Hetq.am-ը գրում է.

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։

Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

!!!  Հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլևս առկա չէ. թթվասերի պահպանման ժամկետը 6-10 օր է։

 

Թթվասերը լայն սպառում ունեցող կաթնամթերք է։ Այն հաճախ է օգտագործվում առօրյայում՝ թե´ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես հավելում։

Գոյություն ունեն մի շարք որոշումներ և իրավական ակտեր, որոնք սահմանում են, թե ինչպիսին պետք է լինի անվտանգ կաթնամթերքը։ Մասնավորապես, Կառավարության 2006թ դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է, որ ժամկետի վերջում թթվասերի մեջ կաթնաթթվային մանրէները պետք է լինեն` 1x107 ԳԱՄ-ից ոչ պակաս:

Թթվասերի արտադրման մեջ արգելվում է բուսական յուղի օգտագործումը. այն համարվում է ցարծրորակ հումք և օրգանիզմի կողմից հեշտ չի յուրացվում: Սակայն որոշ արտադրողներ այն կիրառում են, քանի որ բուսական յուղն էժան է։

Բուսական յուղ կարելի է օգտագործել թթվասերային ապրանքների մեջ, սակայն մակնշման մեջ արտադրողը պարտադիր պետք է նշի, որ դա ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային մթերք, որը պարունակում է բուսական յուղ:

Թթվասերի անվտանգությունը կարգավորվում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով, ՄՄ ՏԿ  033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝  «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար սննդամթերքի համար պարտադիր է նաև EAC  (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Հատկապես պարտադիր է այդ նշանի առկայությունը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքի դեպքում։ Ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման, կաթնամթերքը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է՝ ռիսկայնության միավորը՝ 30։

Նշված նորմերից ցանկացած շեղում անթույլատրելի է։

 

Թթվասերը փորձաքննության է ներկայացվել 2018թ հունվարի 17-ին:

Բոլոր նմուշները փորձաքննության պահին եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 033/2013 (
«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ) նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության թթվասերը (16.01.18-23.01.18 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթի սերուցք, յուղազերծ կաթ, մանրէաբանական մերան», 1 գ-ում կաթնաթթվային մանրէների քանակությունը՝ 107 ԳԱՄ-ից ոչ պակաս, ինչպես և պահանջվում է:

Թթվասերի յուղայնությունը՝ 20 %:

Ըստ մակնշման՝ ապրանքը պատրաստված է տեխնիկական պայմաններով (ՀՀ ՏՊ 28459042.1665-2010), որտեղ արդեն արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ` ապրանքի որակի և բաղադրության նկատմամբ։ Բացի այդ, այն համապատասխանում է Հայկական ստանդարտներին (ՀՍՏ)։

Սակայն մակնշման վրա բացակայում է EAC նշանը, ինչը ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթի պահանջների խախտում է:

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Չանախ» թթվասերում կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը վկայում է արտադրական պրոցեսում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

Այսպիսով, այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» թթվասերը (16.01.18-27.01.18 արտադրության

Ըստ մակնշման՝ թթվասերը պարունակում է «սերուցք նորմալցված, կաթնաթթվային մանրէներից պատրաստված մակարդ»։ Կաթնաթթվային մանրէների քանակը՝ 1x107 ԳԱՄ/գ-ից ոչ պակաս։

Յուղայնությունը՝ 18%:

Եվս պատրաստված է ՀՀ ՏՊ-ով (37326529.1608-2006), ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Մարիաննա» թթվասերի մեջ առկա է բուսական յուղ, ինչը, ինչպես նշել էինք, չի թույլատրվում օգտագործել թթվասերի արտադրության մեջ։

Ըստ մակնշման՝ այն թթվասեր է, ըստ փորձաքննության արդյունքների՝ թթվասերային արտադրանք է և փաստացի կեղծված, քանի որ ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը։

Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում սահմանված նորմերին և համարվում է կեղծված ապրանք։

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բիոկաթ» ընկերության թթվասերը (16.01.18-21.01.18 արտադրության

Ըստ մակնշման՝ այն «100% բնական» է, պարունակում է «կովի անարատ կաթի սեր, թթվասերի մակարդ»։ Յուղայնությունը՝ 20 %:

Պատրաստված է  ՀՀ ՏՊ 39053099.3672-2004–ով և ՄՄ ՏԿ 033/2013 ստանդարտներով։ Ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքների համաձայն՝ «Բիոկաթ» ընկերության թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել