Օրերս կատարվեց մի մի իրադարձություն, որին ուղղակի չէի կարող չանդրադառնալ. վերաօծվեց իմ հայրենի Օձունի ևս մի հոգևոր գողտրիկ անկյուն. Սուրբն Նշանն (Սրբնիշանը) այլևս գործող եկեղեցի է:

Սա մի վայր է, որտեղ պատմությունն ու նախնյաց շունչը տեսնում ես միանգամից, նայում ես կամարներից ներս, ու աչքիդ առաջ է հառնում վանականների ճգնարանը, տեսնում ես՝ ինչպես են դպիրները թարգմանում հույն փիլիսոփաներին ու հռոմեական պատմիչներին, առ Աստված վերհառնում իրենց սրտի խոսքը: Սրան զուգահեռ՝ տեսնում ես 1786 թվականին կործանվող Օձունից դրվագներ. Օմար խանի գլխավորած լեզգիների արշավանքից հետո գյուղը գրեթե հիմնովին ավերվեց, բնակչության մի մասը սրի քաշվեց, գերեվարվեց. ավերվեց նաև Սբնիշանը: Լեզգիներն այրեցին ողջ շենը, որը դարեր շարունակ եղել էր եպիսկոպոսանիստ, ունեցել դպրանոցներ, թարգմանչաց տներ:

Սրբիշանին չեն շրջանցել նաև ժամանակակից վանդալները, որոնք ամենատարբեր սրբապիղծ գրառումներով ու անհասկանալի` բարբարոսական վարքով, գրառումներերով սրբավայրը վերածել էին անհասկանալի տեղանքի: Սակայն այս ամենը չէր կոտրել օձնո և հարակից գյուղերի ժողովրդին, որպեսզի սրբավայրի դերն ու նշանակությունը մոռանան (ի դեպ՝ նշեմ, որ վանքն ունի ուխտի օր. ամեն տարի նոյեմբերի 7-ին հազարավոր ուխտավորներ, տարբեր վայրերից գալիս են Սբնիշան, համեցեք):

Երկար չեմ խոսի սրբավայրի մասին, ուղղակի հավելեմ, որ այն ստացավ իր երկրորդ կյանքը, և վստահ եմ` Լոռվա Քարի գլխին կանգնած՝ առաջիկա դարերին տիրական կեցվածքով շարունակելու է հսկել շրջապատի խաղաղ անդորրը:

Հ.գ. Բարերարներն ու ճարտարապետն իրոք ազգանվեր ու պատմական անմոռանալի գործ են կատարել:

Image may contain: sky, mountain, grass, outdoor and natureImage may contain: mountain, sky, outdoor and nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել