«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Վերջերս ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում խոսվում է կրթության արմատական փոփոխության անհրաժեշտության մասին: Այն տեղեկությունը, որը ես որպես ուսուցիչ կամ դասախոս փոխանցում եմ իմ աշակերտներին, ուսանողներին, այդ գիտելիքը նրանք, ի վերջո, ցանկության դեպքում կարող են գտնել համացանցում: Ես պետք է պարզապես հուշեմ նրանց, թե որտեղ և ինչպես է պետք այդ տեղեկատվությունը փնտրել, և ամենակարևորը՝ ինչպես կարելի է այդ տեղեկատվությունը կիրառել այն մասնագիտության մեջ, որը նա ընտրել է:

 Բայց խնդիրն, իհարկե, միայն տեղեկատվությունը չէ: Օրինակ՝ ես այսօր բացարձակապես չեմ օգտագործում այն գիտելիքները, որոնք ստացել էի կոնսերվատորիայում (իսկ որևէ այլ բուհում ես չեմ սովորել): Մասնագետները պնդում են, որ երաժշտությունն օգնում է ավելի կուռ, ավելի կազմակերպված դարձնել մտածողությունը: Այդ պնդումը, թերևս, ճիշտ է, բայց դա էլ՝ մի կողմ: Իսկական ուսուցիչները դուրս են իրենց առարկայի շրջանակներից և «դասավանդում են» կյանքի նկատմամբ իրենց մոտեցումը:

Վստահ եմ, որ Ռաֆայել Իշխանյանը ոչ միայն լեզվաբանություն էր սովորեցնում, կամ Հենրիկ Հովհաննիսյանի տված գիտելիքները զուտ թատերագիտական չեն: Նրանց նախկին ուսանողները հենց դա են վկայում:

Ուսանողական տարիներին իմ բուհի ռեկտորն արտակարգ անձնավորություն էր՝ Ղազարոս Սարյան՝ Մարտիրոս Սարյանի որդին: Այդ մարդն, ըստ էության, քարտուղարուհի չուներ. երբ պետք էր իր ստորագրությամբ ինչ-որ թուղթ տանել որևէ բաժին կամ ամբիոն, նա վերցնում էր այդ թուղթն ու իր զինվորական քայլվածքով ուղևորվում էր համապատասխան սենյակ: Բացատրում էր՝ «հո ամբողջ օրը սեղանի առաջ չեմ նստի»: Ղազարոս Սարյանին չէր մտահոգում, որ իր վարքը «ոչ սոլիդ» կամ «ղեկավարին ոչ վայել» կթվա: Եվ քանի որ չէր մտահոգվում, ոչ մեկին չէր էլ թվում:

 Այդ ժամանակ՝ 1970-80-ականների սահմանագծին, սև կաշվե անձրևանոցով ռայկոմի հրահանգիչն արդեն իսկ բավականին «հաբռգած» էր, էլ չասած ավելի բարձր պաշտոնյաների մասին: Բայց կային նաև «թրենդին» հակառակվող մարդիկ, նրանք այլախոհ չէին, խորհրդային իշխանությանը հրապարակավ չէին հակադրվում, բայց սահմանում էին մասնագիտական և էթիկական իրենց՝ բարձր նշաձող: Գուցե նման բաները նույնպես պետք է «դասավանդել»՝ մանկապարտեզում, դպրոցում, բուհում: Համենայնդեպս, կոնսերվատորիայից ես ավելի շատ այդ կարգի բաներ եմ հիշում, քան զուտ մասնագիտական գիտելիքները»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել