Մեգաառաջադեմներին

Ես չգիտեմ՝ ում և ումից եք պաշտպանում, բայց, վստահ, որևէ մեկին հայ հասարակությունից պաշտպանելու կարիք չկա: Բայց այ հայ հասարակությանը պաշտպանելու կարիքն արդեն ակնհայտ է, ու ոչ միայն հակառակորդից պաշտպանելու կարիքը:

Չկա այս հասարակության մեջ որևէ դրսևորում, որից դուք տենց մոլեռանդությամբ փորձում եք պաշտպանել տարբեր խմբերի ու անհատների:

Եթե հաշտ չեք այս հասարակության, ժողովրդի հետ, լավություն արեք, գտեք մեկ այլ, ձեզ ավելի հարմար հասարակություն, ազգ, պետություն ու այնտեղ նշանակվեք պաշտոնյա: Ես և ինձ նմանները հիմնային խնդիրներ չունենք հասարակության մեծամասնության հետ: Ինչի հետ էլ համաձայն չեմ, փորձում եմ հասկանալ երկխոսության միջոցով` զերծ մնալով ինձնից տարբեր կարծիք ունեցողներին պիտակավորելուց:

Արհեստականորեն օրակարգ բերված խնդիրներին զուգահեռ կրթական համակարգում կան բազմաթիվ հիմնային խնդիրներ, որոնց մասին հարկավոր է խոսել:

Այդ խնդիրներից մի քանիսի մասին, որոնք հիմա օրակարգում են (ցանկը բաց է, կարող եք ավելացնել):

1. Ֆինանսավորումների մասով

Իմ պատկերացմամբ ՀՀ-ում կրթության և գիտության ներկա պայմաններում յուրաքանչյուր դրամ պետք է ուղղվի գիտության ֆինանսավորմանը և կրթության արդիականացմանը: Յուրաքանչյուր դրամը` բառացի:
Դուք հեղափոխական իշխանություն եք, դուք մանդատ եք ստացել հեղափոխական փոփոխությունների:

Եթե ձեզ համար հեղափոխական փոփոխությունները ոչ առաջնահերթ, նեղ խմբի ճաշակ արտահայտող, փորձարարական ֆինանսավորումներն են, դրա մասին պետք է հստակ ասել, օրինակ՝ այս ոճով.

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում այսօր առաջնահերթություն է փորձարարական արվեստի ֆինանսավորումը, հակասական, մարդու անձնական կյանքի մասին ֆիլմերի նկարահանումը և այլն»:

Եթե հանրության մեծամասնությունը այս փաստի հետ խնդիր չի ունենա, ես ժողովրդավար մարդ եմ. կարձանագրեմ, որ ես այլ կարծիք ունեմ, բայց փոքրամասնություն եմ:

Ուղղակի փոքրիկ հուշում. հայաստանյան հանրությունը չի սահմանափակվում Երևանի կենտրոնի փաբերով: Բերքաբերի բնակիչը, Քաղսիի բնակիչը, Սիսիանի բնակիչը նույնչափ հայ են ու ունեն նույն իրավունքները, ինչ պսևդոառաջադեմները: Եթե դուք հաշտ չեք այս իրողության հետ, կներեք: Ուենենք այն, ինչ ունենք, ու դուք պարտավոր եք արտահայտել մեր բոլորի տրամադրությունները: Կամ կարող եք ձեր ճաշակով ընտրել երկիր ու բնակչություն ու փորձել ձեր ուժերն այնտեղ:

Ինչպե՞ս ավելացնել ֆինանսավորումը: Բազմաթիվ ոլորտի մասնագետներ բազմիցս խոսել/խոսում են այս թեմաներով, ինձնից շատ ավելի գիտակներն ու խելացիները (կարող եք նայել Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում էջը): Վստահ եմ, եթե ոչ բոլոր խոսողները, առնվազն մեծամասնությունը պատրաստ է քննարկել հնարավոր լուծումները և օգնել լուծել առկա խնդիրները:

2. Բուհերում հայերենի դասավանդման մասով

Բուհերում հայերենը պետք է դասավանդվի պարտադիր սկզբունքով:
Առարկան չպետք է կրկնի դպրոցական ծրագիրը, պետք է զարգացնի/ձևավորի մասնագիտական լեզու, որն ի վերջո թույլ կտա հայերենին դառնալ գիտության լեզու:

Չեմ կարծում, որ որևէ ադեկվատ մեկը պնդի, որ այսօր մասնագիտական հայերենի վիճակը բավարար է (խոսքը բոլոր ոլորտների մասին է): Պարտադիրն էլ անհրաժեշտ է, որ, օրինակ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտն ավելի լավ մասնագիտական հայերենի չտիրապետի, քան, ասենք, Տնտեսագիտական համալսարանն ավարտած նույն մասնագետը (որովհետև ԵՊՀ-ում որոշել են, որ հայերենը պետք է, իսկ Տնտեսագիտականում` ոչ) և, ըստ այդմ, մրցակցային առավելություն չունենա աշխատաշուկայում:
Որտե՞ղ, եթե ոչ բուհում ապագա մասնագետը պետք է սովորի մասնագիտական լեզու: Ո՞վ, եթե ոչ պետությունը պետք է կարգավորի այս հարցը:

3. Հայոց եկեղեցու պատմություն առարկայի մասով

Իմ կարծիքով այս առարկայի կոնտեքստում հնարավոր է դասավանդել և ձևավորել պետականամետ և հայաստանակենտրոն մտածողություն: Չգիտեմ` ով և որքանով է ծանոթ առարկայի դասագրքերին (որոնք, անշուշտ, կատարելագործվելու տեղ ունեն), բայց այստեղ շոշափվում են այնպիսի թեմաներ, որոնք չեն կարող դասավանդվել, օրինակ՝ պատմություն առարկայի շրջանակներում:

Իմ դպրոցում, օրինակ, այս առարկան շատ վատ է դասավանդվել: Բայց սա ամենևին չի նշանակում, որ այն պետք է վերացնել: Հանգում ենք նույն խնդրին. որո՞նք են մեր առաջնահերթությունները: Եթե դպրոցը ավարտող աշակերտը հիմնային գիտելիքներ ունենալուն, բազմակողմանի զարգացած անհատ լինելուն և սեփական իրավունքներն ու պարտականություններն իմացող քաղաքացի լինելուն զուգահեռ պետք է ունենա պետականամետ և հայաստանակենտրոն մտածողություն, այս առարկան անհրաժեշտ է թողնել ծրագրում` որպես առանձին առարկա:

4. Դիսկուրսը ձևախեղելու, մանիպուլյացիաների և պիտակավորումների մասին

Առողջ մարդը չի կարող խնդիր ունենալ որևէ մեկի անձնական կյանքի հետ: Այս սեռականության ու անձնական կյանքի դիսկուսը օրակարգ բերվեց արհեստականորեն, ու արդյունքում քննարկվեց երկրի ղեկավարի կողմից ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնում:

Խոսքը Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու փորձերի, նեղ խմբի շահերը սպասարկելու, սեփական հանրությանը չճանաչելու մասին է: Դուք տեսե՞լ եք՝ հարևան Վրաստանում ինչ է կատարվում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որ երկրում և որ տարածաշրջանում եք պատասխանատվություն ստանձնել, թե՞ դուք նախարար կամ ղեկավար եք մի երևակայական երկրում` ձեր պատկերացրած մարդկանցով:

Ես նույնքան դեմ կլինեի որևէ այլ անձի անձնական կյանքի մասին պատմող ֆիլմի պետական ֆինանսավորմանը, որքան դեմ եմ հիմա: Եվ խնդրում եմ, ուշադրություն, խոսքը պետական ֆինանսավորման մասին է, թե չէ ֆիլմ կարելի է և պետք է նկարել ցանկացած թեմայով: Արվեստն էլ պետք է լինի ազատ և առանց ցենզուրայի:

#ազգայինօրակարգ
#ազգայինընկերվարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել