Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ստեղծել էր այն միֆը, թե Հայաստանի բոլոր դատավորները գործադիր իշխանության կամակատարներն են, և երբ վարչապետ դարձավ, պատրաստվում էր վայելել դատավորներին իր կամքը թելադրելու իշխանամոլական հաճույքը։ Գործադիրի թելադրանքով երկրորդ նախագահին կալանավորելու դատավարությունը յուղի պես անցավ, սակայն վերաքննիչ դատարանում իր ուզած արդյունքը չստանալով, երբ մեկ էլ երկորդ նախագահը ազատություն ստացավ, շոկ ապրեց՝ տեսնելով, որ միֆն ու իրականությունը չեն համընկնում, որ ոչ բոլոր դատավորներին կարող է ստիպել իր ուզածը անել։ Եվ ահա, անցած տարվա օգոստոսի 17֊ի հանրահավաքին, երբ մատ թափ տվեց դատավորների վրա, թե քանի գլուխ ունեք, որ ուզածս չկատարեք, Հայաստանում սկիզբ առավ իրական հեղափոխություն՝ մի քանի դատավորների դիմադրությունը գործադիր իշխանության ճնշումներին, և եթե այս հեղափոխական դիմադրությունը հաղթանակի, Հայաստանում դատական իշխանությունն ամբողջությամբ կարող է անկախություն ձեռք բերել։

Սակայն դիմադրությունը դժվար է լինելու, Փաշինյանը պսիխոպատի հետևողականությամբ իր ստեղծած միֆն ուզում է իրականություն դարձնել։

Դատական համակարգի անկախության դիրքերը պաշտպանելու ծանրությունն ընկավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վրա, ով կարողացավ դիմանալ և դիմադրել գործադիր և օրենսդիր իշխանությունների բիրտ ճնշումներին՝ ոստկանություն, ԱԱԾ, պատգամավորներ, դատարանի դուռ փակող ամբոխ, ՍԴ֊ում ներդրված տրոյական ձիու սադրանք և վերջապես հայտնվեց կուկլովոդը՝ վարչապետի հարցազրույցը, որի փողոցային անինտելեկտուալ խոսքին Հրայր Թովմասյանը հակադրեց մտավորական, հավասարակշռված, մասնագիտական հարցազրույցը (երկու հարցազրույցներն էլ՝ մեկնաբանություններում)։ Մի մեջբերում Թովմասյանի խոսքից.

«Ի տարբերություն քաղաքական իշխանությունների՝ դատական իշխանության նկատմամբ անհասցե քննադատությունը տեղին չէ: Դա կարող է լինել խորհրդարանի նկատմամբ, որովհետև այնտեղ քաղաքական թիմ է, և ամբողջ քաղաքական թիմը գործադիրի հետ պառլամենտական կառավարման համակարգում քաղաքական պատասխանատվություն է կրում: Դատական իշխանության պարագայում դա պետք է լինի հստակ և հասցեական: Ընդհանուր քննադատությունը, ընդհանուր տերմինները, հասկացություններն այստեղ անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր դատավոր ինքնուրույն իրականացնում է արդարադատություն, և ինքը մեղավոր չէ, որ կողքի դատավորն այդ արդարադատությունը սխալ է իրականացնում: Գործադիր իշխանությունում ցանկացած նախարար նաև համաչափ պատասխանատվություն է կրում ողջ գործադիր իշխանության համար և եթե կողքի նախարարը վատ է աշխատել, ապա դրա պատասխանատվություն կրողը նաև ինքն է, ինչը չի կարելի ասել դատական իշխանության նկատմամբ, որովհետև որևէ ազդեցություն չունի այս դատավորը, թե կողքի դատավորը վատ է աշխատել, կաշառակեր է, խելքը չի հասնում, արդարադատությունը պատշաճ չի իրականացնում և այլն»:

Մի հարց բոլոր նրանց, ովքեր մասնակցում են Փաշինյանի արշավին․ այն փաստաբանները, լրագրողները, պատմաբանները, բժիշկները, ճարտարապետները և այլն, ովքեր հայտարարում են, թե ամբողջ դատական համակարգը կոռումպացված է, ինչպե՞ս կընդունեին, եթե լսեին՝ բոլոր բժիշկները փողամոլ ղասաբներ են, բոլոր պատմաբանները կեղծարար են, բոլոր լրագրողները ծախված ստախոսներ են, բոլոր ճարտապետներն անբարեխղճ են, բոլոր փաստաբանները կոռուպցիայի միջնորդ են և այլն։ Եթե իրենք իրենց իրոք այդպիսին չեն համարում, պետք է որ նեղվեն և պետք է որ ավելի նեղվեն, երբ իրենց բարեխիղճ աշխատանքը զրպարտեն։

Անաչառ դատավորն այսօր ամենաանպաշտպան իշխանությունն է, ում կարող են փռել ասֆալտին ոստիկանի անհոգ հայացքի ներքո։

Ուրեմն, եթե Հայաստանում ժողովրդավարությամբ մտահոգ անձինք կան, ովքեր հավատում են, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հիմքն անկախ դատական համակարգն է, պետք է ակտիվորեն պաշտպանեն այն դատավորներին, ովքեր, հետևողականորեն դիմադրելով գործադիր իշխանության ճնշումներին, կերտում են դատական իշխանության անկախությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել