Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:

Միաժամանակ, սննդային թունավորումների առաջացման տեսանկյունից վտանգավոր է արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացումը:

Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ դառնալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

սննդամթերքը (միրգ, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

պահպանել մթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք:

Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակ, փքաբլիթ, խորոված, քաբաբ և այլն:

Ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր:

Սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով:

Առանձնացնել հում մթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակ, ափսե, տախտակ:

Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցան, միրգ, բանջարեղեն և այլն):

Սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում:

Պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը պետք է ուշադիր լվանալ և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ:

Հետևել ձեռքերի հիգիենային՝ լվացվել հաճախակի, և պարտադիր` յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել