2017-ի տարեմուտին բոլորիս ուշադրության կենտրոնում անցնող տարվա իրադարձությունների շղթան է: Ողջ տարվա ընթացքում, անդրադառնալով ամենատարբեր ոլորտների զարգացումներին և դեպքերին, փորձեմ մի քանի դիտարկմամբ ամփոփել անցնող տարվա համշախարհային կարևորության իրադարձությունների համայնապատկերը, որպեսզի Ձմեռ պապը լսի ու գնահատի կատարված դեպքերն իր սեփական չափիչ սանդղակով:

Ըստ իս` տարվա հաղթանակ կարելի է համարել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» նկատմամբ տարած հաղթանակը: Սակայն ԻԼԻՊ-ը կորցրեց իր երկու «մայրաքաղաքները» (իրաքյան Մոսուլն ու սիրիական Ռաքքան), գործնականում՝ ողջ վերահսկելի տարածքը․ ահաբեկիչների նկատմամբ լիակատար հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է: Ահաբեկիչները տեղափոխվում են Սիրիայի և Իրաքի դժվարամատչելի շրջաններ ու ստեղծում պարտիզանական ջոկատներ: ԻԼԻՊ-ի գրոհայինները տեղափոխվում են նաև այլ պետությունների տարածք` Լիբիա, Աֆղանստան, եվրոպական պետություններ:

Տարվա ընտրություններից կառանձնացնեմ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները, որտեղ հաղթեց Էմանուել Մակրոնը: Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ մամուլը նրան կնքեց «քինդեր սյուրպրիզ»: 39-ամյա նախկին բանկիրը Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահներից մեկն է:

Տարվա հանրաքվե անվանակարգը, միանշանակ, պատկանում է Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեին: Քվեարկությանը մասնակցեց ընտրողների 43 տոկոսը, իսկ նրանց մոտ 90 տոկոսը կողմ արտահայտվեց Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալուն:

2017-ը բավականին հագեցած էր ահաբեկչություններով: Անցնող տարում մի շարք գրոհներ են տեղի ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Առավել խոշորների թվում են՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչությունը, գրոհները Մանչեսթերում և Լոնդոնում, հետիոտների վրա կատարված վրաերթը Բարսելոնայում: Ամենից արյունահեղը, որը խլեց հարյուրավոր կյանքեր, Մոգադիշոյում և Սինայ թերակղզում կատարված ահաբեկչություներն էին: Հոկտեմբերի 14-ին Մոգադիշոյում պայթեցվեց երկու ականապատված ավտոմեքենա, որի հետևանքով մահացան 512 մարդ: Եգիպտոսում նոյեմբերի 24-ի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները գրոհեցին եգիպտական Բիր-Էլ-Աբդ բնակավայրի սուֆիական մզկիթը: Պայթյունի հետևանքով սպանվեց 310 մարդ: Մյուս ահավոր ակտը Լաս Վեգասում քանթրի համերգի ժամանակ տեղի ունեցած սպանդն էր: 64-ամյա մոլագարը սպանեց 59 մարդու, վիրավորվեց 500-ից ավել մարդ:

Հեղաշրջումներից հիշատակման արժանի է Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեյի հրաժարականներ, ով 35 տարի երկրի փաստացի ղեկավարն էր:

Տարվա որոշումը, աներկբա, Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստն էր. նա հրամայեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեն Երուսաղեմ: Այս քայլին հաջորդեց արաբական աշխարհի բուռն ռեակցիան. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 128 դեմ քվեով իր դիրքորոշումը հայտնեց Թրամփի որոշմանը:

Բնականաբար, աշխարհում և ՀՀ-ում անցնող տարվա ընթացքում տեղի են ունեցել շատ ուրիշ, ոչ պակաս կարևոր ու շրջադարձային իրադարձություններ, սակայն առանձնացրի վերոնշյալները:

Կցանկանայի, որ գալիք տարվա վերջին նման ամփոփում գրելիս ավելի շատ դրական փաստեր արձանագրեմ, ու դրանց շարքում, միանշանակ, լինեն նաև ՀՀ հետ կապված համաշխարհային իրադարձություններ:

Դե ինչ, մնաս բարով, Աքլոր, բարի գալուստ, Շուն:

Շնորհավոր բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, հզորացող երկիր ու ամուր սահմաններ մեզ բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել