Արդար ապրելու մարդկության երազը մշտապես ուղեկցել է իրեն. դա մեխանիզմ է` դրված նրա հավաքական հոգեբանության մեջ: Իսկ դրա քաղաքական դրսեւորումը, մանավանդ վերջին 22 տարում, արտահայտվել է եռաֆազ` սոցիալիզմի, կոնսերվատիզմի եւ լիբերալիզմի տեսքով: Անշուշտ, կապված մեկնակետի ու աշխարհընկալման հետ, արդարության լուսանցքային դրսեւորումներ եւս եղել են ու կան, ասենք, նացիոնալիզմի, կոսմոպոլիտիզմի, հեղափոխականության, գողականության, անարխիզմի եւ այլնի տեսքով, որոնք էլ յուրովի են փորձել հաստատել արդարության սեփական պատկերացումների մոդելը հասարակության զարգացման մեջ: Երբ ամեն ինչ հանդարտվի, երբ գա նոր սերունդը, բացառված չէ, որ արդեն կայուն արժեքներ դավանող հասարակությունները դարձյալ հայացքները հառեն դեպի «մարդկային դեմքով» սոցիալիզմը, որ մարդկության քաղաքական գիտակցության վաղնջական ուղեկիցներից է: Այսօր այն Հարավային Կովկասում, մասնավորապես քրիստոնեական ավանդույթներ ունեցող Հայաստանում ու Վրաստանում, հանիրավի, սակայն միանգամայն ըմբռնելի պատճառով վարկաբեկված է: Խորհրդային պետության անկման ու Ազատ աշխարհի խաղի կանոնների հախուռն ու դարձյալ գռեհիկ մատուցման առաջին էյֆորիկ ու սպասումներով լի տարիների արդյունքում ձեւավորվեց նոր ներքին դիմադրություն-ինքնապաշտպանություն` այս անգամ արդեն ազատականության (լիբերալիզմ) նկատմամբ: Ազատության հեղափոխության կուռքերը կարճ ժամանակ անց հասարակական գիտակցության մեջ դարձան բոլոր դժբախտությունների մարմնավորողը: Եվ հասարակությունների՝ հիմնականում չհիմնավորված ատելությունը բեւեռացրեց զգացողություններն այն աստիճան, որ համազգային պաշտամունք Գամսախուրդիան փոխարինվեց ընդամենը կարճ ժամանակ առաջ մերժված Շեւարդնաձեով, համազգային պաշտամունք Էլչիբեյը` Ալիեւով: Հայաստանում այդ խաղը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ կիսատ մնալու պատճառով ընդունեց նոր տեսք: Այն Դեմիրճյանը, որին Օպերայի (Ազատության) հրապարակում ընդամենը 10 տարի առաջ ամբողջ ժողովուրդը սուլել ու թիկունք էր ցույց տվել, 1998թ. նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններում գլխապտույտ հաջողություններ ունեցավ: Եվ սա ամենեւին սոցիալիզմի, որպես գաղափար ու քաղաքական ընտրանք, հաղթանակը չէր, այլ ազատականությունից կշտացած-զզված լինելու արտահայտությունը: Ազատականությունը վարկաբեկված էր երկար ժամանակի համար, որից օգտվեցին ամենաճարպիկները` մեծ ու փոքր տրամաչափի «կոմունիստ» նոմենկլատուրայինները, որոնք «հակաբռնապետական» հեղափոխությունից հետո տազ էին արել ու ճանաչել իրենց տեղը: Իրենց ազատական հռչակած կուսակցություններն այսօր Հայաստանում, դժբախտաբար, սակավ ժողովրդականություն են վայելում: Հասարակական այդ «պատվերը» գիտակցելով էլ իրենց լիբերալ հորջորջողների մեծամասնությունը ներկայանում է որպես Արեւմուտքի անփոխարինելի էմիսար` թքած ունենալով ազատականության` մարդկության այդ վաղնջական ու հավերժորեն նոր ուղեկցի բուն էության վրա: Մի կողմ թողնելով ընդդիմության միջի` իրենց պահպանողական համարողներին, մեկ-երկու բառով անդրադառնանք այն վտանգին, որ կարող են իրենց հետ բերել իշխանական արհեստականորեն ուռճացված կուսակցությունները, ովքեր այսօր մոդայիկ են համարել պահպանողականի տեսքով հանդես գալ: Բոլորին է հայտնի, թե ազգայնախեւ ու օլիգարխիկ ինչ կուսակցություններ են փորձում մսխել քաղաքական վերջին փամփուշտը: Իսկ դա նշանակում է, որ մեր հասարակությունը սպառում է աշխարհի համար ընկալելի եռյակ քաղաքական հոսանքների պաշարը: Անորոշ այդ հեռանկարը կարող է հանգեցնել հասարակական հայացքի` դեպի լուսանցք հառելուն, ուր կիսարթուն սպասում են մեկ անգամ արդեն ազգին դժբախտությունների միջով անցկացրած հայկական-գավառական նացիզմն ու նիհիլիզմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել