Այս տարվա հունվարին ԱՄՆ-ում հրատարակվեց չափազանց հետաքրքիր մի գիրք՝ «Ինչպե՞ս են մահանում ժողովրդավարությունները / Այն, ինչ պատմությունը պատմում է ապագայի մասին»: Գրքի համահեղինակներ Ստիվեն Լևիտսկին եւ Դանիել Զիբլաթը ներկայացրել են ընդհանրապես աշխարհում եւ մասնավորապես Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ում ժողովրդավարության անկման հետ կապված իրենց մտահոգությունները:

Նրանց համոզմամբ՝ ժամանակակից աշխարհում ժողովրդավարության անկումը տեղի է ունենում ոչ թե ռազմական հեղաշրջումների ու գեներալների միջոցով, այլ դա սկսվում է քվեատուփերից: Ազատ ընտրությունների արդյունքում իշխանության են գալիս պոպուլիստ ավտոիտարներ, որոնց համար ժողովրդավարությունն ընդամենը ելարան է իշխանության բարձրանալու համար, իսկ իշխանության տիրանալուն պես վերացնում են այդ ելարանը:

Ներկայացնում եմ հիշյալ գրքի նախաբանի մեկ հատվածի ազատ թարգմանությունը, որը ինչ-որ կերպով կարող է բացատրել այն, ինչը որ այսօր տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում:

«Այն ընդհանուր պատկերացումը գոյություն ունի, որ ժողովրդավարությունները մահանում են զինված անձանց ձեռքով: Սառը պատերազմի շրջանում ժողովրդավարության անկման յուրաքանչյուր չորս դեպքերից երեքն իրականացվել է զինված հեղաշրջման միջոցով, իսկ վերջին շրջանում՝ 2013 թվականին, զինված ուժերը կործանեցին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մորսիի, իսկ 2014 թվականին՝ Թայլանդի վարչապետ Յինգլաք Չինավաթայի իշխանությունը: Այս դեպքերում ժողովրդավարությունը տապալվել է բացարձակապես ռազմական ուժի կիրառմամբ և պարտադրանքի ներքո:

Բայց գոյություն ունի ժողովրդավարության տապալման եւս մեկ այլ միջոցով: Դա ավելի նվազ ողբերգական, բայց նույնքան կործանարար է: 

Վենեսուելայում, օրինակ, Ուգո Չավեսը սկզբում պայքարում էր կոռումպացված իշխանության վերնախավի դեմ՝ խոստանալով կառուցել իսկական ժողովրդավարություն եւ երկրի նավթային մեծ հարստությունն օգտագործել աղքատների կյանքը բարելավելու նպատակով: Չավեսը, հեծնելով սովորական վենեսուելացիների բարկության ալիքի վրա, 1998 թվականին Վենեսուելայի նախագահ ընտրվեց: Այդ օրերին Վենեսուելայում տարածված մի արտահայտություն գոյություն ուներ. «Ժողովրդավարությունն ախտահարված է, իսկ Չավեսը միակ հակաբիոտիկն է»:

Երբ Չավեսն սկսեց իր խոստացած հեղափոխությունը, դա արեց բացարձակապես ժողովրդավարական մեթոդներով: 1999 թ. նա սահմանադիր ժողովի ազատ ընտրություններ անցկացրեց, որտեղ բացարձակ մեծամասնությամբ հաղթեցին նրա դաշնակիցները: Միայն 2003 թվականից հետո էր, որ Չավեսն ավտորիտար իշխանություն հաստատելու ուղղությամբ իր առաջին հստակ քայլերը ձեռնարկեց՝ արգելելով իր իշխանությանը վերջ տալու համար հանրաքվե անցկացնելու մասին ստորագրահավաքը: 2004 թվականին կառավարությունը սեւ ցուցակում ներառեց հիշյալ միջնորդությունը ստորագրողներին եւ փակեց բարձրագույն դատարանը: 2006 թվականից հետո Չավեսն սկսեց ավելի մեծ բռնաճնշումներ կիրառել․ փակեց գլխավոր հեռուստաընկերությունը, իսկ անհիմն, այդ թվում՝ դավաճանության մեղադրանքով կալանավորեց ընդդիմադիր քաղաքական գործիչների, դատավորների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ ի վերջո վերացնելով նախագահական ժամկետի սահմանափակումը՝ երաշխավորեց անորոշ ժամկետով իր իշխանության գոյատեւումը։ Չավեսի մահվանից հետո նույն ընթացքը շարունակեց նրան հաջորդած Նիկոլաս Մադուրոն: 

Փաստորեն, երկու տասնամյակի ընթացքում Վենեսուելան ժողովրդավարական իշխանությունից վերածվեց իշխանության, որն այսօր լայնորեն ճանաչված է որպես մենատիրություն:

Հիմա ժողովրդավարությունները մահանում են այսպես: Ֆաշիզմի, կոմունիզմի կամ ռազմական իշխանության տեսքով բարոյազուրկ բռնապետությունները գրեթե վերացել են աշխարհից: Ռազմական հեղաշրջումների եւ իշխանության տիրանալու այլ բռնի միջոցների հազվադեպ ենք հանդիպում: Շատ երկրներում անցկացվում են կանոնավոր ընտրություններ: Սառը պատերազմի ավարտից հետո շատ ժողովրդավարություններ կործանվել են ոչ թե գեներալների ու զինվորականների, այլ ազատ ընտրությունների միջոցով իշխանության տիրացած ղեկավարների կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել