Картинки по запросу SOCARԱդրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) պատասխանատու է հում նավթի և բնական գազի արտահանման, երկրի նավթավերամշակման երկու գործարանների շահագործման, նավթամուղների շահագործման և նավթի ու գազի արտահանման/ներկրման համար:

Դեռ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ժամանակներից SOCAR-ը պարտադիր մասնակցում էր Ադրբեջանում իրականացվող բոլոր նավթային և գազային ծրագրերի Արդյունքի բաշխման hամաձայնագրերում և կոնսորցիումներում:

SOCAR-ը Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կոնսորցիումների 25%-ի բաժնետերն է, ինչպես նաև մասնակցում է ավելի քան 20 այլ Արդյունքի բաշխման hամաձայնագրերում: Ներկայումս SOCAR-ն ապահովում է Ադրբեջանում արդյունահանվող նավթի մոտ 20%-ը: 1990-ականների վերջին կնքված գրեթե բոլոր համաձայնագրերում նկատելի է SOCAR-ի մասնաբաժնի ավելացում: Այն միջինը գտնվում է արդեն 20-50%-ի տիրույթում: Համաձայն որոշ մեկնաբանությունների՝ այս հանգամանքը վկայում է, մի կողմից՝ ընկերության տեխնիկական հասունացման, մյուս կողմից՝ ոլորտը վերահսկելու պետության, ավելի ճիշտ` երկրի նախագահի և նրա մերձավորների ցանկության մասին: Այս իրադրությունը խորացնում է SOCAR-ի գործունեությանն ի սկզբանե բնորոշ ներքին հակասությունները:

Մի կողմից՝ այս ընկերությունը, պահպանելով լոյալությունը նախագահին (և իր նախկին ղեկավարին), ստիպված է որոշակի ֆինանսական «մասհանումներ» անել Նավթային հիմնադրամին, նախագահի անձնական ֆոնդին, ինչպես նաև Հ. Ալիևի հիմնադրամի սոցիալական բնույթի ծրագրերի ֆինանսավորմանը: Ընդ որում, համաձայն Ադրբեջանի որդեգրած նավթային ռազմավարության՝ այս փոխանցումները և, առաջին հերթին, այսպես կոչված, «Ադրբեջանի Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) նավթի շահութային վաճառքի եկամուտները», ազատված են տարատեսակ հարկումներից, որոնց ենթակա են բոլոր այլ եկամտային փախանցումները, ինչպես նաև ունեն այլ զեղչումներ: Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը նպաստում է դրամական հոսքերի անվերահսկելիությանը և էլ ավելի է մեծացնում առանց այդ էլ շոշափելի կոռուպցիան ոլորտում: Մյուս կողմից, մասնակցելով բազմաթիվ համաձայնագրերում և կոնսորցիումներում, SOCAR-ը պետք է ապահովի գործարար պատշաճ արդյունավետություն և շահութաբերություն: Սակայն, որոշ աղբյուրների գնահատմամբ, այս ընկերությունը գործում է ծայրաստիճան անարդյունավետ: Այս առումով առավել խոսուն է ընկերության կադրային քաղաքականությունը:

2011թ. սկզբի դրությամբ ընկերությունն ուներ մոտ 70 հազար հոգանոց աշխատակազմ, ընդ որում՝ անձնակազմի մեկ մարդու հաշվով այն արդյունահանում էր մոտ 2.61 բարել նավթային համարժեք: Մինչդեռ անգամ ռուսական Գազպրոմի պարագայում, որն աշխարհի նավթագազային ամենաարդյունավետ ընկերությունը չէ, այս ցուցանիշը կազմում է 17.1 բարել ն.հ./մարդ: Բացի այդ՝ միջինից զգալիորեն ավելի բարձր աշխատավարձերով և հավելավճարներով, աշխատողներին անվճար տրամադրվող բնակարաններով ու մանկապարտեզներով, ամառային հանգիստը մասնակիորեն կամ լրիվ ֆինանսավորող վաուչերների համակարգով SOCAR-ը ադրբեջանական հասարակության, առաջին հերթին՝ դրա մասնագիտական, ճարտարագիտական հատվածների, որակյալ բանվորների և գրեթե ողջ միջին դասի համար դարձել է աշխատանքի և կյանքի հարմարությունն ապահովող բաղձալի երազանք:

SOCAR-ի «ոսկյա 70 հազար»-ի գոյացումն ու առկայությունը երկրում հասարակական շոշափելի լարում են ստեղծում: Առավել ևս, որ նավթագազային ոլորտն առհասարակ ներքին շուկայում ստեղծում է խիստ սահմանափակ թվով աշխատատեղեր: Մինչդեռ այստեղ ստացված եկամուտները կամ մեկ շնչին ընկնող ներդրումները երեք կարգ անգամ ավելին են, քան Ադրբեջանի տնտեսական համակարգի այլ ոլորտներում: SOCAR-ի գործունեության մեջ անձնական, քաղաքական և գործարար խնդիրների հստակ ֆունկցիոնալ տարանջատման բացակայությունը հանգեցնում է ընկերության արդյունավետության կորստի և մեծացնում իրականացվող գործառույթների անթափանցիկությունը:

Բավական է նշել, որ SOCAR ընկերության 2008թ. ամենամյա հաշվետվությունը չի ներկայացնում նավթի վաճառքից և արտահանումից ստացված իր շահույթի մասին որևէ տվյալ: 2011թ. սեպտեմբերի դրությամբ այս ընկերությունը չուներ հոգաբարձուների խորհուրդ և, ըստ էության, ղեկավարվում էր միայն ընկերության նախագահի և փոխնախագահի կողմից, որոնք իրենց հերթին նշանակվում են նախագահի կողմից: Սա բացառիկ երևույթ է աշխարհի ազգային նավթային ընկերությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել