Բարձր կալորիականությամբ նախաճաշն ու ցածր կալորիականությամբ ճաշը կարող են շատ ավելի արդյունավետ վերահսկել շաքարի պարունակությունը երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց արյան մեջ, քան ցածր կալորիականության նախաճաշն ու բարձր կալորիականության ճաշը։ Այս եզրահանգման են եկել Երուսաղեմի հրեական համալսարանի գիտնականները։

Հետազոտության մասնակիցները բաժանված էին երկու խմբի՝ «B սնունդ» (բարձր կալորիականության նախաճաշ ու ցածր կալորիականության ճաշ) եւ « D սնունդ» (ցածր կալորիականության նախաճաշ ու բարձր կալորիականության ճաշ)։
Արդյունքները ցույց տվեցին, որ սնվելուց հետո «B սնունդ» խմբի հիվանդների արյան մեջ շաքարի պարունակությունը 20 տոկոսով քիչ էր, իսկ С-պեպտիդի եւ GLP-1-ի պարունակությունը՝ 20 տոկոսով ավելի շատ, քան «D սնունդ» խմբում ընդգրկվածների մոտ։

Չնայած այն բանին, որ սննդի երկու տեսակն էլ հավասարաչափ կալորիաներ են պարունակում, «B սնունդը» հանգեցրեց նրան, որ շաքարի պարունակությունն արյան մեջ 21-25 տոկոս անկում ապրեց, իսկ ինսուլինն աճեց 23 տոկոսով։

Այս արդյունքները ցույց են տալիս, որ սնվելու ժամի փոփոխություններն ազդում են ինսուլինի ընդհանուր մակարդակի վրա եւ կարող են հանգեցնել արյան մեջ շաքարի պարունակության շեշտակի նվազմանը։

Սա կարող է վճռորոշ դեր խաղալ բալանսի կարգավորման եւ երկրորդ տիպի դիաբետով հիվանդների մոտ բարդությունների կանխարգելման գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել