Image may contain: 1 person, close-upԱռաջիկա պառլամենտականին ընդառաջ՝ քաղաքական դաշտում շարունակվում են դաշինքային կամ դաշինքաստեղծ գործընթացներ, որոնք, եթե անկեղծ, արդեն վերածվել են կատակերգության:

Բոլորը հնարավոր են համարում բոլորի հետ դաշինքները, բանակցում են բոլորի հետ, պայմանավորվում և հաշվում են բոլորի հետ՝ իրականում ունենալով ամենագլխավոր հաշվարկը՝ ինչպես հարմարվենք իշխանության հաշվարկներում։

Դաշինքների հիմք ասվածը հիմնականում լինում է գաղափարական ընդհանրությունը և ֆինանսական հնարավորությունների համադրությունը: Դաշինքների տրոհման և պառակտման գլխավոր պատճառներն այս երկու կարևոր հանգամաքների բացակայությունն է: Գաղափարական հենքի առկայությունը խիստ կասկածելի և գրեթե անհավանական է դառնում, քանի որ գաղափարախոսություն ասվածը բացակայում է անգամ ՀՀ-ում գործող կուսակցությունների դեպքում, իսկ դաշինքների դեպքում խոսելն ուղղակի հիմնազուրկ խոսակցություն է: Ֆինանսի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ ֆինանսական հոսքերը, որպես կանոն, կենտրոնացված են մի փոքր խմբի ձեռքում և հասանելի չեն լայն ֆորմատի կուսակցական գործունեության համար: Այլ կերպ ասած՝ ֆինանսների բացակայությունը դառնում է այն բուն պատճառը, երբ իրար դաշնակից համարող ուժերը սկսում են հասկանալ, որ «չեն ձգելու» նախըտրական կապանիայի բովում:

Չկա գաղափար, հետևաբար չկա նաև սկզբունք ու ծրագիր, ամեն ինչ հանգել է որևէ տեղ, բառի ամենաբուն իմաստով, «խցկվելու» հնարավորությանը, որն արդեն արվեստի այն տեսակներից է, որոնց մասին քաղաքակիրթ ձևակերպումներ դժվար է գտնել։ Դաշինքային այս մոլուցքի հետևանքներից մեկն էլ այն է, որ վերջնականապես վերանում են բոլոր այն սահմանագծերը, որոնք գոնե փոքր-ինչ տարբերում էին մեր քաղաքական ուժերին։

Այս հեղհեղուկ վիճակի պատճառով առաջին իսկ «сквозняк»-ից հետո հայաստանյան դաշինքները սուր «հարբուխով» են վարակվում և կազմակերպված տրոհվում: Վերոնշյալն ինձ հիշեցրեց Կռիլովի հայտնի առակը, երբ կարապը, խեցգետինը և գայլաձուկը փորձում են շարժել տեղում կանգնած սայլը, սակայն գործադրած բոլոր ջանգերն ապարդյուն են անցնում:

Հ.գ. Նախընտրական դաշտում տեղի ունեցող վարիացիաներն անուղղակիորեն ձեռնտու է բացառապես իշխանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել