Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, իսկ իսկական արվեստը չի կարող լինել չոր, սխեմատիկ, կաղապարված, դոգմատիկ և կառուցվել սուր, ուղիղ, ուղղանկյուն ու եռանկյուն պատկերներով…Այն ազատ է, բազմաձև, բազմատեսակ, բազմաբովանդակ ու նույնիսկ եթերային, աներևակայելի…Այլապես այն կվերածվի սովորական ինժեներական սարքի գծագրի…
Իսկական քաղաքական գործիչը պետք է վեր կանգնի իր ամբիցիաներից, մաքսիմալիստական նկրտումներից ու մտադրությունից, իրեն վերագրվող առաքյալի լուսապսկներից չկուրանալու և իրականությունից չկտրվելու, հասարակության մյուս շերտերի, այդ շերտերը ներկայացնողներին անտեսելու և արհամարհելու, մեծամտանալու գայթակղությունից: Մենք ապրում ենք հասարակության մեջ և պետք է այս շարժումը ղեկավարող գործիչները, քաղաքական և մյուս ուժերն ի վերջո հասկանան, որ պետք է վերջապես նստել բանակցությունների սեղանի շուրջը: Մաքսիմալիզմը և լարվածության պահպանումն ու այն ավելի ուժեղացնելը հղի է անդառնալի կորուստներով և բախումների հնարավորությամբ: Լարված, պրկված պարանը կտրվում է կամ սեղմված զսպանակի նման հակառակ կողմերի վրա շպրտում այդ ամենը չհասկացողներին...
Արագ, անհապաղ բանակցել է պետք, առանց այն շոուի վերածելու, առանց կողմնակի անձանց, առանց տեսագրող ու ձայնագրող սարքերի, Րաֆֆիի սինդրոմը հաղթահարելով, բանակցել թեկուզ կորեաների նախագահների նման դրսում, բացօթյա կամ ինչու չէ պատահական ընտրված եկեղեցում, հանգիստ՝ Աստծո հովանու տակ ու աստվածահաճո որոշումներով: 
«Խաթաբալայի» վճարովի լացողների մակարդակի գովեստներով ու միմոսների՝ ցանկացածի տակ պառկող այդ տեսակի խորհուրդներին և գովքին կուլ չպետք է գնալ…Սթափությունը և իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը պետք առաջնորդի կողմերին, առանց նախապայմանների ու առանց թելադրանքի, նստել ու բանակցել, փոխզիջումներով, խելամիտ որոշումներով ապահովելով բարեփոխումների անկասելի ընթացքն ու դրան հասնելու երաշխիքները:
Հետաքրքիր է, «ամբոխների խելագարության» մասին պոեմը գրող Չարենցը, նրա այդ ստեղծագործությունով ոգևորված բոլշևիկները, այդ ամբոխների վրայով իշխանության եկածների կողմից բանտ նետվելուց հետո է՞լ էին մտածում, որ նրանք դեպի Արևն էին գնում…Իմ կարծիքով ո՛չ…Ամբոխը անհիմն, անմտածված նոր Քրիստոս սարքող է և իրական Քրիստոսին առանց աչք թարթելու խաչել է… 
«Ամբոխին» թվում է թե իրենք դեպի Արևն են գնում, սակայն Արեգակին այդպես էլ չեն հասնում, նրանց տանող , նրանց կեղծ «քրիստոսները», նմանների հետևում թաքնված ուժերը նարնց թողում են հուսահատ ու լլկված, օգտագործելով նրանց խելագարությունն ու զգացմունքայնությունը...
Այնպես որ բանակցել է պետք՝ անհապաղ ու իմ ասած տարբերակով…Առանց նախապայմանների…Այլապես Արեգակին չենք հասնի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել