1999թ.-ին նոր էի զորացրվել, այսպես ասած , քաղաքացիական կյանքին ադապտացման փուլում էի դեռ ու ամեն ինչին նայում էի մի քիչ զինվորի աչքերով, մի քիչ թիկունքայինի աչքերով... Վազգեն Սարգսյանի հետ հույսս մեծ էր, քանի որ հենց նա բանակում սկսեց մի բարեփոխում, որը անհավանական էր թվում այդ տարիներին: Նա կարողացավ ուսումը կիսատ թողածներին, կամ ավարտածներին հավաքել այնպիսի զորամասեր, որտեղ պահանջվում էին որոշակի գիտելիքներ... 99-ի հոկտեմբերի 27-ին, չորեքշաբթի էր, դասից ուշ էի դուրս եկել, լրացուցիչ էի նաև պարապում, Երիտասարդականի անցումի մոտ մի տատիկ կար, արևածաղիկի , դդումի սերմեր, մասուր ու նմանատիպ բաներ էր վաճառում, իրեն միշտ բարևում էի, չնայած անծանոթ էր: Տեսնեմ՝ արտասվում է, մոտեցա, բարևեցի.
-Ի՞նչ է եղել,- հարցնում եմ ես...
- Չգիտեմ, ասում են Սերոբիչին ու Վազգենին խփել են...
Այդ օրվանից բեկվեց մեր պետականության այն լայնահուն ճանապարհը, որը որքան լայն էր, այնքան մացառոտ, քարքարոտ ու դժվարություններով լի էր, իսկը այնպես, ինչպես այդ տարիների հանրապետության շատ ու շատ ճանապարհներ...
Մինչև հիմա մտածում եմ, ո՞վ արեց... Ու ինձ միշտ ներքին ձայնս պատասխանում է. «դրսից էր պատվերը...» , իսկ հաջորդ պահին ասում. « Չէ՛, ներսի տականքն արեց, սեփականը խառնեց պետականի հետ»... Ու այսպես արդեն քանի տարի այս երկու պատասխանների միջև ապրում եմ՝ չկարողանալով գտնել մի հարցի պատասխանը . « Լավ, ինչու՞...»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել