Տեսարան Չինարի գյուղից. 29 դեկտեմբերի, 2012

Բոլոր լուսանկարները՝ Ֆեյսբուքում

Երեկ սահմանամերձ Չինարի ու Մովսես գյուղերում էինք. վերջապես տեղ հասցրեցինք «Զորակն» հիմնադրամի հավաքած գրքերը։ Մովսեսում զրուցեցի վերջերս ընտրված գյուղապետ Արարատ Ավալյանի հետ, ասաց. «Մովսեսը սահմանամերձ գյուղ չէ, Մովսեսը սահմանապահ գյուղ է»։

Իրականում, այո, հակառակորդի կրակի հասանելիության գոտում գտնվող այս գյուղերն իսկապես սահմանապահ ավաններ են։

Ու մի կարևոր հանգամանք, որը չի կարելի մոռանալ. մեր ազգի ողնաշարը գյուղացին է։ Իսկ գյուղացիության միջուկն այն մարդն է, որն ի հավելում գյուղացու համար սովորական դժվարությունների, նաև լրացուցիչ կռիվ ունի։ Խոսքս սահմանապահ բնակավայրերում, ազատագրած տարածքում, լեռնային փոքր գյուղերում ի հեճուկս լրացուցիչ դժվարությունների ապրող ու սերունդ տվող, իր հողից կառչած գյուղացու մասին է։

* * *

Հ.Գ.

Դեռ մայիսին Աստղիկին ու Արթուրին խոստացել էի մեկնաբանել Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ առաջնահերթը պիտի լուծվեն ավելի մեծ բնակավայրերի խնդիրներն, իսկ հեռավոր փոքր գյուղերի բնակիչները առայժմ թող իջնեն ավելի խոշոր բնակավայրեր։ Չէի գրում, որովհետև թեմայի վերաբերյալ հարցեր ունեի (ու դեռ դրանց մի մասի պատասխանը չունեմ), բայց որոշեցի այլևս չձգձգել։ Ստորև՝ եզրակացությունս...

Եթե երկու բառով, ապա «ինտեգրացիոն» մոտեցումը միանշանակ սխալ եմ համարում։

Հիմա՝ ավելի մանրամասն... Զուտ լոգիստիկայի տրամաբանությամբ, այո, դժվար է ու նույնիսկ կարող է թվալ, որ անիմաստ է 30-40 հոգիանոց հեռավոր գյուղը կենդանի պահելը, առավել ևս, երբ լուծված չեն ավելի խոշոր գյուղերի խնդիրները։ Սակայն այդ 30-40 հոգիանոց գյուղերն էլ ունեն երկու շատ կարևոր առաքելություն։ Առաջինը՝ հայի ամենապինդ տեսակի պահպանումն ու բազմացումն է։ Երկրորդը՝ ազգի մարդկային ռեսուրսի վերականգնումն է։ Սարեցին (ի տարբերություն քաղաքի հիմնականում փափկակյաց բնակիչների) կարող է տնտեսական նույնիսկ ոչ մեծ աջակցությամբ 5-6-7 երեխա բերել ու ոտքի կանգնեցնել, որովհետև դա է իր նորմալ կենսակերպը։ Ըստ այդմ հեռավոր ու փոքր գյուղերը պետք է զարգացնել և ոչ ձուլել եղած մեծ գյուղերին՝ փորձելով հեշտացնել լոգիստիկայի խնդիրները։ Այդ «հեշտ» լուծումը երկարաժամկետ հեռանկարում փակուղի է տանելու, որովհետև «ինտեգրումն» ավելի ու ավելի է խրախուսելու արտագաղթը դեպի խոշոր բնակավայրեր, հետո՝ Երևան, Երևանից էլ՝ այլուր։

ԻՄՀԿ, գյուղին աջակցությունն ու մեղմ (այսինքն՝ ոչ ստիպողական, բայց զանազան մակարդակներում խրախուսվող) դեուրբանիզացիան պիտի լինի ցանկացած հայկական իշխանության ամենամեծ առաջնահերթությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել