Մի քանի տեսակետների և հարցերի եմ ուզում պատասխանել Տավուշի մարզի դեպքերի հետ կապված։
1. Անընդհատ շահարկում են, որ այդ վայրերը գազաֆիկացված չեն  բա խեղճ գյուղացին ո՞նց ապրի, եթե ապօրինի անտառահատում չանի։
Պատասխան. գազաֆիկացումը նպատակահարմար չէ այն պարզ և հասարակ պատճառով, որ Հայանտառը անտառամերձ գյուղերի բոլոր ընտանիքներին թույլատրում է մինչև 8 մետր խորանարդ վառելափայտ բերել և ձմռանը տաքացնել, ինչը լիովին բավարար է, հետևաբար եթե մարդիկ ձմեռն անվճար են տաքանում, երբեք գազ չեն օգտագործելու, ուղղակի իմաստ չկա։
Հիշեցի մի անեկդոտ, երբ քահանային ասում են՝ ինչո՞ւ ես եկեղեցում մոմ վառում, երբ հոսանքն ավելի էժան է, քահանան պատասխանում է՝ բայց իմ մոմերն էլ անվճար են։
2. Երկրորդ վերհանված ու տարածված էմոցիոնալ դաշտ տեղափոխվող շահարկումը, թե բա՝ աշխատանքով ապահովեք, չեն գնա, փայտ գողանան։ 
Պատասխան. փայտի ապօրինի բիզնեսից այնպիսի մեծ գումարներ են աշխատում, որ զոռով տանես այլ աշխատանքի, ուղղակի չեն գնա, մարդիկ սովորել են հեշտ գումարներ աշխատելուն, ինչպես մուրացկաններին ու մարմնավաճառներին չես կարող համոզել օրինական աշխատանքով զբաղվել։
3. Նորից բերվում է աղքատության ու երեխա պահելու մասին շահարկումների թեման։ 
Պատասխան. զգացե՞լ եք, որ հիմնական անտառահատումները տեղի են ունենում Դիլիջանի և Իջևանի շրջաններում, իսկ Շամշադինի շրջանում գրեթե չկա, Շամշադինում գյուղացիները բնության մի մասնիկ են։ Հիմա ես հարց տամ. շամշադինցիները երեխա չեն պահո՞ւմ , կարո՞ղ ա առհասարակ երեխաներ չունեն, նամանավանդ որ Դիլիջան-Իջևան հատվածում ավելի հեշտ է գումար աշխատելը, քան, օրինակ, Բերդ քաղաքում։
4. Անընդհատ շահարկում են այն թեման, թե խոշոր չինովնիկներ էլ կան խառնված էդ գործին, եթե իրենց չեն ենթարկում պատասխանատվության, ապա մնացածին էլ չպիտի ենթարկեն։
Պատասխան. ըստ ձեզ և ձեր լոգիկայի՝ վերջնական բոլորին թողնեն, որ մինչև վերջ անապատացնեն երկիրը, ինչ է՝ երկու չինովնիկ կարողանում են խուսափել պատասխանատվությունի՞ց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել