Երեկ ֆեյսբուքում՝ հարգելի Հրանտ Տեր-Աբրահամյանի էջում, կարդացի Ռաֆայել ԻՇԽԱՆՅԱՆԻ հանրահայտ հոդվածներից մեկը` «Մահվան ճանապարհ և կյանքի ճանապարհ»:
Ժամանակին, նրա սխալ, նույնիսկ վտանգավոր (իմ կարծիքով) տեսակետների դեմ ես հոդված եմ գրել և հիմա էլ այդ հոդվածը նույնությամբ հրապարակում եմ այստեղ, որովհետև մինչև հիմա էլ այդ հարցը չարչարկվում է, և մոլի ազգայնականները զանազան առիթներով տեղին-անտեղի հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով:


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ և ԱԶԳԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԸ
Մարդկության հազարամյակների պատմությունը հաստատուն կերպով ցույց է տալիս, որ ոչ մի փոքր երկիր չի կարող, առանց որևէ խոշոր, զորեղ պետության հովանավորության ոչ միայն զարգանալ, այլև գոյատևել: Մոռանալով այս դարավոր ճշմարտությունը, Ռաֆայել Իշխանյանը, ինչպես ամերիկյան «Հայ Կյանք» շաբաթաթերթում արդարացիորեն գրել էր պրոֆ. Լ. Խաչերյանը, «ելնելով Ռուսաստանի նկատմամբ անհասկանալի կույր ատելութիւնից ու մաղձից» հնարեց «երրորդ ուժի բացառման» տեսությունը և սկսեց այն իրագործել, ռուսական դպրոցների դեմ կատաղի պայքարով, որը երբեմն հասնում էր անթուլատրելի բռնի մեթոդների: Մտնում էր նա դպրոցները և տիրաբար հրամայում` «եթե մի քանի օրվա ընթացքում չփակեք ռուսական դասարանները, ապա մենք զենքով կստիպենք ձեզ»: Նրա հավատարիմ գաղափարակից փեսան` Վազգեն Մանուկյանը, շարունակեց նրա գործը և հնարեց «գնացքից թռչելու» տեսություն: Նրա հետ միասին «գնացքից» թռան` շատերը` իրենց հետևից տանելով մեր դյուրահավատ ժողովրդի մի մասին, կոտրելով ոտքերը և գլորվելով դեպի աղքատության և խավարի անդունդը... Ժողովրդի վիճակը նրանց չէր հետաքրքրում: Կարևորն այն էր, որ ՀՀՇականներն իշխանության գլուխ անցնեն: «Գնացքից թռնելը» պատճառ դարձավ նաև «Օղակ» ռազմական գործողությունների անցկացմանը և Շահումյանի ու Գետաշենի կորուստին:
Ազգավնաս սխալ էին մեր ժողովրդի դարավոր կողմնորոշումն անհարկի վերանայելու փորձերը և հակառուսական տրամադրությունների սերմանումը:
Ըստ Ռ. Իշխանյանի` «երրորդ ուժի բացառման» տեսության, մեր ժողովրդի 300 ամյա ռուսական կողմնորոշումը սխալ է, «կոտրում է մեր ժողովրդի ինքնուրույն գոյատևելու և զորանալու ոգին, ստրկային հոգեբանություն է զարգացնում նրա մեջ» և իբր հանդիսանում է մեր ժողովրդի վերջին հարյուրամյակների բոլոր դժբախտությունների, այդ թվում Մեծ Եղեռնի, պատճառը: Կորցնելով պատմական իրողությունը ճիշտ ըմբռնելու ունակությունը, հաճախ նաև խեղաթյուրելով փաստերը և անտեսելով հայ ժողովրդի ականավոր մտավորականների պատգամները, նա գրում է. «300 տարի երրորդ ուժին ապավինելու, մեր հարևանների հետ հարաբերությունները սրելու ճանապարհով շարժվելով մենք կորցրինք մեր երկրի 90 տոկոսից ավելին, միլիոնավոր զոհեր տվեցինք…»: (Ուշադրություն դարձրեք` մեր հարևանների հետ մենք ենք հարաբերությունները սրել):
Նա այնտեղ է հասնում, որ սրբապղծորեն պարսավում է մեր մեծերին` սկսած հնագույն ժամանակներից` Իսրայել Օրուց, Շահամիրյաններից, Արղությանից, Արծրունուց, մեր մեծանուն գրողներ Խ. Աբովյանից, Ռաֆֆուց, Ռ. Պատկանյանից Հ. Թումանյանից, Շիրվանզադեից, Ա. Ահարոնյանից մինչև Հ, Շիրազը, Ս. Կապուտիկյանը, Խ. Դաշտենցը, Լ. Հախվերդյանը, Զ. Բալայանը, նրանց համարելով ՙպրիմիտիվ ազգի՚ անհեռատես ներկայացուցիչներ, որոնք թուրքերի մասին լավ բան չեն ասում, իսկ ռուսներին գովաբանում են` իբր ապակողմնորոշելով նույն ՙպրիմիտիվ՚ ժողովրդին: Նա իր սրբապղծությամ մեջ չի խնայում նույնիսկ այնպիսի նշանավոր, անձնուրաց հայրենասերի, ինչպիսին էր մեր հռչակավոր կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, որն իբր ռուսներին քծնելով դարձավ կաթողիկաս: Եվ դա ասվում է մի մարդու մասին, որը ոչ միայն հոգևորական էր, այլ նաև մարտական զինվոր, որի ծառայությունը հայ ժողովրդին` պարսկական լծից ազատագրելու գործում, անգնահատելի է: Նրա համար ոչ մեկը հեղինակություն չէ: Նա քար է շպրտում նաև մեր բարեկամ Նույկինի, Քերոլայն Քոկսի, Սախարովի հասցեներին: Դժվար է հավատալ, որ այս ազգավնաս տողերը դուրս են եկել հայ մարդու, հայ պռոֆեսորի գրչի տակից: Ըստ նորահայտ մարգարեի դերում հանդես եկող Իշխանյանի սնանկ տեսակետների՝ «մենք ենք հարաբերությունները սրել հարևանների հետ»` ռուսական կողմնորոշման պատճառով, լեզու չենք գտել նրանց հետ, թե չէ նրանք, այդ անմեղները, մեր հողերը չէին զավթի, մեզ չէին կոտորի: Նույնիսկ Քեմալ Աթաթուրքը մեզ կզիջեր գրաված հողերը և 1915 թ եղեռնը չէր լինի: «Եթե մեր հոգեբանության մեջ,-գրում է նա,-բացառեինք երրորդ ուժը և մեզ մենակ զգայինք մեր հարևանների հետ, չէինք հոխորտա նրանց դեմ, հաշտ կապրեինք…»: Տեսնո՞ւմ եք՝ ինչ «պրիմիտիվ» ազգ ենք, չենք հասկացել, որ եթե Ռ. Իշխանյանի թելադրանքով, թուրքերին ասեինք բարով եք եկել` մեր հողերը գրավել, հնազանդ պահեինք մեզ և կամավորական խմբեր չկազմեինք` «ռուսական և ֆրանսիական բանակների մեջ» ընդդեմ Թուրքիայի, Մեծ եղեռնից կարող էինք խուսափել: «Դրա փոխարեն ինքներս ենք հոխորտում ու հրահրում մեր բարեկամ թուրքերին մեր դեմ»: Իսկ և իսկ թուրքական պատմագրության ոգով: Թուրքերը կարող են Ռ. Իշխանյանի արձանը կանգնեցնել, որ, վերջապես, նա հաստատում է այն, ինչ իրենք վաղուց են ասում: Այսքանից հետո, ո՞վ է «պրիմիտիվը», ա՞զգը, թե նորահայտ տեսաբանը, որը Վոլտերի բառերով ասած`«որքան հիմարություններ է դուրս տալիս, մի նոր բան ասելու մոլուցքով բռնված»:
Իշխանյանի` գլխիվայր շուռ տված այդ անհեթեթ տեսությունը, բարեբախտաբար անպատասխան չմնաց: Պատմական իրողության խոր ճանաչումով և համոզեցուցիչ, հիմնավոր փաստարկներով նրա դեմ հանդես եկան անվանի պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը, ականավոր գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը և ուրիշներ:
Ցավոք, Իշխանյանը միակը չեր, թեև քիչ, բայց նա ուներ գաղափարակիցներ: Նրան ձայնակցեցին Կտրիչ Սարդարյանը, Վանո Սիրադեղյանը և ավելի մանրամասշտաբ քաղաքական գործիչներ:
Վանո Սիրադեղյանը հայտարարեց` թող վելիկոռուսական շովինիստները գնան Կովկասից այն կողմ, մենք մեր հարևանների հետ լեզու կգտնեք: Նա` հանրապետությունում «կարգ ու կանոն հաստատելուց» հետո, հետևելով մեկ ուրիշ նախարարի օրինակին, փախավ արտասահման, թե ուր, և հիմա չգիտենք, թե ում հետ է նա լեզու գտնում:
Ավելի մոլեգին հակառուսական հայտարարություններով հանդես եկավ Կտրիչ Սարդարյանը: «Հասել է այն ժամը, երբ մեր հարևան Ադրբեջանի հետ պետք է մոռանանք մեր ընտանեկան վեճերը,-հրամայական ոճով գրում է նա,-և դուրս քշենք Ռուսաստանին Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ ու բարեկամ հարևանների հետ կովկասյան մեր տունը կառուցենք»:
Այս հայ քաղաքագետին տեսե՛ք: 1918-20 թթ, Բաքվի, 1988-90 թթ. Սումգայիթի, Կիրովադադի և այլ քաղաքների հայկական ջարդերը, Ղարաբաղի ու Նախիջևանի հարցը, մանր «ընտանեկան վեճեր» են և պետք է մոռանալ ու թուրքերի օգնությամբ «կովկասյան մեր տունը» կառուցել: Թուրքամետները մոռանում են, որ պանթուրքիզմը վաղուց արդեն մշակել էր հայերին, որպես մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին ընկած խոչնդոտ, ոչնչոցնելու ծրագիր:
«Ռուսաստանը պետք է գնա այստեղից,-գրում էր Սարդարյանը «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում,-դա մեր ազգի ապագայի համար բախտորոշ ու փրկարար իրադարձություն է… Ռուսաստանը պետք է գնա, որ դուք ձեր հայրենիքը շենացնելու գործին նվիրվեք»:
Տեսնու՞մ եք, ինչ նրբանկատություն է ցուցաբերում նա` Ռուսաստանն է խանգարում «հայրենիքի շենացմանը» ժողովրդի նվիրվելուն:
Այդ քաղաքական մոլորյալնե՞րը, թե՞ ազգադավերը, այրելով Ռուսաստանի հետ կապող կամուրջները` միաժամանակ մերժում, դատապարտում էին մեր ժողովրդի արդարացի պահանջատիրական ձգտումները: Ցեղասպանության ճանաչման պահանջները համարելով աննպատակ ու անիմաստ, քարոզում էին թուրքահաճ գաղափարներ` հայտարարելով, որ մենք, փոխանակ ընդունելու մեր մեղքը, իզուր տեղ «քաղաքակիրթ» դարձած թուրքերին, ադրբեջանցիներին (Ա. Բլեյան) «հայհոյում, բարբարոսներ» ենք անվանում: Երևի թուրքերը Ռ. Իշխանյանի արձանի կողքին պիտի դնեն նաև Կ. Սարդարյանի և Ա. Բլեյանի անդրիները:
Ավելորդ չի լինի մեկ անգամ ևս ՀՀՇական այս տեսաբաններին հիշեցնել հայ ժողովրդի բարեկամ Գլադստոնի խոսքերը`«Չընդունել թուրքական ոչ մի խոստում, քանի որ դրանք ոչ մի արժեք չունեն և անօգուտ լինելուց ավելի վատ են: Նվազ իրազեկ որոշ մարդիկ ընկնում են մոլորության մեջ, ենթադրելով, որ թուրքական կառավարությունը կկատարի իր խոստումը»: Իսկ գերմանացի դոկտոր Ռորբախը գրել է, որ հայերին իրական օգնություն ցույց տալու գործում վճռական խոսքը պատկանում է Ռուսաստանին:
Հայ ժողովրդի այս նորահայտ «հոգևոր առաջնորդները» հիշողության կորուստի հետևանքով, թե՞ կանխամտածված, մոռացության են մատնում, որ հենց «երրորդ ուժի» շնորհիվ Արևելյան Հայաստանը, դուրս եկավ իր ողբերգական վիճակից, զարգացավ ու դարձավ արդյունաբերական, մշակույթային, գիտական ծաղկուն հանրապետություն, որպես համայն հայության հավաքական կենտրոն: Ահա թե ինչ է գրում այդ մասին Հովհ. Քաջազնունին, որն, անկասկած, ավելի լավ գիտեր այն ժամանակվա իրադրությունը, քան Ռ.Իշխանյանը և նրա կողմնակիցները. «1918-20 թվականներին մի անտանելի դրության մեջ խեղդվում էր Հայաստանը և նորից նրան փրկեց ռուսների վերադարձը: …Իրականութիւնը եկավ ցոյց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքում, որ իսկական դաշնակիցը- Ռուսաստանն է եւ Ռուսաստանի շնորհիւ է միայն, որ ՙՀայաստանի Հանրապետութիւն անունը այսօր չի ջնջուած, դուրս չի ձգուած աշխարհագրական քարտէսներից: …Հայաստանի միակ օրիանթասիօնը Ռուսաստանն է»: (Պահպանված է Քաջազնունու ուղղագրությունը:)
Հակառուսականները մոռանում են նաև, իր ամբողջ կյանքը հայերի ազատագրությանը անմնացորդ նվիրած, մեր ազգային հերոս Անդրանիկի խոսքերը. «Ըրեք ինչ կուզեք, բայց Ռուսիո դռները մեզի դեմ մի փակեք: Մենք շատ թշնամի ունինք արդեն, Ռուսիան էլ թշնամի մի ընեք մեզ»:
Դեռ 1912 թ., «Երեկվան պատմությունը և այսօրվա իրականությունը» հոդվածում, Թումանյանը Ռուսաստանի մասին գրում էր. «Մենք կյանքի փորձով գիտենք ու հավատում ենք էդ մեծ ուժին… և հավատում ենք, որ նա վերջ կդնի հայ ժողովրդի էս անվերջ կոտորածին, վայրենի ժողովուրդների անվերջ բարբարոսությանը, քաղաքակիրթ աշխարհքի էս անվերջ խայտառակությանը»:
Ինչպես մեր օրերում ՀՀՇ-ականները, այնպես էլ Թումանյանի ժամանակակիցներից ոմանք, ռուսական կողմնորոշումը ժխտելու փաստարկներից մեկը համարում էին այն, որ Ռուսաստանը Հայաստան է մտնում ոչ թե մեզ փրկելու համար, այլ որովհետև ինքն այստեղ շահ ունի: Թումանյանն այդ առթիվ գրում է. «Մարդիկ կլինեն, որ կառարկեն, թե էդ ամենը Ռուսաստանը արել է, կանի, որովհետև էդպես են պահանջում իր շահերը: Ես դրան կպատասխան եմ… Ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի և հայ ժողովրդի շահերը բռնում են իրար»:
Իշխանյանն, անտեսելով մեր հանճարեղ բանաստեղծի` ռուսական կողմնորոշմանը նվիրված այս և բազմաթիվ այլ ասույթներ, խեղաթյուրելով ու յուրովի մեկնաբանելով նրա առանձին մտքեր, հայտարարում է, թե իբր Թումանյանը 1918-20 թվականներին վերանայել էր իր տեսակետները և շրջադարձ կատարել կողմնորոշման իր համոզմունքներում: Հայոց մեծ բանաստեղծի մասին այս սխալ ու խեղաթյուրված տեսկետների դեմ ծավալուն ու փաստարկաված հոդվածով հանդես եկավ ԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը:
Հետաքրքիր է, որ հակառուսական տրամադրությունների դեմ վճռականորեն հանդես եկան նաև սփյուռքահայ, մասնավորապես Ամերիկայում ապրող, շատ մտավորականներ:
«…Հայ ժողովրդի ռուսական արեւելումը սոսկ միայն համակրանքի ու սենտիմենտալիզմի հարց չէր, այլ ազգային յարատեւման ու վերապրումի մարտավարություն` վարչա-տնտեսական և քաղաքական-մշակութային շահագրգռությունների խորին գիտակցումով»,- գրում էր դոկտոր, պրոֆեսոր Լ. Խաչերյանը «Armenian Lif» շաբաթաթերթում:
Չափազանց ուշագրավ ու հետաքրքիր էր նույն շաբաթաթերթում տպագրված, դոկտոր Գէորգ Պաղճյանի «Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին», որի մեջ նա արծարծում էր հանրապետության հետագա զարգացման տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում ռուսական կողմնորոշման հարցը:
«Անկախութիւն-արեւելում» ենթավերնագրի տակ նա հանգամանորեն շարադրում է իր տեսակետները` ազգային կողմնորոշման մասին: «Արեւելում չի նշանակեր ենթակայութիւն ոչ էլ անձնատուութիւն,- գրում է նա,- այլ բարեկամութիւն…»: Այնուհետև բերելով Ս. Վրացյանի 1927 թ. գրած խոսքերը`«Ի՛նչ էլ լինի ներկայումս իշխող ռեժիմը, Ռուսաստանը, ինչպես առաջ, ապագայում էլ պետք է լինի հայկական խնդրի կարեւորագոյն ազդակներից մեկը», նա ավելացնում է. «Պատմութեան հոլովոյթը մեզի կսովրեցնէ թէ աշխարհագրական մեր դիրքին մեջ, չենք կրնար կանգուն պահել անկախ Հայաստան մը առանց մեր ռուս հարեւանին բարեկամութեան»: Դիմելով հակառուսական հիստերիայի հեղինակներին՝ Դ-ր Պաղճյանը գրում է.
«Մեր պարագային որո՞ն կրնայինք վստահիլ… Փանթուրանական մշտարթուն նուաճողականության առջեւ իբր թումբ կը կանգնի Հայաստան:
Աւելորդ է նշել անշուշտ թէ Ամերիկայի կամ արեւմտեան այլ պետութեան մը պաշտպանութեան կամ հոգատարութեան մասին մտածելը ցնորք է եւ յիմարական երազ»: «Ուրեմն մեր շուրջը կը մնայ միայն Ռուսաստանը»:
Պաղճյանը մեր ազգային կողմնորոշմանն աղերսվող բոլոր հանգամանքները քննարկելուց հետո, իր նամակի այդ ենթաբաժինը եզրափակում է մի դիպուկ ու սուր նախադասությամբ, որի հետ չի կարելի չհամաձայնվել.
«Հերի՛ք պոռոտախոսները աջուահեակ յոխորտան»:
1996 թ. հունվարին Բեյրույթում ընդունված «Վասն համասփիւռքահայ քոնկրէսի» հայտարարություն-կոչի մեջ ասված է. «Հայը իրաւունք չունի մոռնալու պատմական այն ճշմարտութիւնը` որ երեք Հայաստաններէն միայն Ռուսահայաստանն է որ վերապրեցաւ մինչև այսօր…», «…արցախահայութիւնը և Հայաստան պիտի մնան Ռուսաստանի զինակիցն ու դաշնակիցը, անոր վստահելի բարեկամը Անդրկովկասի մեջ…»:
Բարեբախտաբար, հայ ժողովուրդը հավատարիմ է մնում պատմականորեն ճիշտ ընտրած իր ուղուն և մերժում պատեհապաշտների զանազան «հոխորտանքները»: Իսկ Ռ. Իշխանյանի և նրա կողմնակիցների սխալ տեսակետները, Հ. Քաջազնունու բառերով ասած, կարող են միայն «շփոթ գցել տհաս մտքերի մեջ, ոչ ավելին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել