամ աչքերից արտազատում է լինում,
  • Եթե ձեր վերևի կոպը սկսում է կախվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել