Azatutyun.am-ը գրում է.

Իրանը կոչ է անում ԵՄ պետություններին արագացնել ամերիկյան պատժամիջոցները շրջանցող վճարման համակարգի` INSTEX-ի գործարկումը:

Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Չնայած INSTEX-ը արդեն պաշտոնապես գրանցվել է, առայժմ որևէ լուրջ հաջողություն չկա: Մենք հասկանում ենք, որ այդ կազմակերպության գրանցումը առաջին քայլն էր, բայցևայնպես ակնհայտ է, որ գործընթացը դանդաղում է: Մենք խնդրում ենք եվրոպական պետություններին գործնական քայլեր ձեռնարկել վճարումների մեխանիզմի աշխատանքի մեկնարկն ապահովելու համար», - նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը` հավելելով․ - «Թեհրանը անվերջ սպասել չի կարող»:

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ ստեղծված INSTEX-ի նպատակը Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների շրջանցումն ու Թեհրանի հետ կնքվող գործարքների համար այլընտրանքային վճարումների համակարգի ստեղծումն է: Այս խնդիրը հրատապ դարձավ այն բանից հետո, երբ արգելափակվեց իրանական բանկերի աշխատանքը միջազգային վճարումների SWIFT համակարգի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել