Վերջերս գրել էի, թե ինչ բացեր եմ տեսնում մեր բուհերի այսօրվա շրջանավարտների գիտելիքներում։ Հիմա փորձեմ «չտո ձելած»-ից գրել։ Քանի որ զուտ դժգոհելն ինքնին որևէ խնդիր չի կարող լուծել։

* * *

Կրթական համակարգի աղետալի վիճակից ինչքան էլ խոսենք, միևնույն է, հնարավոր չէ ապացուցել, օրինակ՝ կրթնախի որևէ չինովնիկի, որ վիճակն աղետալի է։ Ավելին՝ ծնողներից շատերը, թեպետ հասկանում են, որ մի բան «էն չի», բայց ժամանակ չունեն շատ խորանալու ու չեն պատկերացնում, որ «էն չի»-ն վաղուց արդեն փոխարինվել է «վայքուարա»-ով։

Այսինքն` համար մեկ խնդիրը իրավիճակի լրջությունը հանրության համար տեսանելի դարձնելն է։ Իսկ դա հնարավոր է միայն չափելով ու ինչ-որ բանի հետ համեմատելով։

Լուծումն այսպես եմ պատկերացնում. ստեղծել մի անկախ կազմակերպություն, որը կմշակի գիտելիքների գնահատման համակարգ ու որը կանցկացնի գիտելիքների մակարդակի օբյեկտիվ ստուգում։ Ծնողը կբերի դպրոցական երեխային, կվճարի, երեխան տեստեր կանցնի, ինչ-որ հանձնարարություններ կկատարի, արդյունքները կտան ծնողներին՝ համապատասխան բացատրություններով։

Նույնը՝ ուսանողների համար։ Ընդ որում բուհի ուսանողն՝ իր ծնողի հետ հանդերձ պիտի ավելի հետաքրքրված լինի, քան դպրոցականը, քանի որ ահռելի գումարներ է վճարում ուսման համար։ Ու եթե մի գեղեցիկ օր պարզվի, որ բուհերն իրենց մեղմ ասած «քցում» են, կարող է նաև հարցեր ծագեն բուհերի ղեկավարությանը։ (Բնականաբար, խոսքս օժիտի դիպլոմ ստացողների մասին չէ)։

* * *

Երկրորդ խնդիրը, որի լուծումը չեմ տեսնում. ենթադրենք՝ պարզեցինք, որ եղած հաստատությունները հիմնականում վատն են։ Բա հետո՞։ Ինչ-որ պահից սկսած իրենց երեխաների կրթության որակով մտահոգ մարդիկ պիտի որ սկսեն այլընտրանք փնտրել։ Այլընտրանքն, ամենայն հավանականությամբ, լինելու է մասնավոր դպրոցների տեսքով։ (Ընտանեկան կրթության տարբերակը չեմ դիտարկում, Հայաստանի պայմաններում առայժմ անիրական է)։ Դեպի մասնավոր դպրոցներ հոսքի ուժեղացմանը զուգընթաց պետական դպրոցների որակն ավելի ու ավելի է ընկնելու, եթե պետությունը չորոշի լրջորեն մրցակցել մասնավոր դպրոցի հետ։ Իսկ պետությունը, կարծում եմ, այդ քայլին չի գնա։

Տարիների ընթացքում «բարեփոխական» գրանտներ ու վարկեր լափած կառավարության դիրքորոշումը կարող է փոխվել միայն ժողովրդի երկար ու հետևողական ճնշման հետևանքով։ Այսինքն՝ ինչ-որ պահից կրթության հարցը դառնալու է քաղաքական գործոն, հետևաբար՝ քաղաքական պայքարի թեմաներից մեկը։ Բայց ճնշումը կարող է լինել արդյունավետ միայն ու միայն ադեկվատ, Հայաստանի իրական խնդիրները հասկացող ու պոպուլիզմից դուրս հարթություններում աշխատելու պատրաստ ընդդիմադիր ուժի առկայության դեպքում։ Որն այս պահին չկա, ավելին՝ ապագայում դրանց ստեղծման հիմք էլ չեմ տեսնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել