Հայաստանից և հարևան երկրիներից դեպի Ֆեյսբուք մուտքերի ցուցանիշները բավականին խայտաբղետ ու յուրահատուկ է: Օրինակ, այսօրվա տվյալներով, հայ օգտատերերի քանակը կազմում է 910.000, ընդ որում՝ 460.000-ը՝ տղամարդիկ, 450.000-ը՝ կանայք:
Վրաստանում՝ 1.800.000 օգտատեր, որոնցից 860.000-ը արական, իսկ մնացած 970 000-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:

Այսպես ասած «ամենաավանդապաշտ» պատկերն Ադրբեջանում է, որտեղ կանանց տեսակարար կշիռը զիջում է տղամարդկանց: 1.600.000 օգտատեր, որոնցից 1.100.000-ը տղամարդիկ են, իսկ մնացած 520.000-ը՝ կանայք:

Թուրքիայում պատկերը խիստ տարբերվում է: Տարածաշրջանի երկրներից ամենամեծ ֆեյսբուքյան լսարանն ունի Թուրքիան՝ մոտավորապես 42 միլիոն օգտատեր, որոնցից 26.000.000-ը՝ տղամարդիկ, իսկ մոտավորապես 16.000.000-ը՝ կանայք:

Իրանում Ֆեյսբուքն արգելափակված է, և հանրությունը հիմնականում օգտվում է տեղական սոցիալական կայքեր հիշեցնող հարթակներից: Այդ իսկ պատճառով ընդհանուր պատկերը, մեղմ ասած, լղոզված է:

Վերածենք տոկոսների: Ճիշտ է՝ Ադրբեջանում և Թուրքիայում օգտատերերի մեծ մասը տղամարդիկ են (60%-ից ավելին), սակայն ինչպես երևում է թվերով՝ Ադրբեջանում Ֆեյսբուքից օգտվելն «ադաթով է», և այս հարթակից օգտվելու իրավունքը տրված է հիմնականում տղամարդկանց՝ մոտավորապես 69%:

Հումորը հումոր, սակայն կարող էր հարց առաջանալ` միգուցե այս երկրներում ավելի տարածված է այլ սոցիալական ցանց, միգուցե Ֆեյսբուքի փոխարեն այլ հարթակին են մեծ նշանակություն տալիս, որտեղ էլ օգտատերերն ավելի համաչափ են վերաբաշխված: Այս երկու երկրներից, սակայն, ամենաշատն այցելվող սոցիալական ցանցը Facebook-ն է, և այցելվող կայքերի ցուցանիշով թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում Ֆեյսբուքը 2-րդ հորիզոնականում է Google-ից հետո:

Ինչպես տեսնում ենք, ամենահամաչափը վերաբաշխված է Հայաստանում: Կանանց և տղամարդկանց քանակը Ֆեյսբուքի հայկական տիրույթում գրեթե հավասար է (50.5% և 49.5%): Այս պատկերին ավելի նման է Վրաստանինը, սակայն զուտ տոկոսային հարաբերությամբ մեր «կշեռքի» նժարներն ավելի հավասար են:
Չնայած նրան, որ ՀՀ-ի և Վրաստանի ֆեյսբուքյան օգտատերերի գենդերային պատկերը բավականին նման է, սակայն Վրաստանն էլ այս ամբողջ «կաթսայի մեջ» առանձնանում է մյուսներից նրանով, որ ֆեյսբուքյան տիրույթում օգտատերերի մեծամասնությունը կանայք են՝ շուրջ 54%:

Այսինքն, մեկ խոսքով ասած, տարածաշրջանում երկրներն առանձնանում են հետևյալ յուրահատկություններով.
Հայաստան - «ամենահամաչափը» գենդերային պատկերով
Վրաստան - ֆեյսբուքյան «մայրիշխանություն» (կանանց թիվը շատ է)
Ադրբեջան - ամենամեծը տղամարդկանց լսարանով
Թուրքիա- ամենամեծ լսարանը՝ 42 միլիոնանոց «շուկայով»
Իրան - Ֆեյսբուքն արգելափակված է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել