Միջազգային արենայում տեղի է ունենում բավականին հետաքրքիր իրողություն. Գերմանիայում շուրջ մեկ ամիս է՝ չի ձևավորվում կառավարություն:

Կանցլեր Անգելա Մերկելն առերեսվել է մեծ մարտահրավերի. ձախողվել են Գերմանիայում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու բանակցությունները: «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» հայտարարել է կառավարող կոալիցիայի ձևավորման շուրջ «Քրիստոնյա-դեմոկրատական» և «Քրիստոնյա-սոցիալական միություն» դաշինքների և «Կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին և դադարեցրել 4 շաբաթ տևած բանակցությունները:

Ազատ դեմոկրատների առաջնորդ Լինդերը հայտարարել է, որ նշյալ կուսակցությունները չունեն երկրի զարգացման ընդհանուր տեսլական և վստահության ընդհանուր բազա, որը կայուն կառավարության հիմքը կլինի:

Կոալիցիա կազմելու բանակցությունների անակնկալ ձախողումից հետո կանցլեր Մերկելը հայտնել է, որ ինքը նախընտրում է նոր ընտրություններ անցկացնել, քան ղեկավարել փոքրամասնական կառավարությունը:

Անգելա Մերկելը 2005 թվականից ի վեր երեք կոալիցիա է գլխավորել. 2005-ին նա ընտրությունների ժամանակ հաղթեց գործող կանցլեր Գերհարդ Շրյոդերի ղեկավարած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Մերկելը հավելել է, որ նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է կրկին առաջադրվել:

Ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել Մերկելին հրաժարական տալ, քանի որ նրան չհաջողվեց կոալիցիա կազմել չորս կուսակցությունների հետ: Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բանակցությունների մասնակիցներին կոչ է արել վերանայել դիրքորոշումը՝ հայտնելով, որ Գերմանիան մի իրավիճակում է, որում չի եղել վերջին 70 տարում: Նախագահը կուսակցություններին սթափության և կառուցողական գործողությունների կոչ է արել:

Գերմանիայում ստեղծված իրավիճակը հանգեցնում է երկու տարբերակի. կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն:

Հ.գ. Գերմանիայում կոալիցիոն բանակցությունների տապալման ֆոնին եվրոն անկում է արձանագրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել