Վերլուծություն !

Մաս 2-րդ։

Նախորդ գրառմանս մեջ ներկայացրել էի, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ն /այսուհետ՝ Լիդիան/, հանդիսանալով Ջերսիում գրանցված ընկերություն, չի կարող անմիջականորեն դիմել Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժ համապատասխան միջազգային ներդրումային պայմանագրի բացակայության պայմաններում։ Այդ նպատակով համապատասխան վեճում որպես դիմող կողմ են հանդիսանում Լիդիանի` Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված դուստր ընկերությունները։

Երեկ կառավարության ներկայացուցիչը հարցազրույցի ընթացքում նշեց, որ իր ունեցած տեղեկություններով համապատասխան դուստր ընկերությունները Լիդիանի կողմից ստեղծվել են 2018 թ. օգոստոսին։ Փաստացի, այն ընկերությունները, որոնք արբիտրաժային վարույթում հանդես են գալու որպես դիմող կողմ և վկայակոչում են ՀՀ-ի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտում, Լիդիանի կողմից ստեղծվել են միայն Ամուլսարի հանքավայրի գործունեության խոչընդոտման ժամանակահատվածին զուգահեռ, այսինքն` այն ժամանակ, երբ ակնհայտ էր Լիդիանի և ՀՀ-ի միջև հնարավոր դատական/արբիտրաժային վեճերի ծագումը։ Ընդ որում՝ առաջին հայացքից դրանց ստեղծման նպատակն ակնհայտ է՝ ՀՀ-Կանադայի և ՀՀ-Մեծ Բրիտանայի միջև կնքված միջազգային ներդրումային պայմանագրերի հիման վրա միջազգային արբիտրաժ դիմելը։

Այս կապակցությամբ, ԿԱՐԵՎՈՐ հարց է ծագում. արդյո՞ք Լիդիանի կողմից 2018 թ. օգոստոսին կատարված կորպորատիվ վերակազմավորումը և նշված երկու դուստր ընկերություններով արբիտրաժ դիմելը միջազգային ներդրումային իրավունքի տեսանկյունից չի հանդիսանում «ընթացակարգի չարաշահում» /abuse of process/, և հետևաբար, արդյո՞ք նշված փաստը որպես պաշտպանության միջոց կարող է վկայակոչվել ՀՀ-ի կողմից։ Նշված կանոնի համաձայն՝ երբեմն ի սկզբանե միջազգային արբիրտաժ դիմելու հնարավորություն չունեցող (օրինակ՝ օֆշորայում գոտում գրանցված լինելու պատճառով) միջազգային ներդրողի կողմից իրականացված կորպորատիվ վերակազմակերպումը և դրա արդյունքում ստեղծված դուստր իրավաբանական անձի միջոցով միջազգային արբիտրաժ դիմող ներդրողի (Լիդիանի դեպքում Կանադայում և Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների) գանգատը/հայցը ենթակա է մերժման։

Միջազգային ներդրումային իրավունքում առկա են որոշ նախադեպեր։ Մասնավորապես՝ «abuse of process»-ի առկայությունը ստուգելիս տարբեր միջազգային արբիտրաժային տրիբունալներ անկյունաքարային գործոն են համարել ներդրողի կողմից կորպորատիվ վերակազմակերպման իրականացման ժամկետները և վերակազմակերպման իրական նպատակը (օրինակ՝ Phoenix Action v. Czech Republic, Pac Rim Cayman v. Republic of El Salvador, Levy and Gremcitel v. Republic of Peru, Tidewater et al. v. Bolivarian Republic of Venezuela): Դրա արդյունքում միջազգային ներդրումային իրավունքում ձևավորվել է այն կանոնը, որ, եթե ներդրողը վերակազմավորումն իրականացնում է այն պահին, երբ պոտենցիալ արբիտրաժային վեճը պետության հետ անխուսափելի է, և որի արդյունքում ներդրողը հնարավորություն է ունենում դիմելու միջազգային արբիտրաժին, արբիտրաժային դատարանը ներդրողի գործողությունները կարող է համարել գործընթացի չարաշահում (abuse of process):

Այսինքն` եթե միանշանակ է, որ Լիդիանը 2018 թվականի օգոստոսին ուղղակի դիտավորությամբ ստեղծել է իրավական հիմքեր դիմելու միջազգային արբիտրաժի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ապա առնվազն միանշանակ չէ դրա արդյունքում Լիդիանի հաղթանակը։

Հ. գ. Կառավարությունը մոտ մեկ տարի ուներ հանքավայրի անաչառ և անկողմնակալ փորձաքննությունը պատվիրելուն զուգահեռ Լիդիանի հետ պոտենցիալ արբիտրաժային վեճի համալիր վերլուծություն իրականացնելու համար՝ մանրամասն քննարկելով դրա ընթացքում ՀՀ-ի կողմից օգտագործվող պաշտպանության միջոցները։ Փոխարենը, «արբիտրաժ» բառը դարձել է «դրոշակ»՝ ընդդեմ հանքավայրի շահագործման այլակարծության։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի նրբությունն ու դրա նկատմամբ ձևավորված էմոցիոնալ ֆոնը՝ համապատասխան քաղաքական որոշման կայացման հիմք պետք է հանդիսանան հիմնավորված կողմ և դեմ փատարկները՝ ներառելով ինչպես բնապահպանական և առողջապահական, այնպես էլ՝ իրավական և տնտեսական ասպեկտները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել