Մի քանի օր առաջ անդրադարձել էի բանակի թեմայով անընդհատ ելույթներ ունեցող Ժաննա Ալեքսանյանի՝ իր իսկ խոսքերին հակասելուն։

Երեկ Ալեքսանյանի հերթական բոցաշունչ գրվածքն է լույս տեսել.

Ինչքան կարելի է գոյատևել այս համատարած կեղծիքի ու ստի մեջ։ ՊՆ համակարգը հաշվի չի առնում մի բան, որ ժամանակները փոխվել են, և այս կեղծ դրսևորումները մերժելի են հասարակության համար։ Հասարակական շարժումն ընդդեմ բանակում տեղ գտած բռնությունների ու մահվան դեպքերի ամեն պահի կարող է վերսկսվել և վերածվել անկառավարելի հզոր մի շարժման։

Սկզբնաղբյուր. «Առաջինին հավակնողները». www.lragir.am/armsrc/right58804.html

Վախեցե´ք, արյա´, էսա ուր որ է... Терпение азербайджанского народа не бесконе... Չէ, սպասե´ք, սա կարծես ուրիշ էր։ Սկսե՜լ ա։ Հաղթելո´ւ ենք։ Հիմա´, հիմ... Հմմմ, մի րոպե, սա էլ էն չէր։ Հիշեցի։ Մեջբերած տողերի հեղինակը պահանջող-մահանջողներից մեկն էր, որ Սերժին ներկայացրած ուլտիմատումը ստորագրել էր «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ անունից։

Բայց զավեշտը դա չէ...

Ժաննա Ալեքսանյանը, որը մեղադրում է պաշտպանության նախարարությանը կեղծավորության համար, սկսում է իր տեքստը հետևյալ խոսքերով.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և համակարգի այլ պաշտոնատարներ իրենց հրապարակային ելույթներում հայտարարում են, որ առաջինն են ցավում զինվորի մահվան դեպքերով։ Թողնենք մի կողմ այն, որ իրականում երբևիցե հրապարակային ցավակցական խոսք չենք լսել բանակի ղեկավարության կողմից խաղաղ պայմաններում զոհված զինվորների մահվան դեպքերով, անգամ, եթե միանգամից զոհվել են մի քանի զինվորներ, բայց, եթե դուք առաջինը ցավակցողի հավակնությունն ունեք, ապա պարտավոր եք գոնե տեսանելի մեկ քայլ անել զինվորի կյանքը փրկելու համար։

Մեղադրանք համար մեկ. «Իրականում երբևիցե հրապարակային ցավակցական խոսք չենք լսել բանակի ղեկավարության կողմից»։ Հարց. չեք լսել թե՞ չեք ցանկացել լսել։ Որովհետև պաշտպանության նախարարությունը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն ցավակցել է զոհերի հարազատներին։ Օրինակ.

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։ Սկզբնաղբյուր

Կամ սա. Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում Տարոն Ենգիբարյանի հարազատներին։ Սա էլ. Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին։

Ալեքսանյանի երկրորդ մեղադրանքը. «եթե դուք առաջինը ցավակցողի հավակնությունն ունեք, ապա պարտավոր եք գոնե տեսանելի մեկ քայլ անել զինվորի կյանքը փրկելու համար»։

Ո՞վ ասաց, որ տեսանելի քայլեր չեն արվում։ Վերջին ամիսների ընթացքում տասնյակ ծառայողների հետ եմ խոսել։ Ոչ պաշտոնական շփման մասին է խոսքը. զրուցել եմ արձակուրդ եկած զինվորների, զորամասերից զանգող ընկերներիս հետ։ Հաստատ գիտեմ, որ լիքը բան է արվում. զինվորի վրայի բառացիորեն ամեն կապտուկի համար սերժանտից սկսած վաշտի հրամանատարով վերջացրած բացատրագրեր են գրում։ [Ու սա էլ արդեն հասել է այլ ծայրահեղության. զորամասում զինվորին արգելում են, օրինակ՝ ըմբշամարտով զբաղվել, որպեսզի հանկարծ կապտուկ կամ քերծվածք չլինի վրան, «շառի տակ չընկնեն»]։

Արդյո՞ք այդ մասին չգիտի դատախազական պաթոսով մեղադրանքներ շպրտող Ալեքսանյան Ժաննան։ Եթե չգիտի, ապա ինչո՞ւ է անդադար խոսում մի բանից, որից անտեղյակ է։ Իսկ եթե գիտի արվող քայլերի մասին, բայց շարունակում է պնդել, որ բան չի արվում, ապա նշանակում է, որ սովորական ստախոս է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել