Ժամանակին հանրության սեփականությունը դարձավ Արցախի հարցի կարգավորման մի տարբերակ, որն իր հեղինակի անունով կոչվեց «Լավրովյան նախագիծ»: Նախագիծը նախորդներից տարբերվում էր նրանով, որ այդտեղ Արցախին որոշակի կարգավիճակ շնորհելու դիմաց ազատագրված 7 տարածքների փոխարեն առաջարկվում էր Ադրբեջանին հանձնել 5 տարածք: Այս տարբերակի համաձայն՝ հայկական կողմը պահում էր Հայաստանն Արցախին միացնող երկու տարածքները, իսկ Ադրբեջանին էր հանձնում Արցախի Հանրապետության հարավային ու արևելյան բաժիններում գտնվող հինգ տարածքները: Այդպիսով Արցախը, կորցնելով Իրանի հետ երկար սահմանն ու նաև արևելքում անվտանգության գոտին, հայտնվելու էր Ադրբեջանի պաշարման օղակում: Լավրովյան նախագիծն իրականություն չդարձավ, քանի որ, ինչպես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է ուրբաթ օրը պատմել ռուսաստանցի լրագրողներին, դրան կտրուկ «ո՛չ» էր ասել Սերժ Սարգսյանը:

Լուկաշենկոյի հարցազրույցի հրապարակման և Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատարած հայտարարությունների զուգադիպումը պատահական չի կարող համարվել: Ըստ պաշտոնական հրապարակումների՝ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպումներում մանրամասն քննարկել է նաև Ղարաբաղյան հարցի կարգավորումը, իսկ վերջում «կառուցողական» է համարել Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը:

Կարելի է ենթադրել, որ Արցախի հարցի կարգավորման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուսանցքում հայտնված Ռուսաստանը փորձում է հարցի կարգավորման նախաձեռնությունը կրկին իր ձեռքը վերցնելով թույլ չտալ իր մրցակից ԱՄՆ-ին սրանից ավելի միջամտել իր ավանդական ներազդեցության դաշտը համարվող Հարավային Կովկասում: 

Այլ խոսքով՝ եթե Հայաստանի նոր իշխանությունները պատրաստվում են տարածքների զիջման դիմաց կարգավորել Արցախի հարցը ռուսական կողմի համար գերադասելի կլինի ամերիկյան ցանկացած տարբերակի փոխարեն դա իրականացնել Լավրովյան նախագծով:

ՀԱՊԿ-ում Հայաստանի խաթարված դիրքերը, հակառակ բոլոր հավակնություններին ոչ այնքան փայլուն վիճակում գտնվող հայ-ռուսական հարաբերությունները, նաև առջևում գտնվող ձմեռն ու ռուսական գազից կախվածությունը այն գործոններն են, որոնք ռուսական կողմը փորձելու է առավելագույնս օգտագործել Արցախի հարցի կարգավորման ամերիկյան տարբերակի փոխարեն իր՝ Լավրովյան տարբերակը պարտադրելու Հայաստանին:
Հայաստանում ընտրություններից շուրջ մեկ շաբաթ անց ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Պուտինը դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին: Արդյոք հինգ տարածքների զիջման Լավրովյան նախագծի հետ համաձայնությունն այն գինն է, որ Փաշինյանը պիտի վճարի ռուսական կողմի շնորհավորանքը ստանալու դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել