Image may contain: 1 person, close-upՀայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեն տարբեր ուղղություններ ունեցող քաղաքական ուժեր՝ ռուսամետներ, արևմտամետներ և խառնամբոխ: Սակայն հետաքրքրականն այն է, որ դա շատ պայմանական ցուցիչ է, և չի կարելի որպես կայացած դոգմաներ դրանց հիման վրա դատողություններ անել:

Փորձենք խնդրին անդրադառնալ մի փոքր խորքից: Դեռևս անտիկ ժամանակներից գոյություն է ունեցել քաղաքական որևէ բևեռի կողմից աջակցություն ունենալու հանգամանքը: Պատմությունն ուսումնասիրելով՝ հաճախ ենք բախվում այն թեզին, թե այս կամ այն իշխանը հռոմենամետ էր կամ պարսկամետ: Հայոց արքունիքը փորձում էր հաճոյանալ կա՛մ Տիզբոնին, Կ. Պոլսին, կա՛մ Բաղդադին:

Ներկայումս քաղաքական իրականությունը չի փոխվել, ուղղակի տարբեր են դաշտում խաղացողներն ու աշխարհագրական անունները:

Սա մի տեսակ նման է ազգային յուրատեսակ ողբերգության, քանի որ իրականում ոչ թե Մոսկվան, Վաշինգտոնը պետք է ձևավորի իշխանության և առաջիկայում ընտրություն կատարի, այլ, ասենք սարամեջցի Վալոդ քեռին, սիսիանցի Հերիքնազ մորաքույրն ու արեշցի ուստա Բագրատը: Բրյուսել կամ Վաշինգտոն մի քանի հազար դոլարանոց այցերի փոխարեն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կհորդորեի ավելի շատ ու հաճախ այցելել մարզեր, լինել համայնքներում ու իմանալ ժողովրդի սրտի ուզելիքը, փորձել որոշակի լուծումներ և նոր օրակարգեր առաջարկել նրանց: Այնինչ բոլորիս համար պարզ է, որ նախընտրական այս մրցապայքարում բոլորի վեկտորները միանգամից միտվելու են դեպի հասարակ ժողովուրդը, փորձելու են հերթական խոստումների ու աչքակապության միջոցով ստանալ հերթական մանդատը:

Մի դիտարկում ևս. քաղաքական ուժերի մոտ բավականին տարածված երևույթ է նաև այն փաստը, երբ այս կամ այն բևեռ այցից հետո իրենց այցը որակում են «պատմական» ու «շրջադարձային»: Մարդիկ այցի շրջանում հանդիպում են Կրեմլի կամ Սպիտակ տան պահակին ու ժամապահին, իսկ վերադառնալուց հետո խոսում պետական մակարդակի բարձր ընդունելության մասին:

Դառնալով առաջիկա ընտրություններում ներգրավված ուժերին՝ հանդիպում ենք բավականին գերհագեցած «մետների» ներկապնակի:

Ամենացայտունը հատկապես արտաքին քաղաքական կողմնորոշման սահմանագիծն է, որը, դատելով ներկայիս դաշինքային մղձավանջից, Հայաստանում կարծես գոյություն էլ չի ունեցել, կամ գոյություն ունեցածը եղել է ամբողջովին արհեստական։ Ռուսամետները միավորվում են արևմտամետների հետ, հակառուսականները դաշինքներ են կազմում հակաամերիկանիստների հետ, ավելի ճարպիկները շարունակում են «ոչ և՛ ռուսներին, և՛ ամերիկացիներին» ճամարտակությունը։

Հ.գ. Հայկական ռուսամետությունը պայմականորեն հայկական արևմտամետության ձևափոխումն է (Իսրայել Օրի), իսկ այսօրվա արևմտամետներից շատ-շատերը ճամբարափոխ ռուսամոլներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել