Երբ նախորդ գրառումներիցս մեկում նշել էի այն մասին որ պետական կառավարման համակարգում բացակայում է մասնագիտական ինտելեկտը, ինչի արդյունքում քաղաքական համակարգը բացարձակապես համակարգված չէ `նաև սա էի զգում: Պետական ինստիտուտների հետևողական և շարունակական կազմաքանդման շքերթի շրջանակներում հետևողական և դուխով քայլեր են իրականացվում Ազգային ժողովում պետական ծառայության համակարգի ոչնչացման ուղղությամբ: Պարզվում է, որ նոր Հայաստանում ներդրումների չիրականացման և, այսպես կոչված, տնտեսական հեղափոխության ձախողման հերթական պատճառը պետական ծառայության համակարգում գտնվող և «հեղափոխական արժեքներին չդավանողներն» են, ովքեր նման վեհ կոչման են արժանացել միայն իրենց մասնագիտական բարձր որակների, պրոֆեսիոնալիզմի, երկարամյա ստաժի ու աշխատանքային փորձառնության համար: Գործադիր իշխանության համակարգում օպտիմալացման քողի ներքո իրականացված անհասկանալի և անիմաստ քայլերի շարունակությունը դարձան Ազգային ժողովի աշխատակազմում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ կատարվող զանգվածային կրճատումները, որոնք, ըստ էության, ոչ միայն բռնաբարում են պետական ծառայության ամբողջ գաղափարախսությունը, այլև լուրջ վտանգներ ստեղծում օրենսդիր մարմնի բնականոն գործունեության համար: Նման քայլերի շարժառիթն ու նպատակն առավել քան պարզ է ու ակնհայտ. պետական ծառայության համակարգն այսօր, իր թերություններով և բացթողումներով հանդերձ, լուրջ խոչընդոտ է դարձել Ազգային ժողովի աշխատակազմը կրթական ցածր ցենզ ունեցող կամ ընդհանրապես չունեցող, պետական համակարգի և օրենսդիր մարմնի գործունեության առանձնահատկություններին չտիրապետող և «հեղափոխական մակնիշի» ակտիվիստներին հատուկ հատկանիշներ ունեցող անձանցով լցնելու համար: Համաձայնվեք, դժվար է նման բարեփոխիչներին բացատրել, որ պետական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է: Այստեղ սևերի և սպիտակների փնտրտուքը կարող է անդառնալի բացասական հետևանքների հանգեցնել: Պետական ինստիտուտների և մարմինների գործունեության շարունակականությունն ու դա պայմանավորող ինստիտուցիոնալ ու իրավական մեխանիզմների անվերապահ պաշտպանությունը պետք է լինի ցանկացած քաղաքական իշխանության ռազմավարական խնդիրներից` անկախ «սև կամ սպիտակ» լինելու հանգամանքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել