Հեղափոխական իշխանափոխությունից հետո մեր երկրում սկսեց ձևավորվել մի հռետորաբանություն, երբ նոր քաղաքական գործիչները ձգտում են վերանալ մեր ժողովրդի թեկուզ վերջին 20 և ավել տարիների քիչ թե շատ ձեռքբերումներից և դրանք հավասարեցնել ոչնչի,մոռանալով և անտեսելով այն հանգամանքը, որ իրենք էլ են գալիս այնտեղից այդ ժամանակվա ծնունդ և դաստիարակություն են կրում և այդ անցյալի ձեռքբերումները և ձախողումները նաև իրենց ծնողների և մերձավորների աշխատանքային և մտավոր արգասիքն են:

Խորհուրդ կտամ զգույշ և նրբանկատ լինել քանի որ անցյալի վրա արձակած յուրաքանչյուր անտեղի և չարդարացված կրակոց կարող է հետ գալ իրենց վրա թնդանոթի տեսքով:Պետության քաղաքականությունը այսպես կոչված «Մաքուր էջից սկսելը» ուտոպիա է և վերադարձ դեպի անորոշություն, որը ունակ է վերածվել քաոսի: Սա կարող է դառնալ իրողություն, եթե չառաջադրվեն լուրջ կառուցողական և մտածված ծրագեր երկրի քաղաքական տնտեսական և սոցալական էվոլյուցիայի համար:Արդյունքում պետությունը չի զարգանում, եթե չասենք դեգրադացվում է:Հատկապես` երբ ընդհանուր բարիքի ստեղծման դոկտրինան փոխարինվում է չնախապատրաստված և մոնիպուլացված ժողովրդական զանգվածների կարծիքով և ներկայացվում է որպես ընդհանուր և միասնական կամքի դրսևորում: Մինչդեռ իրականում այն հեռու է բոլորի և ընդհանուրի կամքի արտահայտումից և արտահայտում է որոշ քաղաքական միավորների և դերակատարների շահը ,ձգտումները իբրև բոլորի և ամբողջի շահ:

Մենք այլևս կարող ենք արձանագրել, որ հասարակությունը մտնում է նախահեղափոխական և հետհեղափոխական միֆերի սննկացման ժամանակահատված: Այդ քաղաքական միֆերը կենսունակ էին այնքան ժամանակ քանի դեռ մարդիկ դրանցում գտնում էին իրենց գործողություննների, հարաբերությունների և ձգտումների ձախողման պատճառները: Սակայն բնավ այլ բան է այդ միֆերի ադապտացումն ու տեղայնացումը մերօրյա քաղաքական իրողություններում: Ներկայիս իշխող քաղաքական ուժը բացարձակ իշխանություն դառնալով զերծ չէ դիկտատուրային բնորոշ գծերից, որի համար էական է դառնում ոչ այնքան պետությունը այլ հենց ինքը ,իսկ այդ «ինքը» և «ժողովուրդը» կեղծորեն նույնականացվում են իր կողմից: Իշխող քաղաքական էլիտան թույլ չի տալիս վիճարկել ժողովրդական կամքի արտահայտիչ լինելու իր բացառիկ իրավունքը և առաքելությունը: Նրանց հեղափոխական պաթոսը արդեն թուլացած, սակայն շարունակում է դեռ պահպանվել և հայ ժողովրդին բաժանել յուրայինների և թշնամիների , դառնալով իրենց սնանկ վարչա-քաղաքական դիլետանտիզմի գերիները:

Շատ է շահարկվում, ուռճացվում և չարչրկվում օրենքն ու իրավունքը: Բարոյական օրենքները, ըմբռնումները հետին պլան են մղվել, անտեսվել, մինչդեռ միմիայն օրենքի ուժով և հեղինակությամբ հնարավոր չէ արդյունքներ գրանցել, ինտեգրել հասարակությունը, կարգավորել և նպատակաուղղել լայն հանրույթներին: Բարոյական օրենքները կարգավորում են մարդ-մարդ, մարդ- հասարակություն բազմաշերտ և բազմապլան հարաբերությունները: Բարոյական ըմբռնումները, խիղճը մարդու հոգևոր կազմության առանցքն է:Հայ ժողովրդի էթնիկ հոգեկերտվածքի մեջ բարոյական չափորոշիչները էական դերակատարում ունեն և այս համատեքստում Եզոպոսի խոսքերը դիտվում են միանգամայն ճշմարտացի. «Ամենից խելացին այն ժողովուրդն է , որի քաղաքացիները ավելի շատ վախենում են հանդիմանությունից, այլ ոչ թե օրենքից» : Համանման օրինակ է , երբ արդարությունը կտրվում է բարոյական, ընտանեկան սրբության արժեսանդղակից և դառնում սին գերնպատակ:Տեղին է մեջբերերել մի պատմություն, երբ մի գավառի իշխան Կոնֆուցիոսի հետ զրուցելիս պարծենում է,որ իրենց գավառում մարդիկ շատ արդարամիտ են և որդին անգամ, հայտնում է իր հոր կատարած գողության մասին:Իսկ Կոնֆուցիոսը ասում է «մեզ մոտ ուրիշ է հայրը թաքցնում է որդուն,իսկ որդին հորը»:Մեր հասարակությունը այսօր առավել քան երբևէ ճիշտ և առաքինի ուղենիշերի կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել