Թաթուլ Մանասերյանի դիմումներին որոշել էի չպատասխանել։ Նրա տեսակի հետ կապված խնդիր եմ տեսնում։ Բայց ամեն ինչից զատ նա էլ մի քաղաքացի է և որևէ մարդկային վերաբերմունքի է արժանի։ Ինչևէ, ԹՄ նախագահական ընտրությունների նախօրյակին, դրամի ներմուծման քսանամյակին, մամուլով հայտարարեց, որ 1993թ. դրամի ներմուծմանը հաջորդած արժեզրկումը կապված էր այն բանի հետ, որ 1993թ. ՀՀ վարչապետ Հ.Բագրատյանը թերացել էր և չէր տպագրել ու ներմուծել մանրադրամը։ Ես ինձ իրավունք եմ վերապահում ենթադրելու, նաև ճանաչելով ԹՄ որակական հատկությունները, որ ԹՄ-ին նման հարցադրումը պատվիրել էին։ Ինչևէ, նույնիսկ եթե դա նրա նախաձեռնությունն էր, ապա Ֆեյսբուքի իմ էջում նշեցի, որ (1) դրամի ներդրման գործը 1993թ. ԳԽ (այն ժամանակ ԱԺ չկար) հանձնարարել էր եռյակին Տ.Սարգսյանի գլխավորությամբ (կառավարությունը այդտեղ կապ չուներ, ուներ միայն ներկայացուցիչ), և (2) իրականում 1993թ. մայիսից սկսած ՀՀ ներմուծվել են բավականաչափ քանակի մանրադրամներ՝ լումաներ։ Շատերը կհիշեն՝ ի սկզբանե, իրոք, լումաները շրջանառության մեջ կային։ Եռյակը կոպիտ հաշվարկային սխալ կատարեց, ինչը պարզապես դրամը ներմուծելուց հետո հանգեցրեց աննախադեպ գնաճի, փոխվեց գների մասշտաբը, և լումաների պահանջը գոլորշիացավ։ Սա բացարձակ ճշմարտություն է, և նա, ով 1993թ. այդ ժամանակ Հայաստանում է եղել, հիանալի հիշում է։ Բացի այդ նշեցի այդ պարոնի կողմից էթիկայի խախտման մասին. փոխանակ մամուլով ստեր տարածելու, կարող էր մինչ այդ հիմնարկում, որտեղ աշխատում ենք (դասավանդում ենք ռուս-հայկական համալսարանում), միջանցքում բարևելիս հարցնել, թե իրականում ի՞նչ է եղել։ Սա հասարակ մասնագիտական էթիկայի հարց է։ Բնական է, նա իր պատասխանը ստացավ։
Հետո եկան ՀՀ նախագահի նախընտրական քարոզարշավի օրերը։ Վ.Բոստանջյանի հետ բանավեճում (Առավոտում) այս պարոնին կարծես հանձնարարած լինեին փնովելու իմ տնտեսական ծրագիրը։ Նրան որևէ այլ թեկնածուի ծրագիր չէր հետաքրքրում։ Զորօրինակ նա հայտարարեց, որ իմ ծրագրում առկա են հակասություններ։ 57-րդ, 58-րդ և 66-րդ կետերը հակասում են միմյանց. մի դեպքում խոսվում է դրամի փոխարժեքի արհեստական արժևորման անթույլատրելիության (57-րդ կետ), իսկ մյուս կետում դրամի կայունության ապահովման մասին (66-րդ կետ)։ Դրանից հետո էլ, թե Բագրատյան, արի բանավիճենք։ Նախ՝ էթիկայի մասին, մի հատ զանգ տուր հարցրու, հետո հրապարակային ելույթ ունեցի։ Եթե դու, ինչպես նշում ես, տվյալ դեպքում փորձում ես հանդես գալ ոչ թե որպես քաղաքական դիվիդենդներ կռող, այլ պարզապես մասնագետ-տնտեսագետ։ Երկրորդ՝ քեզ հանգիստ պատասխանում են, որ ծրագիրը սխալ ես հասկացել։ Դրամի փոխանակարժեքի իջեցումը այսօրվա մեգաէկոնոմիկայի դարում նշանակում է դրա ուժեղացում։ Հայտնի բան է, նորագույն տնտեսագիտական աշխատությունները փաստում են, որ եթե գլոբալ տնտեսության պայմաններում ձեր ազգային արժույթի հիմքում պահուստների մասով դոլարն է (օրինակի համար), ապա նկատի ունենալով այն, որ ամերիկյան պետության բյուջեի դեֆիցիտի սպասարկումը կատարվում է պետական պարտատոմսերի (այլ ոչ թե դոլարի) էմիսիայի հաշվին, սինյորաժը մեծանում է։ Տվյալ դեպքում ամերիկացիները արտադրում են (և ոչ թե ստեղծում են) ներքին պարտք և ապա այն արտահանում են այլ երկրներ (այդ թվում Հայաստան)։ Սա կոչվում է պարտքի արտահանում։ Այս պարագայում այլ երկրի ներքին պարտքի ներմուծումը Հայաստան կանխելու միակ ձևը դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի սահուն անկումն է։ Հայաստանի կառավարությունը սա չի հասկացել և վերջին 10 տարիների մեծ հաշվով արժևորել է դրամը։ Վնաս է տվել Հայաստանին։ Մեգաէկոնոմիկայում կոնրետ այս դեպքում դրամի արժեզրկումն իրականում դրա ուժեղացումն է նաև այն պատճառով, որ եթե մենք արգելում ենք արտարժույթային դեպոզիտներն ու վարկերը, մենք կրճատում ենք այլ վալյուտաներից կախվածությունը։ Առաջիկա մի քանի տարիներին ևս ՀՀ պետականության ամենամեծ գրավականը լինելու է ազգային արժույթը։ Ես չգիտեմ՝ ԹՄ-ին մասնագիտորեն նման կարգի մտքերը հասանելի են, թե՝ ոչ։ Եթե ինչ-որ բան պարզ չէ, կարելի էր զանգել հարցնել։ Ավելին, ԹՄ-ին ասվեց, որ դու նախագահի թեկնածու չես, որ վազենք բանավեճի։ Ծայրահեղ դեպքում մեզանից կոնկրետ անձ (անուն- ազգանունը նշեցինք) կգա կբացատրի (կբանավիճի)։
Ընտրություններն ավարտվել են, բայց այս մարդու սիրտը նորից բանավեճ է ուզում։ Պիտի ասեմ, որ ԹՄ-ի մասնագիտական հատկությունները ինձ չեն գոհացնում։ Գրքեր չկան, հեղինակավոր հրապարակումներ չկան, միջազգային դասակարգիչներում նա չկա, երբեք չեմ տեսել, որ ասենք իբրև փորձագետ այլ հսկայական պետությունների մակարդակով (ԵՄ, ՌԴ, Ուկրաինա և այլն) պատվեր կամ հրավեր ստացած լինի, տեսություն չունի և այլն։ Այնուամենայնիվ, ես ժողովրդավար եմ։ Ես նրան սիրով բանավիճելու հնարավորություն եմ տալիս։ Օրինակ, վաղը մենք սլավոնական համալսարանի տնտեսագետների մոտ (4-րդ կուս 4-րդ հարկ) 9։30-ից մինչև 14։00 հենց այդ հարցերն ենք բանավիճելու։ Համեցեք։ Ամսի 20-ից գործուղման եմ, իսկ մարտի 31-ից սկսած նորից դասեր կան։ Խնդրեմ, ճշտեք դասացուցակը ու եկեք բանավիճելու, ինչքան ուզում եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել