Artsakhress.am-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 30-ին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ տեղի է ունեցել Մատաղիսում ծառայող  զինվորներից 61-ի  մկրտության հանդիսավոր արարողությունը: «Արցախպրես»-ը գրում է, որ ԱՀ պաշտպանության բանակին առընթեր կանանց խորհրդի նախագահ Ռամելա Դադայանն ասել է՝ իրենց խորհրդի հերթական հավաքին մտահղացավ  գաղափար՝ զորամասերում սկսել չկնքված զինվորների մկրտության արարողություններ:

«Մեր մտահղացումը ներկայացրինք ԱԺ պատգամավորներին և հասարակության տարբեր խավերին: Արդյունքում բոլորը սկսեցին խրախուսել և աջակցել ծրագրի իրականացմանը: Այսօր զինվորներին կնքահայր լինելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել ԱՀ ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Արարատ Օհանջանյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վիլեն Սաֆարյանը, Գագիկ Բաղունցը, Արսեն Առստամյանը, արցախյան շարժման առաջամարտիկ Արկադի Կարապետյանը և ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը: Մեկնարկը տրվել է Մատաղիսի զորամասից, սակայն մեր աշխատանքը լինելու է շարունակական: Կարծում եմ՝ կլինեն այլ զինվորներ, ովքեր կցանկանան այդ աստվածահաճո միջոցառման մասնակիցը դառնալ»,- մասնավորապես նշել է Ռ. Դադայանը:

Նրա խոսքով՝ բացի կնքման արարողությունից, շատ կարևոր էր նաև, որպեսզի զինվորները ծանոթանան մշակութային կենտրոն Շուշիին:

«Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանն էլ ողջունել է նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ այս քայլն արդեն իսկ իր մեջ ունի խորհուրդ, և ծրագիրը պետք է շարունակական լինի բոլոր զորամասերում:

«Գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը՝ որպես կնքահայր՝ պատրաստակամություն ենք հայտնում լինել մեր զինվորների կողքին: Սանիկների հետ կապը միանշանակ լինելու է: Այսօր արդեն հասցրել ենք ծանոթանալ և այսուհետ շփումները նրանց հետ լինելու են էլ ավելի հաճախակի»,- նշել է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջարկի դեպքում կրկին պատրաստ է լինել զինվորների կնքահայրը:

Իսկ Գոհար Բուդաղյանը, ով Մատաղիսում ծառայող Վահե Բուդաղյանի մայրն է, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ, նախապես տեղեկանալով նախաձեռնության մասին, Գորիսից եկել է Շուշի՝ ներկա գտնվելու որդու մկրտության հանդիսավոր արարողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել