Ըստ էության, երկրի պաշտպանական համակարգը հզորացնելու խնդրում ոչ մի փոփոխություն չկա։ Անհեթեթություն է դուրս գալ պաշտպանական մի համակարգից այլ համակարգ մտնելու համար։ Քանի երկիրը բանակի հզորության չափանիշ չի համարել թուրքական և իրանական բանակները և իրական քայլեր չի կատարել այդ ուղղությամբ, խոսել անկախության կամ առաջադիմության մասին ցանկացած ոլորտում՝ դեմագոգիա է, որով, փաստորեն, զբաղվել են մեր քաղաքական գործիչները երեսուն տարի շարունակ, և այսօր էլ շարունակում են զբաղվել իշխանափոխության սկսնակ գործիչները։

Այսօր նորագույն հարվածային զենքերի առկայությունը և այդ զենքերին կատարյալ տիրապետելը հնարավորություն է տալիս ցանկացած երկրի, անկախ բնակչության թվից, ստեղծել գրեթե անխոցելի պաշտպանական համակարգ։ Իսրայելի բանակը դրա լավագույն օրինակն է։ Մի քանի ամիս առաջ ռուսական 16 մարտիկներ կարողացան դիմագրավել մոտ երկու հազար զինյալների գրոհները․․․

Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր ստանձնում են երկրի ղեկավարության պատասխանատվությունը, չեն գիտակցում այն կարևորագույն խնդիրը, որը ծառացած է ազգի առաջ։ Նրանք շարունակում են զբաղվել պոպուլիզմով՝ խնդիրը տեղափոխելով զուտ իշխանական պայքարի ոլորտ՝ այդպիսով փոշիացնելով ազգային նպատակը՝ գաղափարախոսությունը։ Իհարկե, միլիարդներ են պետք։ ԱՄՆ-ն տարեկան երեք միլիարդ դոլար է տրամադրում Իսրայելին, որ այնտեղ ստեղծեն հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգ, և այդ փոքրիկ, բայց իսկապես հզոր երկրում պաշտպանական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով․․․

Երկրի քաղաքներում պետք է սկսել հարվածային զորախմբերի կազմավորումը, որի համար առանձնապես մեծ գումարներ պետք չեն․․․ Իհարկե, կարելի է ասել, որ նման ահռելի գումարներ չկան և չեն էլ լինի, բայց պետք է սկսել, քանզի «ծայրահեղ անհրաժեշտությունը անհրաժեշտ էֆեկտ է ստեղծում»։ Իսկ այն, որ այսօրվա իշխանություններն էլ նախկինների նման որդեգրել են պարտվողական քաղաքականություն, ընդամենը խոսում է ոչ թե ազգի տգիտության կամ թուլության մասին, այլ զուտ ազգային անվտանգության գաղափարախոսության բացակայության մասին։ Իսկ գլխավոր անհեթեթությունն այն է, որ արդեն երեսուն տարի երկրում իշխանության են գալիս մերժելով և ոչ թե քիչ թե շատ ընդունելի գաղափարախոսություն առաջարկելով։ Իսկ իշխանությունների քաղաքականությունը պարտվողական է, քանզի նրանք բացահայտ ընդունում են, որ մենք անզոր ենք ինքնուրույն պաշտպանել երկիրը և դրա համար երկրին պետք է ընդունել արևմտյան «արժեքները» և հովանավորչությունը, որը լիովին անիրական է․․․

Մեր քաղաքական գործիչները ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր չեն հասկացել, որ երկրի անվտանգությունն ապահովվում է երկրի վարած արտաքին քաղաքականությամբ, որը քողարկում է երկրի իրական քաղաքականությունը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել