Iravunk.com-ը գրում է.

Այսօր արյան դոնորի միջազգային օրն էր եւ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս  պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ արյունատվության հերթական ակցիան, որին մասնակցեցին ինչպես պատգամավորներ, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներ: Ուշագրավ է այն, որ արյունատվությանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ հետեւյալ գրառումն է կատարել. «Վստահ եղե՛ք՝ Ձեր հանձնած արյունը կյանքեր է փրկելու»: Իհարկե, վստահ կլինեինք, նույնիսկ կգովեինք եւ կհուզվեինք նախարարի այս քայլից, եթե իրականությունը հենց իր իսկ շուրթերից ամիսներ առաջ հայտնի չլիներ, որովհետեւ եթե մեկ ուրիշի արյունը կարող է կյանքեր փրկել, ապա նախարարի արյունը, ցավոք, կարող է կյանքեր վտանգել, այդ թվում՝ իր կյանքը, քանի որ մասնագետների պնդմամբ՝ նման հիվանդություն ունեցողների համար արյունատվությունը կարող է ճակատագրական լինել, ինչպես նաեւ այն կիրառելի չէ:

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանի բանակից ազատվելու պատճառների մասին մամուլում լայն քննարկումներից հետո՝ նախարարն անձամբ էր մանրամասնել իր հիվանդության մասին: Նախարարը մասնավորապես նշել էր. «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, 19 916 զորամաս, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով: Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»: Ավելին՝ նախարարը նույնիսկ լրագրողներին էր ցույց տվել այն դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար:

Այսպիսով՝ պարբերաբար «Կոլխիտին» դեդամիջոցն օգտագործող եւ երիկամների խնդիր ունեցող նախարարն ինչպե՞ս կարող է դառնալ դոնոր, «Իրավունքը» փորձեց պարզել Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանից:

- Պարոն Դանիելյան, նախապես ստուգվո՞ւմ է արյուն հանձնող պաշտոնյաների արյունը:

- Տարբեր ձեւեր են իրականացվում: Լինում է, որ ստուգում են, հետո են վերցնում, բայց հիմնականում վերցնում են ամբողջականը:

- Օրինակ, պաշտոնյաներից մեկը երիկամների հիվանդություն ունի եւ պարբերաբար «Կոլխիտին» դեդամիջոցն է օգտագործում: Ինչպե՞ս կարող է արյան դոնոր լինել:

- Սա մասնավոր ինֆորմացիա է, որը  որեւէ մեկն իրավունք չունի Ձեզ հետ կիսելու եւ ասի՝ Պողոսյան Պողոսը երիկամի խնդիր ունի, Պետրոսյան Պետրոսն էլ ինչ դեղամիջոց է օգտագործում: Կրկնում եմ՝ սա մասնավոր ինֆորմացիա է, որը չեմ կարողանա տալ Ձեզ:

- Եթե չմասնավորեցնենք, օրինակ ինչպե՞ս է արվում՝ արյունը վերցնում են ամբողջական, հետո նո՞ր են ստուգում:

- Արյունը վերցնում են ամբողջական կամ եթե ինքն ասում է, որ հիվանդ է, չեն վերցնում որեւէ արյուն: Դոնորը պետք է հայտնի բժշկուհուն իր հիվանդության մասին: Բժշկուհին ինչ իմանա, նա չի կարող բոլորի ամբուլատոր քարտը նայի, իմանա նրանց հիվանդության պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել