Եվ այսպես՝ դուք եկաք իշխանության։ Հիմա ձեր թուրը և՛ աջ է կտրում, և՛ ձախ։ Ինչ ուզենաք, կանեք։ Ուզենաք՝ մարդ կմնաք, ուզենաք՝ գազան կդառնաք ու ագահ անկուշտի նման կընկնեք ժողովրդի ջանին՝ ծծելով նրա արյունն ու ավիշը, ինչպես դա անում էին ձեր նախորդները։ Ընտրությունը ձերն է։ Միայն պիտի զգուշացնեմ, որ երկրորդ դեպքում ժողովուրդը ձեզ չի ների ու բեկի և շանսատակ կանի, որովհետև ձեզ նա վստահել է՝ տալով իր ձայների 70,5% տոկոսը, այսինքն՝ ձեզ անսահման կերպով վստահել է, ինչը չի արել նախորդների համար։ Ահա այս պատճառով նա նախորդներին կարող է ներել իրենց անմարդկային վարք ու բարքի համար, իսկ ձեզ չի ներելու։ 

Սա մտահան չանեք ու ասածներս էլ ականջի հետև չգցեք։ Ես շատ հետևողական մարդ եմ ու ակնդետ կհետևեմ ձեր ամեն քայլին՝ ժամանակին զգուշացնելով հնարավոր սխալների մասին։ Կլսեք՝ լավ, չեք լսի՝ մեղքը ձեր վիզը։ Իմ նման է վարվելու ձեզ ձայն տված մեր ժողովրդի յուրաքանչյուր անհատ։ Դուք այսօրվանից միկրոսկոպի տակ եք։ Չմոռանաք այս մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել