1in.am-ը գրում է.

-Պարոն Կոլերով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նշել, որ այս տարի սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի այցը Երևան, ապա նաև իր այցը Մոսկվա։ Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլն ինչպե՞ս եք գնահատում։

Վերջին կես տարվա ընթացքում Ռուսաստանը Հայաստանով զբաղվում էր ավելի շատ, քան սովորաբար։ Բարձր մակարդակով շփումներն ավելի հաճախ էին տեղի ունենում, քան նախկինում։ Ռուսաստանը հարաբերությունները պահպանելու համար արել է առավելագույնը։ Բայց Հայաստանի կողմից արվող հայտարարությունների ժամանակն անցել է, Հայաստանը ցուցադրաբար արհամարհում է Ռուսաստանի դիրքորոշումը մի շարք հարցերի շուրջ։

Առաջին հարցը. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։ Երկրորդ հարցը. անցյալ տարվա վերջում ձեր վարչապետը հայտարարեց, որ սպասվում է և կա պայմանավորվածություն աննախադեպ մի հարցի շուրջ։ Մոսկվան այնքան զարմացած էր, որ լռում ու սպասում էր մանրամասների, բայց մանրամասներ այդպես էլ չեղան։ Այդ ամենը խոսում է այն մասին, որ Երևանը երբեմն օգտագործում է ռուսական գործոնը ընդամենը հռետորաբանության, խոսքային ու ցուցադրական հետաքրքրությունների համար և չի շարունակում այդ հայտարարությունները ամրապնդել իրական գործողություններով։ Բայց հայտարարությունների ժամանակն անցել է։ Ռուսաստանը գնաց Հայաստանին ընդառաջ և որևէ հապաղում թույլ չտվեց ռազմական հարաբերություններում։ Դուք գիտեք, որ մայիսի կեսերին, անմիջապես Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, Ռուսաստանը շարունակեց պահպանել ռազմական հարաբերությունները, որովհետև ռազմական հարաբերությունները ազգային հետաքրքրությունների շրջանակներում են՝ ցանկացած իշխանության ղեկին։ Բայց ես համոզված չեմ, որ Ռուսաստանի կողմից արված այդ մեծ լավությունը Հայաստանում ըստ արժանվույն գնահատեցին, որովհետև երբ Ռուսաստանը իր մտահոգությունը հայտնեց Քոչարյանի գործի հետ կապված, այդ մտահոգությունը շատ կոպիտ ձևով արհամարհվեց։ Ստացվում է, որ գրկախառնման համար նախատեսված ձեռքերը միայն մի կողմից են սեղմվում, այլ ոչ փոխադարձ հետաքրքրությունների համար և դա լավ չէ։ Ես կարծում եմ, որ Քոչարյանի գործոնը բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա և շարունակելու է ազդել, երբեք չի դադարելու բացասաբար ազդել։

-Հայաստանի իշխանությունների տեսակետն այս հարցի շուրջ այն է, որ դա մեր ներքին խնդիրն է, դա առնչվում է Հայաստանում տաս տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին և ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ինչո՞ւ Մոսկվան այդ փաստը չի ընդունում։

-Մոսկվան այդ գործը համարում է քաղաքական հետապնդում և ավելին՝ ցանկացած բանական մարդ այդ մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալման հետ կապված, չի կարող չհամարել աբսուրդ։ Գործող նախագահը հեղաշրջում է արել ինքն իր դե՞մ։

-Իր դեմ չէ, իր ցանկացած թեկնածուին, իր իրավահաջորդին իշխանության բերելու համար։

-Եթե ուշադիր կարդաք մեղադրանքը, ապա դա աբսուրդ է, այդ պատճառով էլ այն շարունակում են լրացնել այլ մեղադրանքներով։ Մարդը, որը գտնվում է իշխանության ղեկին, ինքն իր դեմ պետական հեղաշրջում իրականացնել չի կարող։ Ինքներդ մտածեք, եթե այդպես լիներ՝ դա հրաժարական կնշանակեր։

Այդ ամենը մեզ ստիպում է մտածել, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության փաստացի հիմնադիրը, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ճարտարապետը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Նա ուղղակի մարդ չէ, նա հայ-ռուսական երկկողմ հարաբերություների հիմնադիրն է գուցե ավելի շատ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ահա, թե ինչի մասին է խոսքը։ Դուք փողոցում ինչ-որ տատիկի չեք հետապնդում, դուք հետապնդում եք մի մարդու, որը մեծ դերակատարում ունի երկկողմ հարաբերություններում։ Եթե մենք դաշնակից չլինեիք, դա ձեր ներքին հարցը կլիներ։ Երբ դուք մեր ռազմական մասնագետների հետ ռազմական հարաբերություններ եք հաստատում, չեք ասում, չէ՞, թքած, թե ինչ եք քննարկում, դա մեր ներքին հարցն է, եթե ձեր ներքին խնդիրն է, մեզնից ռազմական օգնություն մի խնդրեք, եթե խնդրում եք՝ նշանակում է պետք է, որտե՞ղ է սկսվում ու ավարտվում ձեր հպարտությունը։ Երկակի ստանդարտներ եք կիրառում, այդպես չի կարելի։

-Այսինքն՝ դուք նշում եք, որ եթե Քոչարյանի նկատմամբ լինի ազատազրկման դատավճիռ, դա Ռուսաստանի կողմից հետևանքներ կունենա՞, ի՞նչ քայլերի կդիմի Մոսկվան։

-Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա Քոչարյանի գործը՝ Ռուսաստանի և Հայաստանի գործող իշխանությունների հարաբերությունները կմինիմալիզացվեն։ Եթե Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն արհամարհեն Ռուսաստանի դիրքորոշումը կարևոր քաղաքական հարցի շուրջ, դա նշանակում է, որ Հայաստանը հետաքրքրված չէ բարեկամանական ազնիվ հարաբերություններով։ Այժմ Ռուսաստանը բազմաթիվ ավանսներ է տալիս Հայաստանին, բայց դա անվերջ լինել չի կարող, առանց փոխադարձ վերաբերմունքի չի կարող լինել։ Ռուսաստանը համբերատար է, բայց արդյունք անպայման կլինի, նկատի ունեմ՝ բացասական արդյունք։ Եթե դուք արհամարհեք այս հարցի շուրջ Ռուսաստանի հետաքրքրությունները, ապա կմնաք մենակ։ Եթե դուք արհամարհեք Ռուսաստանի հետաքրքրությունները որպես ձեր հիմնական, ռազմական դաշնակցի՝ դուք կմնաք մենակ, առանց ռազմական դաշնակցի ընդհանրապես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել