Hetq.am-ը գրում է.

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 4-ին որոշել է մերժել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի անգործության:

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էր տրամադրել ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի օֆշորի գործով՝ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու քրեական գործի կարճման որոշումը: Վերադասության կարգով «Հետք»-ը դիմել էր նաև գլխավոր դատախազություն, որտեղից ևս մերժում էր ստացել: Ի վերջո, այս տարվա հուլիսին, «Հետք»-ը դիմել էր դատարան և խնդրել էր պարտավորեցնել քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրել քրեական գործը հարուցելու մասին և նույն քրեական գործով վարույթը կարճելու ու քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների պատճենները:

«Հետք»-ի ներկայացուցիչներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը հիմնավորել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի կողմից վերոհիշյալ որոշումները չտրամադրելու մասին որոշումով խախտվել է բողոքարկուի իրավունքները և օրինական շահերը: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ և «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նշված որոշումները չէր պահանջել իր նեղ անձնական, օրինակ՝ տնտեսական, կոմերցիոն բնույթի շահերի համար, այլ հանրային նշանակության իր առաքելությունն իրականացնելու համար:

«Տվյալ դեպքում, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության և www.hetq.am կայքի միջոցով տարածած լրատվական նյութը, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործը, ներառում էր հանրային նշանակության, հանրային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, տևական ժամանակ պետական բարձր պաշտոն զբաղեցնող, ներկայումս ԱԺ պատգամավոր հանդիսացող անձի կողմից կոռուպցիոն խոշոր գործընթացների մեջ ներգրավված լինելու մասին տեղեկություններ»,- նշել են իրավաբանները:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել