ԱՄՆ պետքարտուղար Մ. Պոմպեոն սկսել է իր մերձավորարևելյան շրջագայությունը, որի ընթացքում այցելելու է տարածաշրջանի 8 երկիր։ Այցի նպատակներից հիմնականը նոր մերձավորարևելյան ռազմական ալյանսի ձևավորումն է (մերձավորարևելյան ՆԱՏՕ), որի ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս անցյալ տարի։ Բացի այդ՝ քննարկվելու է նաև Սիրիայի ճակատագիրն ԱՄՆ ԶՈւ ծրագրվող հեռանալուց հետո։

Նույն ժամանակ տարածաշրջանում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ. Բոլթոնը, ով սկզբից այցելեց Իսրայել, իսկ երեկ ժամանեց Անկարա, որտեղ այսօր նախատեսվում են բանակցություններ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման նախապայմանների շուրջ։ Հիշեցնեմ, որ ամերիկացիները երկու պայման են դրել Թուրքիայի առջև՝ շարունակել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ (ԻՊ) և պաշտպանել տեղի քրդական զորամիավորումներին (որոնց Թուրքիան, բնականաբար, համարում է ահաբեկիչներ)։

Բանակցությունները բարդ են լինելու։ Այդ մասին է հուշում թուրքերի կողմից վերջին օրերի ներքին ու արտաքին քարոզչությունը։ Այդ համատեքստում էլ երեկ Էրդողանն իր հերթական հոդվածն է հրապարակել New York Times-ում, որտեղ «խոստացել է» ապահովել Սիրիայում խաղաղություն և կայունություն՝ պնդելով, որ ունի դրան հասնելու սեփական ծրագիրը։ Իմիջիայլոց, հոդվածը լի է փաստակ սխալներով, ինչպես նաև քարոզչական բնույթի պնդումներով։ Այսպես օրինակ. հոդվածում Էրդողանը պնդում է, որ Թուրքիան է առաջինը սկսել ԻՊ դեմ պայքարը։ Մինչդե, եթե հիշում եք, հենց Թուրքիան էր ԻՊ և այլ ահաբեկչական կառույցների գլխավոր «սեփականատերերից» մեկը (տե՛ս իմ մանրամասն հոդվածն այս թեմայով՝  այստեղ

Տեսնենք, թե ինչպես կընթանան բանակցություններ, բայց մի բան հաստատ է․ Թուրքիան էս պահին ամեն ինչ անելու է, որպեսզի ստանա «Սիրիայի մանդատը», ինչին ոչ բոլորն են համաձայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել