Картинки по запросу նավթՀամաձայն Ասոշիեյթեդ Փրես գործակալության 2011թ. սեպտեմբերի 12-ի հաղորդագրության՝ Կասպից ծովի Ապշերոն նավթադաշտում ֆրանսիական Total ընկերության կողմից հայտնաբերվել են նոր և հարուստ ապացուցված գազի պաշարներ: Համաձայն աղբյուրի՝ դրանից հետո Ադրբեջանի գազի ապացուցված պաշարները գնահատվում են 2.55 տրիլիոն մ3: Ակնկալվում է, որ Ապշերոն դաշտից գազի արդյունահանումը կսկսվի 2017-19թթ.: Ընդ որում՝ այս ծրագիրն իրականացնող կոնսորցիումի 40% մասնաբաժինը կպատկանի ֆրանսիական Total ընկերությանը: Նույնքան կլինի նաև պետական SOCAR ընկերության մասնաբաժինը, ևս 20%-ը կպատկանի ֆրանսիական GDF Suez էներգետիկ ընկերությանը: Այս ընկերությունը հիմնվել է 2008թ. հուլիսին` Gaz de France և Suez ընկերությունների միաձուլումով: 2011թ. հայաստանյան այցից հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին այցելեց նաև Բաքու: Այցի ընթացքում ոչ միայն Պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրվեց Մեհրիբան Ալիևան, այլև ստորագրվեցին ածխաջրածինների ապագա արդյունահանման հետ կապված մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Այսպիսով՝ Ադրբեջանը ածխաջրածինների արդյունահանման ոլորտ ֆրանսիական ընկերությունների մասշտաբային մուտքով որոշակիորեն կարող են թուլանալ British Petroleum ընկերության գրեթե մենաշնորհային: Այս գործընթացն անհրաժեշտ է դիտարկել «ռեսուրսային կցորդ» հանդիսացող (Լիբիա, աֆրիկյան մայրցամաքի մի շարք այլ երկրներ, Ադրբեջան, ԱՊՀ) երկրներում Անգլիա (ԱՄՆ)-Ֆրանսիա տնտեսական մրցակցության և ԵՄ-ում այս երկրների ներկայումս ծավալվող տնտեսական-քաղաքական հակամարտության համատեքստում:

Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի արդյունահանումը բոլոր համարժեք գնահատականներով հատել է պիկային հզորությունը՝ այդպես էլ չհասնելով 1 միլիոն բարել օրական արդյունահանման ցուցանիշին: COP ծրագրի իրականացումը թույլ կտա վերաբաշխել ԱՉԳ նավթադաշտի ներքին ճնշումը և երկարացնել պլատոյի ռեժիմում նավթարդյունահանումը: Սակայն առաջիկա 3-5 տարիներին անխուսափելի է Ադրբեջանում նավթարդյունահանման ծավալների անկումը` Ազերի-Չիրագ-Գյունեշլից արդյունահանելի պաշարների սպառման և դրանց անգամ մասնակիորեն փոխարինող այլ նավթադաշտերի բացակայության հետևանքով:

Այսպիսով՝ Ադրբեջանում ավարտվում է «Կասպիական մեծ նավթի դարաշրջանը»: Հետևաբար, անխուսափելի է նաև նավթադոլարների «տարափի» նվազումը՝ պայմանավորված Ազերի-Չիրագ-Գյունեշլի-Բաքու-Թբիլիսի-Ջեհյան ծրագրի իրականացմամբ: Որոշակի առումով կարելի է պնդել, որ ավարտվում է նաև BP «գերիշխման» դարաշրջանն Ադրբեջանում՝ հաշվի առնելով այլ, առաջին հերթին՝ ֆրանսիական ընկերությունների ներուժը գազային ոլորտում: Ադրբեջանի համար առջևում է գազի դարաշրջանը: Սակայն ոչ բարդ հաշվարկները ցույց են տալիս, որ գազի արդյունահանումն ու արտահանումը չեն կարողանալու կոմպենսացնել նավթային եկամուտների անխուսափելի կրճատումը:

Ադրբեջանում անցած տարիներին նավթի արդյունահանումն իր առավելագույն ցուցանիշներով կազմում էր մոտ 1 մլն բարել օրական, ինչը մոտ $100/բ երկարաժամկետ միջին գնի դեպքում տարեկան ապահովում էր մոտ $36.0-36.5 մլրդ արժողությամբ ադրբեջանական նավթի վաճառքային ծավալի գոյացում: Մյուս կողմից՝ հայտնի է, որ ադրբեջանական գազի առ այսօր ամենահավակնոտ ծրագրի (Շահ Դենիզի 2-րդ փուլ և TANAP գազատար) արդյունահանման նախագծային ցուցանիշը կազմում է մոտ 16 մլրդ մ3 գազ տարեկան: Գազի $340/հազ. մ3 երկարաժամկետ միջին գնի դեպքում այն կարող է տարեկան գոյացնել միայն $5.44 մլրդ վաճառքային ծավալ: Այսինքն՝ մոտ 7 անգամ ավելի քիչ, քան Ազերի-Չիրագ-Գյունեշլի-Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթային ծրագիրը: Գազի $500/հազ. մ3 չափազանց «շռայլ» երկարաժամկետ գնի դեպքում տարեկան վաճառքի ծավալը կկազմի $8.0 մլրդ, այսինքն` նվազում մոտ 4.5 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել