Norayr_Sargsyan
    - Մենք ոչ մեր ծնողների երազած տղերքն էղանք, ոչ էլ մեր, հըն ի՞նչ կասես, Ճուտո:
    - Լցրու` մի հատ էլ խմենք:
    Արմենը դանդաղ լցրեց օղու բաժակները ու մի տեսակ ժպտաց, վաղուց արդեն մարած ժպիտով, որը, եթե երեխաները տեսնեին, կվախենային, բայց որը մանկական ժպիտ էր Ճուտոյի համար: Նույն ժպիտը, որը տեսել էր 40 տարի առաջ, նույն ժպիտը, որովհետև նրա աչքերն էլ քառասուն տարի մեծացել էին այդ ժպիտի հետ: Բաժակները սովորության համաձայն վերև բարձրացրին, Ճուտոն փորձեց մի բան ասել, չկարողացավ, ուղղակի խմեցին: Օղին դառը թվաց, ոչ թե շատ էժան ու վատը լինելու պատճառով, այլ որովհետև օղի էր բառի բուն իմաստով: Ոչ թե այն օղին, որ մի ժամանակ խմում էին ուրախանալու, պարելու կամ խիզախության համար, այլ նստելու, տխրելու համար: Ուղեղները մեկ-մեկ պայծառանում էր, մարմինները մի քիչ տաքանում ու սկսում էին անվերջ խոսել: Ափսոսանք արդեն չկար, դրա փոխարեն ինչ-որ դիտորդի հայացք էր իրենց ապրած կյանքին:
    - Ես գիտեմ, հաստատ գիտեմ, թե ինչն էր պատճառը, որովհետև մի մարդու համար կործանարար է մի քանի հոգու երազանքը իր վերաբերյալ,- մի տեսակ հոգնած ասաց Արմենը, կարծես հասկացել էր մի բան, որ էլ ընդհանրապես կարևոր չէր:
    - Չէ, էէէ, ես հաստատ գիտեմ, որ պատճառը իմ բոյն էր: Ֆուտբոլիստ չդարձա բոյիս պատճառով, նորմալ կնիկ չկարողացա ճարել նույն բանի պատճառով, ու տենց մինչև հիմա: Փոքր ժամանակ անընդհատ երազում էի էնքան բոյովանալ, որ հասնեմ պահարանի վերջին դարակին, լիքը կանֆետ կար էդ դարակում: Երբ հասա այդ բոյին, արդեն կանֆետ չէի ուզում, ուզում էի հասնել հորս սիգարետներին, որոնք պահարանի գլխին էին դրված ու ըտենց մինչև էսօր:
    - Ի՞նչ ես խոսում, դու ինձնից էնքան էլ կոլոտ չես:
    - Բա ինչի՞ եք ինձ Ճուտո ասում, չնայած, հա, հենց տենց, լավ էլ բոլով եմ, ինձնից կոլոտներն էլ են ֆուտբոլիստ դարձել,- Ճուտոյի դեմքի արտահայտությունը հուշեց, որ նոր բաժակի հերթն է:
    - Արի էս մեկն էլ խմենք աղջիկների կամ սիրո կենացը:
    - Ի՞նչ, հաստա՞տ ես որոշել::
    - Ճուտ, հիշո՞ւմ ես,- խոսքը հատուկ ձգելով սկսեց խոսել Արմենը, վախի նման մի բան կար նրա տոնի մեջ, կարծես մորը ասում էր երկուսի մասին,- որ մի հատ աղջիկ կար է, Անի էր ոնց որ անունը, սիրում էիր գժի պես:
    - Անիին մոռանալ կլինի՞, ինչի՞, ի՞նչ կա որ:
    - Մի անգամ պաչել եմ,- հայտարարեց ու վճռական նայեց ընկերոջը:
    Պատասխանը երկար չսպասեցրեց մի քանի հուժկու հարվածներ տեղացին Արմենի դեմքին: Նա ցավից մի քիչ գալարվեց, մի քանի թունդ հայհոյանքների կրակահերթ եղավ երկուստեք կորուստներով: Հետո Ճուտոն ձեռքը մեկնեց, բարձրացրեց ընկերոջը:
    - Կներես, ապեր,- երկուսով իրար հետ ասացին, ժպտացին, ծիծաղեցին ու տխրեցին, ուղղակի ապրեցին այդ պահը մի խոսքով:
    - Սաղ էս արաղնա, ախր ես քեզ ո՞նց կարողացա խփել, լրիվ կենդանի ենք դարձել:
    - Համաձայն եմ, արաղնա միակ մեղավորը, չթողեցիր շարունակեմ: Ուրեմն էդ աղջիկը մի անգամ էկավ մոտս ու ասեց, որ ինձ ա սիրում, դեմքը էնքան մոտիկ բերեց, որ չդիմացա: Բայց հետո ինչ պետք էր, ասեցի, քֆուր տվեցի մի քանի հատ, լացելով գնաց:
    - Ինչի՞ ես տենց բան արել:
    - Դե, դու էիր սիրում իրան, եթե ես սիրեի էլ, տենց կանեի մեկ ա, դու էլ հաստատ տենց կանեիր:
    - Էտ էլ ես ճիշտ ասում: Մենք հո մի հատ քածի համար չէի՞նք կռվելու, տղերքը տենց բան չեն անի, իսկական տղերքը: Բայց մեղք ա էդ աղջիկը, գոնե ներողություն խնդրել ես՞:
    - Դրանից հետո չեմ էլ տեսել:
    - Գիտե՞ս որ տան համարը պիտի ունենամ, մի հատ հին համարների գրքույկ ունեմ, ձեր հին տան համարն էլ կա մեջը: Արի զանգենք էդ աղջկանից ներողություն խնդրի, միանգամից ձեր հին տուն էլ զանգենք, տենանք՝ ո՞վ ա ապրում:
    Սենյակը տակնուվրա արեցին երկու ընկերով, ինչպես մի ժամանակ էին անում, երբ խաղում էին այս նույն սենյակում: Հետո Ճուտոյի մայրը գալիս, Արմենին տուն էր ուղարկում ու Ճուտոյին մի լավ ծեծում: Դրա համար մի տեսակ վախով էին նայում ճաշասենյակ տանող դռանը:
    - Գտա, ապե, հեսա, սովետի հոտը քաշի հլը: Հիշո՞ւմ ես կարմիր վզնոցները:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել