Iravaban.net–ը գրում է.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 11-ից: Փոփոխություններ են նաև նախատեսվել նաև օրենսգրքի 126 հոդվածում, որով խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար պատասխանատվության միջոցները:

Մասնավորապես.

  1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում օրենսգրքի 126 հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` 150.000 ՀՀ դրամի չափով: Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 100.000 ՀՀ դրամ:
  2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 ՀՀ դրամի չափով: Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 150.000 ՀՀ դրամ:
  3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
  4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 ՀՀ դրամի չափով: Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 150.000 ՀՀ դրամ:
  5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի առաջին, երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
  6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` 250.000 ՀՀ դրամի չափով:  Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 200.000 ՀՀ դրամ: 
  7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի երրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` 400.000 ՀՀ դրամի չափով: Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 450.000 ՀՀ դրամ:  

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն: Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող նաև այն դեպքում, երբ նրա արյան կամ արտաշնչած օդի մեջ սույն մասում նշված չափով մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, բայց մինչև նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը, այդ անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործելու հետևանք է:

Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել