Մարդ չի մահանում այն ժամանակ, երբ ֆիզիկապես դադարում է

                                                    գոյություն ունենալ: Մարդ մահանում է, երբ նրան մոռանում են:

                                                       Ու անչափ շատ են կենդանի մեռնելները ու մահացած

                                                       կենդանիները... 

 

Նա կանգնած էր գետի ափին ու լուռ նայում էր դանդաղ հոսող ջրին: Լարված էր: Լարվա՞ծ էր, թե՞ անհանգիստ էր: Իրականում ոչ այն էր, ոչ էլ այն: Նա ուղղակի հոգնած էր: Հոգնած էր կյանքից ու ճակատագրից: Ինքն  իրեն խոսում էր ու անհասկանալի շարժումներ էր անում: Դրա համար էլ հեռվից նրան դիտողները դնում էին խելագարի տեղ: Բայց նա խելագար չէր, ընդամենը մի խենթ էր, խենթացած ու այրված հոգով: Չհասկացված ու ... ու միայնակ:

Նա խենթացել էր այդ միայնությունից: Մարդասպան միայնությունից, որը հոգին քրքրում էր ինչպես կատաղած շները պատառոտում են իրենց տերերի հագուստները: Ինչպե՞ս չխենթանար... կյանքը, ողջ կյանքը նվիրել էր մի սուրբ գործի: Նվիրել էր հայրենիքին: Քանի-քանի անգամ իր սեփական կյանքը սեփական ձեռքերով դրել էր զոհասեղանին, բայց հայրենիքի աստվածը նրան չէր վերցրել: Գտել էր, որ ինքը պետք է, ինքը ունի հատուկ իր համար նախատեսված պարտականություններ այս կյանքում: Չէ, դժվար... Խղճացել էր: Խղճացե՞լ էր: Բայց ինչո՞ւ: Խղճացե՜լ էր:

Լավ չէ՞ր այն ժամանակ զոհաբերվեր: Մեռներ, գնար, որ այսօրվա օրով չխենթանար ու կողքից դիտողների համար ցնդած ծերուկի կերպար չստեղծեր...

Մարդիկ վախենում էին նրանից: Վախենում էին մոտենալ նրան, քայլել նրա կողքով:

Էհ... հոգոցը դուրս թռչեց նրա հոգուց... Այո, հենց հոգուց, ոչ թե բերանից... Հոգին էր ցավում: Ծերունու հոգին էր ցավում: Հառաչում էր ցավից... հոգու ցավից: Հոգին էլ ցավում էր միայնությունից. խենթացնող միայնությունից: Հառաչեց ու նստեց նստարանին: Հենց այն նստարանին, որտեղ խնդրել էր նրան սպասել իրեն: Սպասել մինչև ինքը հետ կգա: ... Խնդրել էր, շատ էր խնդրել...: Ու... ու չէր սպասել:

Եթե ինչ-որ մեկը մոտենար այդ պահին նրան, ապա կտեսներ, որ նրա այտերի վրայով արտասուքներն էին գլորվում: Պատերազմի դաժան բովով անցած մարդը, որ իր ամենահարազատ մարդկանց էր գերեզամանափոս իջեցրել առանց արցունքի, հիմա արտասվում էր: Արտասվում էր լուռ...  արտասվում ինքն իր համար, որովհետև ուրիշ ոչ մեկը էլ չէր արտասվելու իր համար:

Ծերունին... բայց ո՞վ ասաց, թե նա ծերունի էր... Արտաքինը միշտ էլ խաբուսիկ է լինում: Կյանքը ծերացրել էր նրան, սպիտակեցրել, բայց հոգով ու տարիքով ամենևին էլ ծերունի չէր... ծերունի երևում էր, որովհետև ոչ մեկը չէր փորձում խոսել նրա հոգու հետ: Բոլորը հեռվից միայն նայում էին նրան ու շշնջալով խենթացած ծերունու մասին ինչ-որ հեքիաթ՝ շրջանցում էին նրան: Այդ մարդիկ էին ծերացնում նրան: Այդ նրանք էին խլում նրա երիտասարդությունը ու իրեն նետում միայնության գիրկը: Լսելով նրա պատմությունները պատերազմի մասին՝ միայն ծիծաղում էին ու ուսերը թափ տալով հեռանում:

Իսկ արտասուքի կաթիլները շարունակում էին հոսել ու հոսել նրա կնճիռներով ու սպիներով պատված դեմքի վրայով: Ու ամենահետաքրքիրը այն էր, որ նա արտասվում էր ժպտալով: Այն նույն ժպիտն էր, որով նա դիմավորել ու ճամփու էր դրել մահվանը: Արտասվում էր ու ժպտում էր, այդ տարօրինակ ու չհասկացված մարդը: Խենթացած ծերունին:

Ժամանակն անցնում էր... Իսկ նա շարունակում էր մնալ նստած այնպես անշարժ: Ժպիտը դեմքին ու արտասուքի գլորվող կաթիլները: Ու հիշողությունները: Այնքան թարմ հիշողությունները: Հիշողությունները, որոնք այնքան քիչ էին այս կյանքի մասին ու այս քաղաքի մասին: Իսկ դրանք այնքան ցավոտ էին: Չի ուզել, չի ուզել երբեք լքված լինել: Չի ուզեցել մնալ միայնակ: Ամեն անգամ թվացել է, որ ինքը թույլ չի տա նույն սխալները, կպաշտպանի ընկերներին գնդակից ու... ու որ իրեն կսպասեն, այս անգամ հաստատ կսպասեն: Բայց դրանք ընդամենը թվացել է: Ընկերները հերթով գնացին... մեկը մյուսի հետևից, հերթով զոհվեցին ու թողեցին իրեն միայնակ: Սպասողները հոգնեցին սպասելուց, ու ամեն մեկը իր ճամփով գնաց: Ընկերներին արժանապատվորեն ճամփու դրեց... Չսպասողներից ոչ  մեկի հետևից չգնաց: Հպարտությունը թույլ չտվեց: Հպարտ էր, հպարտ ինչպես իրենց լեռները: Չէր կոտրվի երբեք: Ոչ մեկը  նրանցից իրեն արժանի չէր, ու ինքը չի գնա ոչ մեկի հետևից:

Դեռ նստած էր անշարժ: Մեջքը ուղիղ, հայացքը դեպի անհայտություն: Արցունքները արդեն չէին հոսում: Անթարթ նայում էր արծվի հպարտ հայացքով՝ չնկատելով ոչինչ ու ոչ ոքի...

Շատ երկար մնաց նստած, չափից դուրս շատ: Նույն դիրքով, առանց շարվելու և աչք թարթելու: Իսկ մարդիկ շրջանցում էին նրան, շրջանցում էին խենթացած ծերունուն: Մինչև մեկը, երևի նորեկ էր այդտեղ, չդիմացավ և մոտեցավ նրան:

Մարդը մահացել էր: Մահացել էր՝ չդիմանալով այն անտարբերությանն ու մենությանը, որի մեջ հայտնվել էր ինքը: Շուրջբոլորը հազարավոր մարդիկ էին, բայց ինքը միայնակ էր: Ինքը չուներ ոչ մի հարազատ: Ինքը ավելորդ էր պարզապես: Բայց ոչ ոք, ոչ ոք չէր հասկանում, որ այդտեղ միայն ինքն էր ճիշտ մարդ, իսկական մարդ: Մնացածները՝ մնացածները ուղղակի մարդու դեր էին խաղում ու ամեն վայրկյան էլ տրորում ու անցնում այդ միամիտ ու խենթ մարդուն:

Գրպանից հանեցին մի ծրար: Ծրարում գրված էր նրա անուն-ազգանունը: Ու երբ կարդացին մարդիկ նրա անունը, նոր միայն հասկացան, որ սա այն նույն մարդն է, ում հերոսությունների մասին գրում են, ֆիլմեր նկարում ու երգեր երգում: Ու ամաչեցին: Ամաչեցի՞ն արդյոք, թե՞ նորից իրենց դերն էի խաղում այս կյանքում: Չէ՞ որ նրանք միայն կարողանում են դեր խաղալ, բայց ապրել... ապրել ինչպես մարդ նրանք ընդունակ չեն, դա նրանց համար չէ:

Գետը շարունակում էր հոսել նույն ուղղությամբ: Մարդիկ, ինչպես միշտ, շրջանցում էին նրան: Ոչինչ չէր փոխվել, ոչինչ: Երևի տեղին էր ափսոսում նա, որ կենդանի մնաց... Այնտեղ իր մահը ինչ-որ մի օգուտ կտար հայրենիքին: Իսկ այսպե՞ս: Անիմաստ ու միայնակ, մարդկանցից լքված ու նրանցից խռոված: Պարզապես մի խելառ ծերունի էլ մեռավ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել