Հարավկորեական Samsung ընկերությունը երկար սպասված շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Galaxy Fold հեղափոխական ծալովի սմարթֆոնը, որը մեկ սարքում միավորում է սմարթֆոնի և պլանշետի հնարավորությունները:

Ինչպես ներկայացրել է ընկերության փոխնախագահ Ջասթին Դենիսթոնը, հեղափոխական գաջեթն ունի 4.6 դյույմ անկյունագծով էկրան, որը բացվելով վերածվում է 7.3 դյույմ էկրանով պլանշետի: Այն ներկայանում է մի քանի երանգներով՝ երկնագույնի, կանաչի, սևի և կապույտի համադրությամբ:

Նորագույն գաջեթը կարելի է կիրառել նաև որպես տեսախցիկ, որը չի վնասվում ծալվելու ժամանակ: Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվել է, թե ինչպես է աշխատում սմարթֆոնը և ինչ հնարավորություններ է ընձեռում, ինչպես, օրինակ, գիրք կարդալ, ֆիլմ նայել և տեսազանգեր անել կամ այդ բոլորը միաժամանակ:

Galaxy Fold մոդելն ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցվող հիշողություն, ինչպես նաև համալրված է 6 տեսախցիկի համակարգով:

Galaxy Fold-ը վաճառքում կհայտնվի ապրիլի 26-ին և կարժենա 1980 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել