Image result for ընտրություններՀայ իրականության մեջ ազգային ժողովներ կամ աշխարհաժողովներ գումարվել են դեռևս վաղնջական ժամանակներից: Ազգային ժողովներ, իհարկե, ոչ ներկա ըմբռնմամբ, Հայաստանում գումարվել են ժամանակ առ ժամանակ` ազգի առջև ծառացած բախտորոշ ու ճակատագրական հարցերի վերաբերյալ վճիռներ կայացնելու, ինչպես նաև հասարակական հարաբերությունները կարգավորող կանոններ ընդունելու նպատակով: 449թ. Արտաշատում գումարված հայ ավագանու` նախարարների և բարձրաստիճան հոգևորականների ժողովը մերժողական պատասխան տվեց Հազկերտ Բ-ի` քրիստոնյա հպատակներին զրադաշտություն պարտադրող հրովարտակին:

Թագավորության վերացումից հետո աշխարհաժողովին փոխարինեց Եկեղեցական ժողովը` կաթողիկոսի նախագահությամբ: Դվինում (506թ., 554թ., 609թ., 645թ., 702թ.) տեղի ունեցած ժողովներում քննարկվեցին դավանաբանական հարցեր, և ընդունվեցին հարյուրավոր կանոններ:

Հետխորհրդային առաջին գումարման ԳԽ 1990թ. կազմավորվեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամավոր): Նոր խորհրդարանում ներկայացված էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստները և ՀՀՇ: Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները:

Առաջին գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնվեց 190 պատգամավոր` 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով: Պառլամենտ անցան «Հանրապետություն» միավորում` 50%, «Շամիրամ»` 20%, ՀԿԿ` 15%, ԱԺՄ` 7,5%, ԱԻՄ` 7,5 %: Խորհրդարանում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ.): 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.):

Երկրորդ գումարման ԱԺ ընտրություններում 131 պատգամավորից` 75 մեծամասնական էր, 56 համամասնական: Ըստ ընտրությունների արդյունքների` 5 % սահմանագիծը հաղթահարեցին 6 կուսակցություն և դաշինք, որոնց միջև տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. «Միասնություն» դաշինք` 41,69 % ՀԿԿ` 12,09 %, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք` 7,96 %, ՀՅԴ` 7,86 %, ՕԵԿ-ը` 5,28, իսկ ԱԺՄ` 5,17 %:

Երրորդ գումարմանը պառլամենտում պատգամավորներից 75-ը համամասնական էին, իսկ 56 մեծամասնական: Քաղաքական ուժերից ներկայացված էին հետևյալ 6 ուժերը. ՀՀԿ` 23,66 %, «Արդարություն» դաշինք` 13,71%, ՕԵԿ` 12,60 %, ՀՅԴ` 11,45 %, «Ազգային միաբանություն»` 8,91%, ՄԱԿ` 5,67%:

Այս գումարման խորհրդարաններում իշխանական կուսակցությունները չեն ունեցել ճնշող մեծամասնություն: Ի տարբերություն մյուսների առաջին երեք գումրարումների ներկապնակը բավականին բազմագույն էր և քաղաքականապես բավականին հետաքրքիր:

2007-ին համամասնական ընտրակարգով խորհրդարան էին անցել ՀՀԿ-ն 32, 89 %, ԲՀԿ-ն 14,7 %, ՀՅԴ-ն 12,75 %, ՕԵԿ-ը 6,85 %, և «Ժառանգությունը» 5,82 % նախնական ցուցանիշներով։ Խմբակցություններում չընդգրկվեց 11 պատգամավոր: 2012-ի ընտրությունների նախնական պատկերն այսպիսին է՝ ՀՀԿ (44,02 ԲՀԿ (30,13), ՀԱԿ-ը 7,08, «Ժառանգություն» 5,77, ՀՅԴ 5,72, ՕԵԿ-ը 5,48 % քվեներ։ Խմբակցություններ չմտան 2 պատգամավոր:

Արդյոք պատահական է այն փաստը, որ 2007-ին եւ 2012-ին խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին գրված ձայների հանրագումարը նույնն է եղել` 2007-ին 354 հազ. 279, իսկ 2012-ին` 362 հազ. 561: Իշխանական երկու ուժերի` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի օգտին գրված ձայների հանրագումարը 2007-ին կազմել է 662 հազ. 741, իսկ 2012-ին` 1 մլն 118 հազ. 937: 2007-ի ընտրությունների համեմատ՝ 2012-ին ԲՀԿ-ի օգտին գրված ձայների թիվն ավելացել է 250 հազ.-ով, իսկ ՀՀԿ-ինը` 200 հազ.-ով: Ընտրողների ցուցակային թիվն ավելացել է մոտ 200 հազ.-ով, նույնքան ավելացել է նաև ընտրություններին մասնակցության պաշտոնական ցուցանիշը:

Այն քաղաքական ուժը, որը կհավակնի հաջողության հասնել, պետք է իր առաջ խնդիր դնի կազմալուծել ընտրությունների կեղծման համակարգը, առնվազն կարողանա հասնել այն բանին, որ այն քվեարկության օրը չհասցնի համակարգված գործել, այդ դեպքում անակնկալներն իրենց սպասել չեն տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել