«Ամուլսարի հարցում լիբանանյան «Էլարդ» ընկերության հետ մեծ տեսակապի ընթացքում շոշափված հարցերը խնդրի համատեքստում ստեղծում են թերևս նոր հարցադրման առիթ: Համենայնդեպս, նաև քննարկման ընթացքում Քննչական կոմիտեի ղեկավարին, նաև անմիջական գործով քննիչ Իվանյանին ուղղված հարցերը հիմք են տալիս դիտարկելու, թե արդյոք Ամուլսարի գործն իր այս կամ այն զարգացման պարագայում կարո՞ղ է հանգեցնել նաև իրավապահ համակարգում, մասնավորապես, Քննչական կոմիտեում կադրային աղմկոտ փոփոխությունների: Դրա մասին միարժեք խոսելու հիմքեր կարծես թե չկան, գոնե առայժմ, սակայն արդեն իսկ առկա են հարցեր առաջացնող մի շարք իրողություններ, ընդ որում՝ հարցեր ընդհուպ վարչապետի մակարդակում՝ ինչպես երևաց քննարկումից:

Զուգահեռ, իհարկե, ծավալվեց տեղեկատվությունը քննիչ Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարազատական կապի մասին, որը, ըստ բնապահպանների, կարող էր դեր խաղալ Ամուլսարի հարցում քննչական գործընթացի ղեկավարի վարքագծի վրա, որը շահագրգռված պետք է լիներ դեռևս նախկին իշխանության շրջանում Ամուլսարի գործընթացի ծավալման համար որոշակի պատասխանատվություն ունեցած բնապահպանության նախարար հորեղբորորդուն հանկարծ հարվածի տակ չդնելու համար: Այս դրվագը, սակայն, ինքնին ավելի շատ տեղեկատվական էֆեկտի առարկա է, որովհետև, ի վերջո, խնդիրն այն չէ, թե ում ազգականը կամ հարազատն է Իվանյանը, այլ այն, թե կա՞ն արդյոք հիմքեր և ապացույցներ, որ նա իր գործն արել է վատ:

Առայժմ այդ ամենը ենթադրության, կասկածների, բայց, ինչպես քննարկումը ցույց տվեց, նաև վարչապետի համար առաջացած հարցերի տիրույթում են: Ըստ այդմ, կարո՞ղ են արդյոք կադրային փոփոխություններ լինել ՔԿ-ում, եթե, օրինակ, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը որոշի, որ անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ:

Ընդհանրապես, Ամուլսարի խնդրից վեր, իրավապահ համակարգում կադրային փոփոխության անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանն ինքը խոսել է «Ազատությանը» տված հայտնի հարցազրույցում, որտեղ արձանագրում էր, որ այդ համակարգում աշխատում են նախկինից մնացած կադրեր, դրանից բխող ռիսկերով և հետևանքով: Ընդ որում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ինստիտուցիոնալ ռիսկերի մասին, խնդիրների մասին, անկասկած դրանք առնչվում են նաև հենց իրավապահ համակարգում կադրային բազայի խնդրին: Մյուս կողմից, մեկ այլ լրջագույն խնդիր է այն, թե ինչպես և ումով համալրել կադրային բազան և փոխել այնպես, որ մի կողմից ստացվի արագ և ծավալուն փոփոխության էֆեկտ և, այսպես ասած, ինստիտուցիոնալ ռիսկը հեռացվի, մյուս կողմից՝ ինստիտուտը չհայտնվի կատարյալ վակուումի, անարդյունավետության կամ անկառավարելիության մեջ:

Անկասկած է, որ Ամուլսարի հարցում այդ խնդիրը կարող է դրսևորվել ևս մեկ անգամ, սակայն միաժամանակ հստակ է, որ լուծումները չեն կարող գտնվել այդ դրսևորումից բխող եզրահանգումներում, քանի որ խնդիրը շատ ավելի խորն է և պահանջում է ավելի լայն եզրահանգումներ: Կա՞ն դրանք կառավարությունում, կառավարող ուժի մոտ, իհարկե, համընդհանուր մասշտաբով կադրային լրջագույն դեֆիցիտի պայմաններում: Որովհետև, նաև հեղափոխությունը ցույց տվեց, որ իշխանությունից դուրս ամեն հաջողակ, հեղինակավոր ակտիվիստ կամ ընդդիմադիր գործիչ դեռևս երաշխավորված հաջող ու արդյունավետ պաշտոնյա չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել