Беда приходит не одна:Թերևս ռուսական այս հայտնի ասացվածքը կարելի է վստահաբար դիտարկել Հայաստանի քաղաքական կյանքի այս շրջափուլում։ Առանց ավելորդության կարելի է արձանագրել,  որ երբեք մեր երկիրը այսպիսի հուսահատ իրավիճակում չի եղել։ Ընդ որում, բոլոր առումներով։ Քաղաքական իշխանության դեպրեսիան քանի գնում ավելի է խորանում, հակադիր ճամբարում առհասարակ ցայտնոտային իրավիճակ է և նույնիսկ ուժ չկա ոտքի կանգնելու։ Դրան գումարած արտաքին մարտահրավերներն ու օրեցօր սեղմող Ղարաբաղի հարցը կարծես թե շատացնում են մի նոր «Ավարայրի» հավականությունը։ Օգոստոսին սպասվում է Սերժ Սարգսյան -Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Մի քանի օրվա ինտերվալով Ռուսաստանի նախագահը հանդիպելու է նաև Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ քննարկելու Մոսկվա-Թեհրան-Բաքու հարաբերությունները, որոնց արդյունքում շատ հավանական է, որ նոր տնտեսական ու քաղաքական առաջարկներ կյանքի կոչվեն այդ երկրների համակգործակցության ձևաչափում։ Մեր մասով՝ բնականաբար երկկողմ հարաբերությունների քննարկումից բացի, խոսակցության թեմա կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Ռուսաստանը, անկախ եԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատից, մշտապես եղել է ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման գլխավոր դերակատարը։ Տարիներ շարունակ հայ և ինչու ոչ նաև միջազգային մյուս քաղաքական տնտեսական շրջանակներում քննարկաման առարկա է դարձել և հետո նաև արմատացել այն տեսակետը, թե Ռուսաստանին ձեռնտու է կոնֆլիկտի երկարումը և նրա քայլերը ուղղված են ոչ թե այն հանգուցալուծելուն, այլ հակառակը՝ վիժեցնելուն և խեղաթյուրելուն, որպեսզի կարողանա երկար ժամանակով իր ազդեցությունը պահել հակամարտող երկրների նկատմամբ։ Ինչ խոսք, սա միգուցե իրականություն է, միգուցե միֆ, միգուցե ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Ենթադրենք սակայն,որ հենց այդպես է որ կա։

Այսօր աշխարհաքաղաքական իրադարձությունները զարգանում են սրընթաց արագությամբ։ Իրավիճակները փոխվում են շատ կտրուկ և ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, տեղւոմ չեն մնում և այս կամ այն չափով առընչվում են գեոպոլիտիկ իարվիճակներին։ Միգուցե այս երկրները որոշում կայացնող ու ընդունեղ չեն, սակայն չեն կարող չազդվել տարածաշրջանում կամ դրա հարևանությամբ տեղի ունեցող քաղաքական գործընթացներից։ Հետևաբար Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ օրինակ Հայաստանը օրերից մի օր կարող է թոթափել «ռուսական լուծն» ու գնալ արկածախնդրության՝ ասենք սերտացնելով կապերը Արևմուտքի հետ։ Նույնը նաև Ադրբեջանի մասով։ Նավթը իհարկե հզոր խաղաքարտ է մանևրելու համար, սակայն ոչ ոք չի ասել որ դա հավերժ է լինելու։ Ադրբեջանում նույնպես սա շատ լավ հասկանում են։ Իմիտացիան, թե այս դեպքում կողմերից մեկը կկորցնի Լեռնային Ղարաբաղը, այս դեպքում կարող է դառնալ երկրորդական։ Ի վերջո, կոնֆլիկտում ներգրավված են նաև այլ գերտերություններ ու ոչ մեկ չի ասել,թե նրանց բացակայության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ արդյոք չէին կարողանա լեզու գտնել և պայմանավորվել։ Ինչևէ, Ռուսաստանը սա շատ լավ հասկանում է և Պուտինի վերջին հայտարարությունը, առ այն, որ Մոսկվան չի փորձելու կողմերից որևէ մեկին ինչ-որ զիջումներ պարտադրել՝ հաշվի առնելով այդ երկրների ներքին լսարանի բացասական վերաբերմունքը փոխզիջումների նկատմամբ, կարելի է եզրակացնել, որ չցանկանալով կորցնել կողմերից որևէ մեկին՝ Ռուսաստանը վերջինն է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, ով կոպիտ ասած լվանում է ձեռքերը ԼՂՀ հարցի այս շրջափուլում, հայտարարելով մոտավորապես հետևյալը՝ «մեղքը ձեր վիզը»։ Սա նշանակում է, որ խաղաքարտին դրվում է բացառապես ամեն  ինչ և Հայաստանի և Ադրբեջանի մասով։ Սա նշանակում է, որ կամ մոտ ապագայում կսկսվեն պատերազմական այնպիսի գործողություններ, որոնց նմանը դեռ չի եղել նույնիսկ 1992 թվականին և որի արդյունքում կորուստներն անսահմանափակ կլինեն, կամ վերջիվերջո կողմերը կգիտակցեն այս ամենի հավանականությունն ու ինչ-որ եզրահագման կգան արդեն երկուստեք ֆորմատում։ Անկախ ամենից՝ ակնհայտ է, որ Հայաստանը այս ռաունդին մոտենում է թուլացած ու հսկայական կորուստներով։ Ներքին բախումներն ու վերջին իրադարձությունները էլ ավելի շատացրին հանրության և իշխանության միջև խորը անդունդը և եթե ապրիլյան քառօրյան նախադեպ էր ու հասարակությունը ոտքի կանգնեց, ապա քառօրյաի արդյունքները վերլուծելուց ու հասկանալուց հետո շատ դժվար է լինելու իշխանությանը համոզել հանրության մոբիլիզացման գործում։

Մի խոսքով իրավիճակը իսկապես լուրջ է։ Մնում է հուսալ,որ հայ ժողովուրդը հերթական անգամ կինքնակազմակերպվի ու մի վերջին անգամ կռիվ կտա սեփական գոյության համար։ Քանզի դրա այլընտրանքը պետության կորստի հավանականությունն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել