Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է 1877թ. Ախալքալաքում: Դեռ հազիվ մեկ տարեկան էր, երբ սնանկացել է վաճառական հայրը՝ ընտանիքը մատնելով լիակատար չքավորության...
Դեմիրճյանն այն գրողներից է, որ մշտապես անդրադարձել է ազգային պատմության թեմաներին: «Վարդանաք» պատմավեպը գրելու շարժառիթը Դեմիրճյանը բացատրել է այսպես. «Վարդանանք պատմավեպը ես գրեցի Հայրենական պատերազմի ժամանակ, երբ վճռվում էր մեր հայրենիքի լինել-չլինելու ճակատագրական խնդիրը: Ես զգացի, որ Վարդանանքի պահանջը օդի մեջ է: Ես հիշեցի 5-րդ դարը, հայ ժողովրդի կյանքի ու մահի կռիվը պարսից բռնակալության դեմ, և քանի որ ժողովուրդը դուրս էր եկել Հայրենական մեծ պատերազմի, ես կամեցա հիշեցնել նրան, որ նա հնում շատ է ունեցել նման պատերազմներ, որոնց մեջ ամենամեծը Վարդանանց պատերազմն է»:
Վեպը սկսվում է, թե ինչպես Պարսկաստանի բռնակալ թագավոր՝ Հազկերտը, գրություն է ուղարկում Հայաստան՝ հրաման արձակելուվ քրիստոնեության փոխարեն ընդունել զրադաշտական կրոնը: Միաժամանակ պահանջելով, որ հայ նախարարները գնան իր աթոռանիստ քաղաք՝ Տիզբոն, և այնտեղ կրոնափոխության երդում տան: Հազկերտի հրովարտակը ամբողջ Հայաստանով մեկ դժգոհության ալիք է բարձրացնում: Սպասվող արհավիրքը, որ սպառնում է վերջ տալ հայությանը, բոլորին գցում է ծանր մտատանջության մեջ: Նախարարների մի մասը Վասակ Սյունեցու գլխավորությամբ, ով հայոց մարզպանն էր, համաձայնվում է գնալ Տիզբոն և երդում տալ, իսկ մյուս մասը, Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ չի համաձայնվում պարսից թագավորի պահանջին և նրանց բանտարկում են: Միակ ելքը դժվարին կացությունից դուրս գալու համար կեղծ երդում տալն էր: Մոգերի ու մոգպետների գլխավորությամբ հայոց նախարարները Տիզբոնից վերադառնում են Հայաստան: Վարդանը համախմբում է բոլոր նախարարներին, ժողովրդական զանգվածներին՝ ստեղծում մի ամբողջ շարժում և նախապատրաստում ապստամբության: Շարժման մեջ իրենց տեղն ու դերն ունեն և՛ Վարդանի կողմնակից նախարարները, և՛ հոգևորական դասի ներկայացուցիչները, և՛ զինվորները: Դեմիրճյանը վեպում կերտել է հայրենասեր նախարարների մի շարք կերպարներ, ովքեր ճակատագրական օրերին հանդես են գալիս բարձր հատկություններով: Այդ նախարարներից է Ատոմ Գնունին, ով Վարդանից հետո երկրորդ դեմքն է նախարարների մեջ: Առանց տատանվելու նա միանում է Վարդանանց շարժմանը և մեծ գործ է կատարում դիմադրությունը կազմակերպելու համար: «Հայրենիքը պետք է փրկենք»՝ սա է Ատոմի առաջին և վերջին նշանաբանը: Մյուս նախարարն է Արտակ Մոկացին, ով քաջ ծանոթ է Հայոց պատմությանը և հպարտությամբ է խոսում իր ժողովրդի մասին: Վարդանը առաջինը նրան է ուղարկում Ավարայր՝ իմանալով, թե ինչպիսի անձնազոհության է ընդունակ երիտասարդ նախարարը: Հայրենասերների շարքում են նաև հայոց այրուձիի հրամանատար Գարեգին Սրվանձտյանը, ով պարսկական հողից այրուձին հասցնում է Հայաստան, ծեր նախարար Վահան Ամատունին, Վարդանի թիկնապահ Արծվին, որդին՝ Զոհրակը, հոգևորական Ղևոնդ Երեցը, հայոց մատենագիրներ և ճակատամարտի մասնակիցներ Եզնիկ Կողբացին և Եղիշեն, մայրը՝ մեծ տիկինը, Ավարայրում նահատակված Անահիտը, ով հանուն հայրենիքի հրաժարվում է իր անձնական երջանկությունից...
Ինչպես Վարդան Մամիկոնյան անունը հերոսության և հայրենասիրության խորհրդանիշն է, այնպես էլ Վասակ Սյունեցունը՝ դավաճանության: Վարդանը գտնում էր, որ հայոց պետությունը պետք է վերականգնել պայքարի միջոցով, իսկ Վասակն այդ ուղին տեսնում էր հնազանդության և հպատակության մեջ: Վասակն ինչպես հայասեր չէր, այնպես էլ պարսկասեր չէր, քծնում էր պարսիկներին, սակայն հոգու խորքում ատում նրանց: Վասակին մինչև հոգու խորքը վիրավորում է այն, որ ժողովրդի մեջ չունի Վարդանի հեղինակությունը, որ նախարարների մեծ մասը հավատում և վստահում է սպարապետին: Վասակն ընկնում է այն աստիճան, որ իր զորքով միանում է պարսկական գնդին և պայքարում հայերի դեմ: Ճակատամարտում սպանվում է հայերի ձեռքով...
451թ.-ի մայիսին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում հայերի ու պարսիկների ճակատամարտը, որտեղ հայկական զորքը տանում է բարոյական հաղթանակ: Սպանվում են Վարդանը, նրա միակ որդի՝ Զոհրակը, և նախարարներից շատերը, բայց ժողովուրդը կարողանում է պաշտպանել իր անկախությունը...
Հեղինակը վեպում ցույց է տվել երկու հիմնական կոնֆլիկտ, դրանցից մեկը Հայաստանի և Պարսկաստանի կոնֆլիկտն է, մյուսը՝ Վարդանանց և Վասակյանց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել