Araratnews.am-ը գրում է.

Հանրապետությունում այս տարվա 7 ամսվա ընթացքում արձանագրվել է սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով: Բարեբախտաբար, թունավորվածների շրջանում մահվան ելք չի գրանցվել: Դեպքերից 10-ն արձանագրվել է Լոռու, 2-ը՝ Արարատի, 3-ը՝ Կոտայքի մարզերում, 5-ը՝ Երևանում:

Նշենք, որ բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է:

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խորհուրդ է տալիս`

  • չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
  • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
  • սննդում չօգտագործել հում սունկ
  • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
  • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
  • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
  • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Առողջապահության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել