Մինչև 20-րդ դարասկիզբը պատերազմները տարածաշրջանային բնույթ էին կրում: 20-րդ դարն առաջ բերեց նաև համաշխարհային պատերազմներ, որոնց ծագման գլխավոր պատճառը պայքարն էր՝ աշխարհի վերաբաժանման համար:

1914 թվականի օգոստոսի մեկին սկսեց առաջին աշխարհամարտը։ Սա մի պատերազմ էր, որտեղ առաջին անգամ կիրառվեց ծանր զրահատեխնիկա, ավիացիա և թունավոր գազ. մինչ այդ մարդկության պատմության մեջ նման ծավալի ռազմական գործողություններ տեղի չէին ունեցել:

Ակնհայտ էր, որ մեկ առանձին վերցրած երկիր, ինչքան հզոր լիներ, չէր կարող աշխարհի վերաբաժանման խնդիրը լուծել ինքնուրույն, դրա համար պահանջվում էր այդ նպատակը հետապնդող պետությունների միավորում, նրանց ռազմաքաղաքական խմբավորումների ստեղծումը, որի դեմ առաջ է գալիս աշխարհի վերաբաժանման դեմ հանդես եկող պետությունների խմբավորում: Երկու ռազմաքաղաքական խմբավորումների ու նրանց աջակցող պետությունների ռազմական ընդհարումն ընդունեց համաշխարհային պատերազմի բնույթ: Համաշխարհային պատերազմը կապված էր նաև համաշխարհային տնտեսության ձևավորման հետ, որի արդյունքում տեղի ունեցավ անհավասարաչափ բաշխում:

Մի շարք խոշոր տերություններ (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա, Ճապոնիա) խիստ դժգոհ էին, որ աշխարհաքաղաքական բաժանումների ընթացքում իրենց քիչ մասնաբաժին է հասել: Այս պետություները, ունենալով տնտեսական վերելք և արդյունաբերական բարձր տեմպեր, առաջադրեցին նոր շուկաների ու հումքի աղբյուրների պահանջ, որը կարող էր բավարարվել միայն զինված ուժով խոշոր գաղութատեր տերություններից նրանց ենթակա տարածքները խլելու ճանապարհով:

Սրանից հետո խիստ սրվեց պայքարը Գերմանիայի ու Անգլիայի միջև գաղութների ու ազդեցության ոլորտների համար: Նաև այդ ամենին զուգընթաց սրվեց հակասությունը Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև Էլզաս-Լոթարինգիայի համար, Գերմանիայի ու Ռուսաստանի միջև Կ.Պոլսի նեղուցների համար, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև՝ Արևմտյան Հայաստանի ու Կ.Պոլսի համար, Ավստրո-Հունգարիայի ու Ռուսաստանի միջև ՝ Բալկաններում գերիշխելու համար:

Գերմանիայի գլխավորած պետությունների կոալիցիայի մեջ մտնում էին Ավստրո-Հունգարիան, Իտալիան, Թուրքիան, ավելի ուշ՝ նաև Բուլղարիան: Մյուս կողմից Անտանտանը՝ Անգլիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի գլխավորությամբ, որի մեջ մտան 34 պետություններ:

Մասնակցող խոշոր պետություններից յուրաքանչյուրն ուներ իր իմպերալիստական զավթողական պլանները: Դա էլ որոշում էր Առաջին աշխարհամարտի բնույթը: Այն իմպերիալիստական զավթողական անարդարացի պատերազմ էր: Առաջին աշխարհամարտն ուներ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալ-քաղաքական պատճառներ, որոնք իրենց հերթին նույնպես նպաստեցին պատերազմի ծագմանը:

Պատերազմն իր մեջ առավ 38 պետությունների՝ 1.5 մլրդ բնակչությամբ: Այն առաջ բերեց վիթխարի ավերածություններ, պատճառեց մարդկային ու նյութական մեծագույն կորուստներ: Առաջին աշխարհամարտը տարավ 10 մլն մարդու կյանք, հաշմանդամ դարձրեց շուրջ 20 մլն մարդու: Անհասելի չափերի հասան տնտեսական ավերածություններն ու ժողովուրդների աղքատությունը:

Պատերազմի ամենամեծ հետևանքը եղավ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազդեցության մեծացումը ամբողջ աշխարհում: Իրենց նոր ներուժը օգտագործելու համար ստեղծվեցին նոր նախարարություններ: Մտցվեցին նոր հարկեր, ընդունվեցին նոր օրենքներ, որպեսզի պահպանեն իրենց ռազմական ներուժը, դրանցից շատերը գործում են մինչ օրս: Եվ հակառակը, որոշ վաղեմի մեծ տերություններ, ինչպիսիք են Ավստրո-Հունգարիան և Գերմանիան, կորցրին իրենց ազդեցությունը:

Համախառն ազգային արդյունքն աճեց դաշնակից երեք երկրներում (Բրիտանիա, Իտալիա և ԱՄՆ), բայց նվազեց Ֆրանսիայում, Ռուսաստանում, չեզոք Նիդերլանդներում և Կենտրոնական ուժերի մոտ:

Հ.գ.1. Մինչ Առաջին աշխարհամարտը պատերազմի դաշտում ոչ մի զինվոր մետաղից սաղավարտ չէր կրում։ Ֆրանսիացիներն առաջինն էին, որ սկսեցին օգտագործել դրանք 1915թ․-ին։

Հ.գ.2. Պատերազմը յուրաքանչյուր օր առնվազն 6,000 մարդու կյանք է խլել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել