Գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց հետ եմ գործ ունենում, ովքեր ոչ թե ռուսերեն վատ են խոսում, այլ ընդհանրապես ռուսերեն չգտեն: Ընդ որում, որքան ավելի երիտասարդ է դիմացինս, այնքան ավելի քիչ հավանական է, որ նա ռուսերեն խոսել գիտի: Ակամայից հիշեցի ռուսերենիս ուսուցչի ասածը. անգլերեն չիմանալը վատ է, ռուսերեն չիմանալն` ամոթ:

Իրոք, ես ապշում եմ՝ ինչպես կարելի այդքան անտարբեր լինել մի լեզվի հանդեպ, որին դեռևս քսան տարի առաջ տիրապետում էին երկրի բնակչության իննսունհինգ տոկոսը, մինչդեռ մինչ օրս էլ բացի ռուսական ալիքներով հեռարձակված հաղորդումներից և ֆիլմերից, նաև հայկական որոշ ալիքներով հեռարձակվող ֆիլմերը ռուսերեն լեզվով են (փառք Աստծո, որովհետև աշխարհի ամենհետաքրքիր ֆիլմը հայերեն թարգմանությամբ նայել չի լինում):

Ինձ թվում է ամեն ինչ սկսեց դեռևս անկախության առաջին տարիներին, երբ մեզ մոտ ծայրահեղ ազգայնական էլեմենտները այնքան էին հզորացել, որ հնարավորինս անհնար սարքեցին ռուսերենի ուսուցումը դպրոցներում և կրթական հաստատություններում: Փառք Աստծո, իմ ուսուցիչները այնքան խելացի և խոհեմ գտնվեցին այդ ժամանակ, որ զոհելով իրենց ժամանակը և ռիսկի գնալով, իրենց իսկ նախաձեռնությամբ հայերենին զուգահեռ դասավանդում էին ռուսաց լեզուն և գրականությունը: Այնինչ, բոլորի բախտը իմի պես չի բերել, մասնավորապես մարզերում, ռուսաց լեզվի կրթական բազան ի սպառ վերացվեց, Երևանում էլ պատկերը այդքան բարվոք չէր:

Ճիշտ է, որոշ ժամանակ անց ծայրահեղական քաղաքականությունն աստիճանաբար մեղմվեց, սակայն մավրն արդեն արել էր իր գործը. բնակչության հետաքրքրությունը արդեն սկսել էր մարել ռուսերենի նկատմամբ, որովհետև ի տարբերություն անգլերենի, ռուսերենի իմացությունը նույնիսկ այդ ժամանակ համարվում էր հասարակ ու բնական մի բան: Մյուս կողմից, հին մասնագետները աստիճանաբար թողնում էին դպրոցը, բայց ոչ ոք առանձնապես չէր էլ մտածում նրանց փոխարինել երիտասարդ մասնագետներով:

Արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք` երտասարդության խիստ բարձր տոկոս, որը չի տիրապետում կամ շատ վատ է տիրապետում ռուսաց լեզվին, իսկ ռուսական դասական գրականության մասին անգամ խոսելն իմաստ չունի: Շատ ցավալի եմ համարում այս երևույթը, ոչ թե նրա համար, որ ես ռուսոֆիլ եմ կամ ինչ որ կոնկրետ քաղաքական հայացքների տեր մարդ եմ այս հարցում, պարզապես իզուր չեն ասում, որ որքան լեզու գիտես, այդքան մարդ ես ու մեծ բացթողում եմ համարում այն հանգամանքը, որ այսօր մեր երիտասարդությունը չի օգտագործում գոնե ռուսերեն սովորելու այն լայն հնարավորությունները, որոնք ընձեռում են մեր տեխնոլոգիական դարաշրջանի բարիքները` հեռուստատեսությունն ու համակարգիչը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել