Artsakhpress.am-ը գրում է.

Մոնթե Մելքոնյանի զոհվելու պատճառները Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ինձ հետ կապելու փորձերը առնվազն զառանցանք եմ համարում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառանալով Արցախի տարբեր համայքներում բնակչության հետ ակտիվ հանդիպումներ սկսած Ս. Բաբայանի՝ այդ մասին կատարած հայտարարությանը:
 
«Բաբայանը նախ ստորաբար հայտարարում է, որ այդ օպերացիայի մասին տեղեկացված չէր՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ պատերազմում ունեցած բոլոր հաջողությունները միայն իրենն են, իսկ այսպես կոչված անհաջողությունները՝ մյուս գեներալներինը: Արդյո՞ք դա արդար է, արդյո՞ք դա հերոս մարդու պահվածք է:
 
Նախ Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրը, որպեսզի պատկերացնեք քարտեզի վրա, որը ներկայացնում եմ հանրության ուշադրությանը՝ որպես անհերքելի փաստ, իմ հրամանատարական կետից գտնվում էր 15,5 կմ հեռավորության վրա: Երկրորդ՝ Մոնթե Մելքոնյանը զոհվել է մարտական խնդիրը կատարելուց հետո, երբ արդեն վերադառնում էր:
 
Նշեմ, որ թշնամու «БМП 1» զրահատեխնիկան, որը, ցավոք սրտի, մնացել էր թիկունքում և դարձել է լեգենդար հրամանատարի զոհվելու պատճառը, պատերազմի ընթացքում միակ դեպքը չէ: Այդպիսի դեպքեր ունեցել ենք նաև շատ այլ բնակավայրերի ազատագրման ժամանակ, երբ ռազմագործողությունների ավարտից հետո պարզվում էր, որ թիկունքում հակառակորդի զինված խմբեր կամ զրահատեխնիկա է մնացել՝ իր անձնակազմով: Ի վերջո, պահպանված է նաև իմ և Մոնթեի միջև կայացած վերջին ռադիոկապի ձայնագրությունը, որտեղ մանրամասներ եմ հաղորդում նրան մեր ունեցած որոշ հաջողությունների մասին, քանի որ, հաշվի առնելով կապի ոչ հուսալի պաշտպանությունը, չէի կարող ավելին ասել: Ի դեպ, առաջին ագամ ցանկանում եմ հայտարարել, որ Մոնթե Մելքոնյանին սպանած այդ նույն «БМП 1» զրահատեխնիկան Ասկերանի պաշտպանական շրջանի մարտիկների կողմից ոչնչացվել է Ակնայի ազատագրման ժամանակ:
 
Նույնը կարող եմ ասել նաև Ասկերանի տանկ-հուշարձանի հետ կապված Սամվելի հոխորտանքների մասին, որտեղ առաջարկում է իմ արձանը կանգնեցնել: Այո, իրականում ժամանակին մեր սակրավորները տեղանքը չեն կարողացել ամբողջությամբ ականազերծել, թեև ինձ զեկուցել էին, որ առաջադրանքը կատարվել է: Բայց Սամվել Բաբայանը երևի մոռացել է, որ մեր ականազերծող սարքերը բավարար որակ չունեին և միշտ չէր հաջողվում խնդիրը պատշաճ կատարել: Ինչո՞ւ է հանկարծ էժանագին դիվիդենտներ հավաքելու համար այսքան ստորության գնում: Իսկ քանի՞ տեղում էր պետք նրա արձանը կանգնեցնել, խոսե՞նք դրա մասին, ինչո՞ւ է արժեզրկում ամեն ինչ:
 
Խոսում է մարտական հրամանատարներից Վանքեցի Յուրայի, հինգերորդ պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի կամ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունների մասին: Կա՞ մեկը, որ այդ ժամանակներում ապրում էր Արցախում ու կառարկի, որ Սամվել Բաբայանը բացարձակ իշխանություն ուներ: Այսինքն ուզում էր, որ այդ սպանությունները բացահայտվեին և չէ՞ր կարողանում: Իսկ գիտե՞ք ինչու չեն բացահայտվել, որովհետև այդ բոլոր հանցագործությունների մեջ ինքն անձամբ մեղսակից էր: Ու այսօր նրա ցինիզմն այն աստիճանի է հասել, որ մայրաքաղաքի կենտրոնում Հանրապետության նախագահի նկատմամբ տեռորի կազմակերպման մասին ևս հրապարակավ հերքում է, թե իբր ինքը դրա հետ կապ չի ունեցել… Որ իր ամենակարողության ժամանակներում Արցախում տիրող ամենաթողության, իրականացվող ամենօրյա ճնշումներից ու բռնություններից տեղյակ չէր»,- ասել է Վիտալի Բալասանյանը և համոզմունք հայտնել, որ իրավական դաշտում Ս. Բաբայանը, այնուամենայնիվ, պատասխանատվություն կկրի իր կատարած ու անպատիժ մնացած հանցագործությունների համար: 
 
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե ինքը Ասկերանի բերդի պարիսպների հետևում թաքնված հրամանատար լիներ, ինչպես որ իրենից մշտապես քսան կիլոմետր խորքում գտնվող Սամվել Բաբայանն է որակում, ապա ինչպե՞ս է ստացվել, որ Քարվաճառի առաջին օպերացիայի ժամանակ, Դրմբոնում ստեղծված շտաբի կոորդինացնող հրամանատարն էր: Կամ 1994թ.-ի հունվարին ինչպե՞ս է իրեն վստահվել Քարվաճառի ազատագրման վերջին օպերացիան, երբ թշնամին հարձակողական ռազմագործողություններով այդ ուղղությամբ բավականին առաջխաղացում էր ունեցել: Վերջապես հրադադարի պայմանագրի կնքումից հետո Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո շուրջ վեց տարի շարունակել է բանականաշինության պատասխանատու գործով զբաղվել: Ինչո՞ւ Սամվել Բաբայանը Վիտալի Բալասանյանին կամ մյուսներին չի հեռացրել ծառայությունից ապաշնորհ կամ ձախողված հրամանատարներ լինելու համար: Ու հանկարծ քսան տարի անց «թարմացրել է մշուշված հիշողությունը» ու որոշել ժողովրդի առաջ հայտարարել, թե ինչ վատ տղերք են «կոլխոզի նախագահ» այդ գեներալները, որ զորքը տարել «կոտորել են»…
 
«Շատ խիստ կերպով ուզում եմ հակադարձել Սամվել Բաբայանին ու ասել, որ ինչքան էլ մեծ լինի անձնական շահը, զորքի հանդեպ չի կարելի այդ աստիճան անհարգալից գտնվել ու անվայել արտահայտվել: Ինչ վերաբերում է կոլտնտեսության ղեկավարի առաքելությունը փնովելուն, ասեմ, որ դա ուղղակի մակարդակի հարց է, քանի որ կոլխոզի նախագահները մեր երկրի համար արդյունք ստեղծող մարդիկ էին, ովքեր հասարակության կողմից մեծ հարգանք էին վայելում:
 
Այսքանով հանդերձ, ասեմ հետևյալը, որ Սամվել Բաբայանը դրսևորում է զինվորականին ոչ վայել պահվածք, շարունակ ստում է, աջ ու ձախ փնովում, անպատասխանատու հայտարարություններ անում, դրա համար էլ բոլորս ականատեսն ենք, որ այսօր նրա կողքին ոչ թե մարտական ճանապարհ անցած տղաներ են կանգնած, այլ նախկինում տարբեր հանցագործությունների մեջ մեղադրված, հասարակության մեջ բարոյական ցածր արժեքներ կրող անձինք, որոնց հետ գուցե նա իրեն շատ ավելի լավ է զգում… Ցավում եմ»,- իր խոսքը եզրափակել է Վ. Բալասանյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել